Եվս երկու սողանք Բավում մեկ օրում․ փլուզվել է մեկ տուն, իջվածք է առաջացել կառուցվող տան դիմացի ասֆալտի վրա
Բաքվի Բադամդար ավանում տեղի ունեցած սողանքից հետո Բաքվում ևս երկու սողանք է տեղի ունեցել, երկուսն էլ՝ նույն օրը։ Առաջինը՝ Բայիլ ավանում, որի հետևանքով բնակելի տուն է փլուզվել, իսկ հարևան տների պատերին ճաքեր են առաջացել։ Երկրորդը՝ քաղաքի կենտրոնում․ մայթի վրա 60 մ իջվածք է առաջացել։
Բայիլ ավանը (ինչպես և Բադամդարը) սողանքների հակում ունեցող տարածքների թվին է պատկանում, և նման բան այստեղ պարբերաբար տեղի է ունենում։ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հաղորդում է, որ Բայիլ ավանում սողանքը տեղի է ունեցել տեխնածին պատճառներով․ տարածքը գտնվում է բարձր լանջի վրա, որտեղ փուխր բնահողի վրա տներ են կառուցվել։ Բացի այդ հողը մշտապես խոնավացել է կոյուղաջրերի հաշվին և չի դիմացել ծանրաբեռնվածությանը։
Սա այսպես կոչված «Բայիլյան սարի» լանջն է։ Յուրաքանչյուր տարի անձրևների սեզոնին այստեղ սողանքներ են տեղի ունենում։ Այնուամենայնիվ, լանջին կրկին ու կրկին մեկհարկանի ինքնաշեն տներ և մեծ «վիլլաներ» են հայտնվում, ինչպես դրանք անվանում են տեղացիները։ Բադամդարում տեղի ունեցած առաջին սողանքի օրը փլուզման վայրից բառացիորեն հարյուր մետր հեռավորության վրա շարունակվում էր շինարարությունը։ Հոտը հաստատում էր այն վարկածը, որ քաղաքային կոյուղուց հեռու կառուցված տների կոյուղաջրերն անմիջապես հողն են լցվում։
Կանոնների համաձայն՝ հողատարածքների վաճառքի և տների շինարարություն թույլտվություն տրամադրելու համար պատասխանատու է գույքի հարցերով պետական կոմիտեն գործադիր իշխանության հետ միասին։ Սակայն Բադամդարի դեպքից հետո հարց ծագեց, թե ինչպես են այդ հատվածում այդքան ապօրինի շինություններ հայտնվել, պաշտոնյաներն ասում էին, որ դրա համար պատասխանատու են ինչ-որ վերացական «անձինք, որոնք ինչ-որ ժամանակ առաջ վտանգավոր տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվություն են տրամադրել»։
Ինչ վերաբերում է մայթին, որի վրա իջվածք է առաջացել, ապա դրանից ոչ հեռու բազմահարկ շենք է կառուցվում։ Ընդ որում, շինարարության նորմերը չեն պապանվել․ բացակայել է կրող պատը, ճանապարհն անկայուն է դարձել։ Անձրև է հորդացել, արդյունքում սողանք է տեղի ունեցել։ Այսպիսի բացատրություն է տվել կատարվածին ավտոմոբիլային ճանապարհների գործակալության ներկայացուցիչ Անար Նաջաֆլին։ Այսինքն՝ արդյունքում մեղավորները կառուցապատող ընկերությունն ու անձրևն են։
Մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում այդքան սողանքները սոցցանցերում զայրույթի և հեգնանքի առիթ են դարձել․
«Երբ են, ի վերջո, սողանքի ենթարկվելու այն չինովնիկները, որոնք նման կերպ փող են լվանում»։
«Եթե այսպես շարունակվի, շուտով ամբողջ քաղաքը «կնստի»»։
«Բաքուն պատրաստվում է սողալով ջուրը լցվել»։
«Պետք է դադարեցնել բարձրահարկ շենքերի շինարարությունը, վերանորոգել քաղաքի կոյուղագիծը, այն հատվածներում ջրահեռացնող համակարգեր կառուցել, որտեղ ստորգետյնա գետեր կան, այլապես ժամանակի ընթացքում քաղաքը փլատակների կվերածվի»։