«Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը»․ Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանի զեկույցը
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ», այն ռազմական հարձակում է, որը «խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը»: Այս մասին ասվում է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույցում։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ քանի դեռ միջազգային կառույցները պատասխանատվության գին չեն սահմանել Բաքվի համար, ընդունված նմանատիպ փաստաթղթերն Ադրբեջանի վրա կարող են թողնել միայն իմիջային ազդեցություն։
Եվրախորհրդարանի զեկույցի մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից»
Եվրախորհրդարանն այս կոչն ուղղել է Ադրբեջանի իշխանություններին՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը։
Անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին։ Ընդգծվել է, որ «արդյունավետ լինելու համար» խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք կերաշխավորեն՝
⦁ Հայաստանի տարածքային ամբողջականությունը,
⦁ Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը,
⦁ փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ։
Զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը:
«Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը։
Եվրախորհրդարանի գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար: Դա, ըստ կառույցի, վերջին տարիներին երկրում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունք է։
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանում հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարին։ Եվրախորհրդարանը կառավարությանը խրախուսում է շարունակել բարեփոխումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և դատական անկախության համար՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և այն մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրը։
Պատգամավորները ողջունել են լրատվամիջոցների ազատության ուղղությամբ բարելավումները, բայց նաև շեշտել, որ մեդիա միջավայրը դեռևս բևեռացված է։ Մտահոգություն են հայտնել լրագրողների նկատմամբ ատելության խոսքի և ֆիզիկական բռնության դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև կոչ արել ջանքեր գործադրել ոլորտի բազմազանության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Նշել են, որ ոչ մի միջոց չպետք է հանգեցնի լրագրողների կամ խոսքի ազատության սահմանափակումների։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հիշեցնում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման դադարեցման վերաբերյալ վերջին երկու ամիսներին եղել են բազմաթիվ հայտարարություններ, Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև։ Նրա խոսքով՝ միայն դիվանագիտական գնահատականներն Ալիևի վրա չեն ազդում։ Կարծում է՝ նոր զեկույցն Ադրբեջանի վրա ընդամենը իմիջային ազդեցություն կարող է ունենալ, ոչ ավելին։
«Հստակ ու պարզ է վիճակը։ Կամ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի դեմ, կամ նա համոզվի, որ շրջափակման ենթարկելով Լաչինը կամ օկուպացված պահելով Հայաստանի տարածքները, քաղաքական այնպիսի գին է վճարելու, որ վերանայի իր վարքագիծը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ քանի դեռ միջազգային կառույցները պատասխանատվության գին չեն սահմանել Բաքվի համար, ընդունված փաստաթղթերը շատ մեծ արդյունք չեն տալու։
Ասում է՝ նման գին կարող են լինել ինչպես պատժամիջոցները, այնպես էլ տարբեր բնույթի սահմանափակումները։
Անդրադառնալով սեպտեմբերյան ռազմական գործողություններն օկուպացիա որակելուն և այդ ագրեսիան ԼՂ-ի հակամարտության հետ չկապելուն՝ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ իրերն իրենց անունով կոչելը դրական է։ Մյուս կողմից նկատում՝ մոտ ապագայում ադրբեջանական կողմն այդ տարածքներից դուրս չի գա, հատկապես այն դեպքում, երբ պատժամիջոցների տակ ընկնելու մտավախություններ չունի։
«Այնտեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, դիրքեր են կահավորում։ Միջազգային որևէ կառույց, աշխարհաքաղաքական որևէ կենտրոն Ալիևի համար չի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նա հարկադրված լինի հեռանալ այդ տարածքներից»,- ընդգծել է նա։
Խոսելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ զեկույցում առկա շեշտադրումների մասին՝ Սուրենյանցը նշել է՝ հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի հայերի իրավունքների ու անվտանգության թեմայից տարանջատելն ի սկզբանե Բաքվի օրակարգն է եղել, որին համաձայնություն է տվել նաև պաշտոնական Երևանը։ Ինքը՝ քաղաքագետը նման տարանջատումը վտանգավոր է համարում․
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանագրում կամ փաստաթղթում գոնե պետք է նշում լինի այն մասին, որ ստեղծվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ։ Եթե մեծ պայմանագրում այդպիսի նշում չեղավ, Բաքուն չի ունենալու Ղարաբաղի ժողովրդի համար նվազագույն պայմաններ ապահովելու որևէ պայմանագրային պարտավորություն»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հայկական դիվանագիտությունը պետք է փորձի օգտվել զեկույցի բարենպաստ համատեքստից։ Ըստ նրա՝ դա պահանջում է հետևողական աշխատանք, բայց «արագ արդյունքներ» չեն լինելու։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Եվրախորհրդարանի զեկույցը