Երազանք՝ 4 տարի անց
Սեպտեմբեր է: Նոր ուսումնական տարին սկսվել է: Թբիլիսիի կենտրոնական փողոցների մեծ մասն աշխուժացել է, ինչ-որ տեղ ծածկն են փոխում, ինչ-որ տեղ կոյուղին են սարքում կամ նոր ջրանցք անցկացնում:
Քաղաքի բազմաթիվ հատվածներում կարելի է աշխատակիցների տեսնել, ովքեր շենքերի ճակատային հատվածում հսկայական վահանակներ կամ փողոցային լուսավորության սյուների միջև պաստառներ են տեղադրում.
«Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն»
«Նոր ավյունով՝ Վրաստանի առաջընթացի համար»
«Դեպի ազատություն»
Թբիլիսիում տեղաշարժվելն առանց այդ էլ հեշտ չէր խցանումների պատճառով, այժմ գումարվել է նաև համատարած վերանորոգման աշխատանքը, և տեղաշարժվելը բոլորովին անհնար է դարձել:
Իշխանությունները կարծես հենց սեպտեմբերին են հիշել անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու մասին. քաղաքը փոշոտ է, ներկի հոտ է գալիս:
Վրաստանը նախընտրական տենդի մեջ է: Հոկտեմբերի 8-ին երկրում նոր խորհրդարան կընտրվի: Ընտրություններում հաղթած կուսակցությունը կառավարություն կհավաքի և երկրի առաջին դեմք՝ վարչապետ կնշանակի: Այդ պատճառով էլ մահացու պայքար է գնում:
4 տարի առաջ անցկացրած խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար աննախադեպ էին. պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը փոխվեց ընտրության ճանապարհով: «Վրացական երազանք» կոալիցիան, որը գլխավորեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, վերջակետ դրեց Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության 9-ամյա կառավարմանը:
Այն ժամանակ 2012թ-ի հոկտեմբերի 1-ին, երբ հայտարարվեցին ընտրույթունների նախնական արդյունքները, Թբիլիսիում տոն էր: Մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում մեքենաների ազդանշանները չէին լռում, մեքենաների վրա կապույտ դրոշներ էին ամրացրած՝ «41» թվով. այս թվի ներքո էր Իվանիշվիլիի կոալիցիան մասնակցել ընտրություններին: Այն ժամանակ ընդդիմություն հանդիսացող «Վրացական երազանքը» զգալի տարբերությամբ ընտրությունները հաղթեց հենց մայրաքաղաքում:
Առաջին իսկ նախընտրական հանրահավաքին Թբիլիսիի Ազատության հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին: Նման մարդաշատ հանրահավաք Թբիլիսիում չէր եղել վարդերի հեղափոխությունց հետո, և հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ մայրաքաղաքը կսատարի «Վրացական երազանքին»:
«Հանրահավաքին ողջ թաղով գնացինք: Դրոշներով ու պաստառներով: Բիձինա Իվանիշվիլիին էինք նայում որպես փրկչի, ով վերջակետ կդնի «Ազգային շարժման» դաժան կառավարմանը: Ընկերոջս առանց պատճառի բռնել էին: Նմանատիպ շատ դեպքեր կային: Մարդիկ վախենում էին փողոց դուրս գալ: Առանց պատճառի նստեցնում էին», — խատմում է 39-ամյա Օթո Խ.-ն:
Օթոն պոլիտեխնիկական համալսարանն է ավարտել, կապի մասնագետ է, չնայած որ ըստ մասնագիտության երբեք չի աշխատել: Աշխատանք չի կարողացել գտնել նաև «Վրացական երազանքի» կառավարման քառամյա ժամանակահատվածում:
«Ես հուսահատ աջակցում էի «Վրացական երազանքին»: 2012թ-ին ընկերներով հանրահավաքների ենք մասնակցել անգամ Քութայիսում ու Բաթումում… Սակայն այժմ լռում եմ, երբ ասում են՝ «Սա՞ էր քո Երազանքը»: Պարզվեց՝ պայքարել եմ Խադուրիի և Նարմանիայի կուշտ կյանքի համար, որ նրանք կարողանան հավելավճարներ ստանալ», — բողոքում է Օթոն:
Թբիլիսցիներն իրոք սպասում էին, որ միլիարդատերն ու նրա թիմը լուրջ փոփոխություններ կմտցնեն երկրում: Առաջին հերթին հույս ունեին, որ նոր աշխատատեղեր կհայտնվեն, կոմունալ ծախսերը կկրճատվեն, վարկերն առանց տոկոսադրույքի կլինեն: Այդ ամենը խոստացվել էր «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրում:
Այդ պատմական ընտրություններից 4 տարի է անցել: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակահատվածում: Այս հարցով դիմեցինք թբիլիսցիներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններին մասնակցելու համար 11 կուսակցություն է գրանցել: Ընտրատարածք քվեարկելու եկած քաղաքացիները խայտաբղետ քաղաքական բազմազանության են բախվելու: Սկսած եվրատլանտյան ուղղվածության կուսակցություններից, ավարտած Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու կողմնակիցներով: Կան նաև ազգային արժեքների, հավատի և ուժի ջատագովներ, ովքեր պահանջում են օրինականացնել մարիխուանան:
Չնայած այսպիսի բազմազանությանը՝ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընտրողն անտարբեր է ու շփոթված:
Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ հուլիսին ընտրողների 57 տոկոսը դեռ չէր կողմնորոշվել, թե ում է ընտրելու: Թբիլիսիում նման չկողմնորոշվածները կազմում էին 52 տոկոս, ինչը գերազանցում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների պայմանական ընդհանուր վարկանիշը:
Ի տարբերություն 2012թ-ի, երբ երկիրը հստակ բաժանվեց «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» համակիրների, այսօր նման տարբերակում չկա: Ընտրողը կորցրել է հետաքրքրությունը երկու ուժերի հանդեպ էլ:
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին «չկողմնորոշված ընտրողներին» իշխանությունների խնդիրն է համարում:
«Այդ շերտի առկայությունը վկայում է, որ իշխանությունները մարդկանց դուրը չեն գալիս: Արժե, որ «Վրացական երազանքն» ուշադրություն դարձնի դրան: Դա ներկա ընտրական ցիկլի գլխավոր խնդիրն է», — համարում է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ «չկողմնորոշվածների» ձայները ստանալու լավագույն շանսերն ունեն այսպես կոչված «երրորդ ուժերը», այլ ոչ թե գլխավոր խաղացողներ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը»:
«Ընտրողը չի վստահում ներկա քաղաքական էլիտային: Նա փաստացի ասում է, որ մեր իշխանությունները վատն են, իսկ ընդդիմությունն՝ առավել ևս: Նա նոր ընտրություն է ուզում, նոր առաջնորդներ, որոնք ծանրացած չեն քաղաքական անցյալով», — հայտարարել է Խուխաշվիլին «Նեթգազեթիին»:
Այն, որ ընտրողներն ընտրություններից առաջ չեն կողմնորոշվել, թե ում ընտրել, ոչ միայն «վատ քաղաքական էլիտայի» «ձեռքի գործն է», կարծում է քաղաքագետ Գիա Նոդիան:
Նրա կարծիքով, դա խոսում է այն մասին, որ վրացական ընտրազանգվածը նույնպես չի կարողացել աճել և քաղաքական մշակույթի համապատասխան մակարդակի հասնել:
«Քաղաքական էլիտան երկնքից չի ընկնում, այն ժողովրդի մաս է, համեմատաբար ակտիվ հատված, և ոչ մի ավել բան: Եթե մեծ մասը չի կողմնորոշվել ընտրության հարցում, դա միայն նշանակում է, որ նրանք չգիտեն՝ ինչ են ուզում: Նրանք նոր մեսիայի են սպասում, քանի որ նախկին մեսիաները (Միշան ու Բիձինան) հույսերը չարդարացրին: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ 57 տոկոսը հասկանա, որ մեսիա չի լինելու: Պետք է ընտրել հիմա գոյություն ունեցող կուսակցությունների շրջանակից»:
Ընտրություններին 2 շաբաթ է մնացել: Թբիլիսցիները քիչ ժամանակ ունեն որոշելու, թե ում վստահել երկրի ճակատագիրը:
2012թ-ի փորձը հաշվի առնելով՝ շատերը սպասում են, որ բնակչությանը «կօգնի» ընտրություն կատարել Բիձինա Իվանիշվիլին: Այսինքն հանկարծ կարող է «բանտային տեսանյութերի» պես մի բան ի հայտ գալ: Չէ՞ որ այն ժամանակ ընտրությունների ելքը կանխորոշեցին բանտարկյալների հանդեպ ծաղրանքների գաղտնի տեսագրությունները, որոնք հրապարակվեցին ընտրություններից 12 օր առաջ: Շատերը կարծում են, որ հենց այդ կադրերը կանխորոշեցին ընտրությունների ելքը:
Բանտերում ծաղրանքների թեման արդիական է նաև այս ընտրություններին: Պարզապես այս անգամ ընտրողին ոչ թե գաղտնի տեսագրություն է առաջարկվում, այլ գեղարվեստական ֆիլմ:
«Իմեդի» իշխանամետ հեռուստաընկերությամբ Գոգի Խայինդրավայի «Խերոկրատիա» բազմասերիանոց ֆիլմըն է ցուցադրվում: Այն ներկայացնում է Սահակաշվիլիի կառավարման տարիներն ու բռնության տեսարաններ է պարունակում:
Նման ֆիլմ ստեղծելու գաղափարը Բիձինա Իվանիշվիլիինն է: նա էլ հենց ֆինանսավորել է ֆիլմի նկարահանումները: Պրեմիերայի օրն ըստ ամենայնի պատահական չէ ընտրված՝ նախընտրական ժամանակահատվածը:
Պարզ հաշվարկ է. հիշեցնել հասարակությանը, որ «Ազգային շարժման» կառավարման ժամանակ բանտարկյալներին բանտերում խոշտանգել են, համատարած խախտվել են մարդու իրավունքները:
Մենք Օթոյին հարցրինք՝ արդյոք նայում է «Խերոկրատիան».
«Երկու սերիա նայեցի, դրանից ավել չկարողացա: Շատ ծանր ֆիլմ է: Ինչո՞ւ նայեմ: Առանց այդ էլ շատ լավ ամեն ինչ հիշում եմ: Ուզում եմ պարոն Իվանիշվիլիին մի հարց տալ. այն, որ նման ֆիլմ են նկարել ու ցույց են տալիս, մի բան է, բայց գոնե մեկը պատժվե՞ց բանտերում այդ դեպքերի համար: Այժմ դա կոմպրոմատ է ոչ միայն «Ազգային շարժման» դեմ»:
19.09.2016