Երաժշտություն առանց սահմանների
Օգոստոսի 24-27-ին վրացական Ծերակվի գյուղում չորրորդ անգամ կայացել է One Caucasus փառատոնը: Դրա նպատակը կովկասյան տարածաշրջանի երաժիշտների և արտասահմանյան կատարողների համար տարածք ստեղծելն է: Փոքր փառատոնային քաղաքում, որը կառուցել են ողջ աշխարհի կամավորները, երաժիշտների և պարողների համերգներ և պերֆորմանսներ կայացան:
Ճարտարապետներն, արտիստներն ու համակարգողները Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Նիգերիայից, Ռուսաստանից և այլ երկրներից հայրենի վայրերում թողել էին ընտանիքները, բնակության հարմարավետ և սովորական միջավայրը և եկել էին Մառնեուլիի շրջանի փոքր հեռավոր գյուղ, որը գտնվում է միանգամից երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գոտում: Նրանք փառատոնին պատրաստվել էին երեք շաբաթ, ծրագիր կազմել, վորքշոփեր կազմակերպել տեղի բնակչության համար:
Փառատոնի անցկացման համար այդ վայրը Մառնեուլիի շրջանում պատահական չէ ընտրվել: Շրջանի 72 գյուղերից 51-ը բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով, 11-ը՝ հիմնականում հայերով, 8-ը՝ վրացիներով: Չնայած ծանր պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղի բնակչությունն ապրում է հաշտ ու համերաշխ:
Էլենեն փառատոնի հիմնադիրներից մեկն է, նա հույս ունի, որ հարաբերություններում դրական փոփոխություններ կարելի է մտցնել համագործակցությամբ և փոխըմբռնումով:
«Մենք հրավիրում ենք բոլորին՝ երաժիշտներին, տարբեր երկրների ներկայացուցիչներին, տեղի բնակչությանը, վիճալի տարածքներում ապրող մարդկանց փոխըմբռնման հասնելու համար: Նրանք միմյանց հետ կարող են կիսել ամեն ինչ՝ մտքեր, գաղափարներ, երաժշտություն, սնունդ: Ձգտում ենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի մարդկանց մոտ միմյանց հետ շփվելու ցանկություն առաջանա: Հավատում եմ, որ կարծրատիպերը, միմյանց հանդեպ սկզբնական բացասական տրամադրվածությունը կարելի է սկսել կոտրել հենց այս ճանապարհով, և մարդիկ միմյանց մեջ մարդ կտեսնեն որպես անհատներ, այլ ոչ թե իրենց պետությունների ներկայացուցիչներ»:
Ճարտարապետները, շինարարների թիմի հետ ուս-ուսի տված, դատարկ վայրում փառատոնային ավան են կառուցում:
Շաֆակը ( ձախից առաջինը) Ադրբեջանից եկած կամավորների համակարգողն է: «Առաջին անգամ ես այստեղ եմ եկել 3 տարի առաջ: Եվ այստեղ առաջին անգամ հայի հետ ծանոթացա: Շատ տարօրինակ զգացողություն ունեի, սակայն վերջում շատ լավ ընկերացանք և այժմ կապը պահում ենք: Այդ պատճառով էլ հավատում եմ, որ One Caucasus-ն ունակ է ավելի շատ բան անել, քան խաղաղության ամրապնդմանն ու հակամարտությունների փոխակերպմանը նվիրված նախագծերը:
Կամավորների մեծ մասն այս տարի եկել է Հայաստանից և Ադրբեջանից: «Մինչ այս երբեք հայի չէի հանդիպել: Սկզբում ես նրանց հանդեպ բացասաբար էի տրամադրված, որոշակի վախ կար: Երբ եկա այստեղ, պարզվեց, որ հայերի մոտ մեր հանդեպ նույնպիսի կարծրատիպեր կան: Այդ պատճառով էլ ես հիմա հասկացա, որ այդ ամենը պայմանավորված է մեզ վրա քաղաքականության ազդեցությամբ և ոչ մի ուրիշ բանի: Նրանում, ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, իմ նոր ընկերներից ոչ ոքի մեղադրել չի կարելի», — ասում է Ռաշիդն Ադրբեջանից:
Անուշը կամավոր է Հայաստանից, հիշում է իր առաջին տպավորությունները, որոնք ստացել է տեղի ադրբեջանական գյուղում անցկացված վորքշոփի ընթացքում: «Քանի որ ընդհանրապես պատկերացում չունեի, թակեցի տներից մեկի դուռը: Սուրճ հյուրասիրեցին, առաջարկեցին հյուրընկալվել իրենց մոտ, ցնցող հյուրընկալություն ցուցաբերեցին: Ուշադրություն չդարձրին ազգությանս վրա, ես նրանց համար ընդամենը հյուր էի: Ես շփոթվեցի, հիշեցի ադրբեջանցիների մասին իմ կարծրատիպային պատկերացումները: Այստեղ բախվեցի իրականությանը, որը բոլորովին այլ էր: Ես լաց եղա».
Փառատոնի նախապատրաստմանը մասնակցում էին նաև տեղի բնակիչները: Ազիզը ողջ իր ազատ ժամանակն անցկացնում էր փառատոնային ավանում և ամեն ինչով օգնում կազմակերպիչներին:
Լենան օգնում է խոհանոցում:
Մոտակա գյուղերի բնակիչներն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին փառատոնին:
Այն վայրի շրջակա տարածքը, որտեղ անցկացվում էր փառատոնը, հանգստի համար հիանալի վայր էր:
Երեկոյան մարդաշատ էր: Ամենուր մարդիկ պարում էին, ծանոթանում միմյանց հետ՝ չթաքցնելով այդ անկրկնելի օրերից ստացած հաճույքը:
Գլխավոր բեմը դարձավ երաժշտական փորձարկումների վայր: Զուրան՝ վրացական Flight mode խմբի կիթարահարը նվահում է կիթարչելոյի վրա:
Երիտասարդ արտիստները բեմ են բարձրանում
Փառատոնի կարևորագույն մասերից մեկը միջազգային երաժշտական կոլաբորացիան էր: Լեհական Psio Crew խումբն ու վրացական «Գորդելան» համատեղ համերգ են անցկացնում, որում լեհական և վրացական ֆոլկը լրացնում են միմյանց:
Natig Rhythm Group-ը (Ադրբեջան) Masala Soundsystem-ի հետ համատեղ (Լեհաստան) անմոռանալի համերգ տվեցին:
«Երաժշտությունն իրոք սահմաններ չի ճանաչում: Ոչ մի նշանակություն չունի ոչ մաշկի գույնը, ոչ ազգությունը, ոչ կրոնը: Դա հասկացան բոլորն, ովքեր մասնակցում էին փառատոնին՝ արտիստները, կամավորները, կազմակերպիչները, մենք բոլորս պետք է համագործակցենք և միմյանց հետ կապ պահպանենք: Եվ հենց դա էր One Caucasus փառատոնի գլխավոր և գեղեցիկ արդյունքը», — ասաց փառատոնի համահիմնադիր Էլենեն: