Ադրբեջանի կառավարությունը 10 հազար եվրո կվճարի երկու լրագրողի՝ նրանց ազատության սահմանափակման համար
Սեպտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռները տեղաշարժի ազատության սահմանափակման մասին ադրբեջանցի երկու հայցվորի՝ հրապարակախոս Ռասիմ Հարաջի (Նասիրով) և լրագրող Թուրալ Ասադլիի բողոքների վերաբերյալ։ Նրանց ելքը երկրից արգելվել էր Meydan.TV առցանց ալիքի դեմ քրեական գործի առնչությամբ, քանի որ նրանք համագործակցել էին այդ ընդդիմադիր ալիքի հետ։
Բողոքներում բարձրացվում էր իրավունքների խախտման հարցը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի №2 արձանագրության 4-րդ հոդվածի (ազատ տեղաշարժի իրավունք) և կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավաբանական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք) համաձայն։
Կառավարությունը, վկայակոչելով ՄԻԵԴ նմանատիպ գործերով նախադեպային վճիռները, խոստովանել էր հայցվորների իրավունքների խախտումները և պատրաստակամություն հայտնել նրանց 5 հազարական եվրո վճարել, հաղորդել է ՄԻԵԴ-ում հայցվորների շահերը ներկայացնող փաստաբան Զիբեյդա Սադիղովան։
Ընդ որում, 2019 թ-ի մայիսին կառավարությունը չեղարկել էր արտասահման մեկնելու նրանց իրավունքի սահմանափակումը։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ն էլ չի քնելու գործը՝ հաշվի առնելով փոխհատուցման գումարի մասին կողմերի համաձայնությունը։
Ադրբեջանի իշխանությունները զանգվածաբար սկսել էին արգելել լրագրողներին և ակտիվիստներին արտասահման մեկնել 2014 թ-ից։ Մասնավորապես, արգելք էր սահմանվել ավելի քան 30 անձանց՝ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների, Meydan TV-ի և «Ազատություն ռադիոկայանի» հետ համագործակցող լրագրողների նկատմամբ։
Չնայած նրան, որ այդ կառույցների դեմ քրեական գործերում նրանք որպես վկա էին ներգրավված, օրենքի խախտմամբ նրանց արգելվել էր լքել Ադրբեջանը։ Այդ սահմանափակումները չեղարկվել էին միայն 2019 թ-ին։ Սակայն որոշ լրագրողների և ակտիվիստների նկատմամբ դրանք դեռևս պահպանվում են։
• Ադրբեջանը 20 հազար եվրո կվճարի լրագրողներին նրա իրավունքների խախտման համար