Ես վախենում եմ խոսել
Մի քանի օրվա ընթացքում սոցցանցերում #Եսչեմվախենումասել հաշթագով սեքսուալ բռնության վերաբերյալ կանանց հարյուրավոր ահասարսուռ պատմություններ հայտնվեցին: Ակցիան, որի նպատակն է հիմնականում չբարձրաձայնվող խնդրի մասին խոսել, կազմակերպել է ուկրաինական «Ժիլա» ամսագրի խմբագիրն ու հասարակական ակտիվիստ Անաստասիա Մելնիչենկոն:
«Ուզում եմ, որ այսօր խոսենք մենք՝ կանայք: Որպեսզի խոսենք բռնության մասին, որը վերապրել է մեծամասնությունը: Ես ուզում եմ, որ մենք չարդարանանք. «Ես սպորտային հագուստով էի օրը ցերեկով, սակայն ինձ վրա միևնույն է հարձակվեցին»: Քանի որ մենք չպետք է արդարանանք: Մենք մեղավոր չենք, ՄԻՇՏ մեղավոր է բռնություն գործադրողը: Ես չեմ վախենում խոսել: Ես ինձ մեղավոր չեմ զգում», — հուլիսի 5-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անաստասիա Մելնիչենկոն:
• Թուրքիա. կանանց սպանություններն ու նրանց հանդեպ բռնույթունն աճում է
• Տղամարդիկ և ալկոհոլը. ո՞ր ռեստորաններ չեն գնում կանայք Ադրբեջանում և ինչո՞ւ
• Կանայք Հայաստանում հետաձգում են երեխայի ծնունդը՝ սոցիալական վիճակից ելնելով
Օզգեջանի հիշատակին
Սա նման առաջին ֆլեշմոբը չէ: 2015թ-ի փետրվարի 11-ին Թուրքիայում սպանվեց 20-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանը: Տեսնելով, որ ավտոբուսի սրահում միայն մեկ ուղևորուհի է մնացել, վարորդը փորձել է բռնաբարել աղջկան: Վերջինս դիմադրել է, և վարորդը սպանել է նրան՝ դանակի մի քանի հարված հասցնելով:
Թուրքիայում կանանց հանդեպ սեքսուալ ոտնձգության և բռնության #sendeanlat վերաբերյալ հաշթագը (պատմիր քո պատմությունը), որը Թվիթերում հայտնվեց կատարվածից հետո, համաշխարհային թրենդի վերածվեց:
Օզգեջան Ասլանի թաղմանը 5 հազար մարդ էր հավաքվել ողջ Թուրքիայից: Խախտելով իսլամական ավանդույթները՝ կանայք ինքները տարան դագաղը: Թուրքիայի շատ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին: «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս Մի՛ լռիր հանուն Օզգեջանի հիշատակի: Ասա՛ «ոչ» կանանց հանդեպ բռնությանը» պաստառով:
Կանանց հանդեպ բռնությունը մարդու իրավունքների՝ աշխարհում ամենատարածված խախտումն է: Սեռական հատկանիշով խտրականությունը, ընտանեկան տեռորը, սեքսուալ ոտնձգությունները հասարակությունից ամենաշատը թաքցվող խնդիրներն են, քանի որ բարձրաձայնումը զոհին է հենց հարվածի տակ դնում: Շատերն են հարցադրում անում. «Ինչպե՞ս կարող է Ֆեյսբուքի ակցիան օգնել կանանց», — թերագնահատելով այն փաստը, որ սեքսուալ և կենցաղային բռնության զոհերը հիմնականում տարիներով ամեն ինչ թաքցնում են՝ վախենալով հասարակության քննադատությունից:
• Թուրքիայում չհաջողվեց օրինականացնել մանկապղծությունը
• Տղամարդիկ ավելի լավ դաստիարակներն են, քան կանայք: Ապացույցներ՝ վրացի ստաժով babysitter-ից
«Ների՛ր, քույրս»
«Ես նույնպես ասելիք ունեմ: Սակայն պարզվեց, որ դա շատ դժվար է: Ինձ՝ 40-ամյա կնոջ համար, դժվար է պատմել: Մի տասն անգամ գրեցի-ջնջեցի: Այն հիշողությունները, որ երբ 9-ը տարեկան ես, քո հանդեպ ոտնձգություն է թույլ տվել հասուն տղամարդը, սպանում է քո ամբողջ ներքին աշխարհը: Թվում է, թե դա վաղուց է եղել: Կարծես տասնյակ դեպքեր են լինում, երբ վախից հնազանդ ոչնչի ես վերածվում, սակայն հենց 9 տարեկան աղջկա վախն է մնում ողջ կյանքում», — ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի կանանց կրիզիսային կենտրոնի նախկին ղեկավար Մաթանաթ Ազիզովան՝ կոչ անելով ադրբեջանցի կանանց միանալ ֆլեշմոբին:
Սակայն սոցցանցերում դեռևս ոչ մի պատմություն չկա #mendanishmagdangorxmuram հաշթագով: Դա զարմանալի էլ չէ: Ադրբեջանական հասարակությունը տեղի ունեցածում սովոր է մեղադրել բռնության զոհ դարձած կնոջը: Սակայն Ֆեյսբուքի ռուսախոս սեգմենտը ակտիվորեն աջակցում է նախաձեռնությանը, և բոլորի համար անակնկալ էր, թե որքան շատ են Ադրբեջանում, օրինակ, բռնության դիմող տաքսու վարորդները:
Պատմություններից մեկում տաքսու վարորդը վախեցել էր, հասկանալով, որ զոհը կույս էր. «Կներես, քույրս, չգիտեի: Խնդրում եմ ոչ ոքի մի ասա, երեխայիս առանց հոր մի թող»: Շատ են երրորդ դեմքով պատմվող պատմություններն այն կանանց մասին, ովքեր չեն համարձակվում խոսել: Եվ գրեթե միշտ զոհին մեղադրում են նույնիսկ հարազատները. «Մայրս ծեծում էր ինձ ու լալիս, ծեծում ու լալիս»: Սա այն կնոջ պատմությունից է, ում բռնաբարել են նրբանցքներից մեկում 14 տարեկան հասակում՝ սպառնալով դանակով:
Ադրբեջանցի կանանց խնդիրներին Մաթանաթ Ազիզովան ծանոթ է մոտիկից: Ավելի քան 15 տարվա աշխատանքի ընթացքում Կանանց ճգնաժամային կենտրոն են դիմել կենցաղային և սեռական բռնության զոհ են դարձաձ հարյուրավոր կանայք:
«Ադրբեջանի Քրեական օրենսգրքում հոդվածներ կան, որոնք սեռական անձեռնմխելիության հանցագործությունների դեմ պաշտպանություն են նախատեսում: Դա 149-րդ (բռնաբարություն), 150-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 151-րդ (սեքսուալ բնույթի պարտադրված գործողություններ) հոդվածներն են: Սակայն աղջիկները նախընտրում են լռել տեղի ունեցածի մասին՝ խուսափելով հանրայնացնել այն, վախենալով ծաղրանքից ու պարսավանքից: Կանայք նույնիսկ ամենահարազատների շրջանում աջակցություն չեն գտնում», — պատմում է Ազիզովան:
Նրա խոսքով, Ադրբեջանում նույնիսկ սեքսուալ ոտնձգությունների գործով դատական նիստերն են զուգակցվում նվաստացուցիչ հարցաքննություններով, ակնարկներով, որոնք շրջապատի մոտ զոհի մեղավորության վերաբերյալ վստահություն են առաջացնում:
«Ցավոք, մեր արդարադատության անկատարությունը կնոջ հանդեպ բռնության փաստերի վերաբերյալ տղամարդկանց մոտ անպատժելիության զգացում է առաջացնում», — կարծում է իրավապաշտպանը:
Ամոթ էր տուն գնալը
«Ես հասա արդարության: Ինձ տանջողը բանտում է: Սակայն միայն աստծուն է հայտնի, թե ինչի միջով եմ ստիպված եղել անցնել», — կիսվում է Ալիա Մանսուրովան, ով սեքսուալ և ֆիզիկական բռնության զոհ է:
Իր հանդեպ բռնություն գործադրած Ռուֆաթ Մեհթիևի հետ նա ծանոթացել է համացանցում: Որոշ ժամանակ նրանք շփվել են վիրտուալ կապով և հեռախոսով, իսկ երբ հանդիպել են, տղամարդը համոզել է Ալիային գալ իր տուն:
«Նա համոզում էր. «Արի 5 րոպեով մտնենք տուն, կտեսնես, թե ինչ օժիտ է պետք գնել, շանս քեզ ցույց կտամ: Երդվում եմ՝ քեզ չեմ դիպչի»: Ես հավատացի նրա խոսքերին: Իսկ նա ինձ բռնաբարեց», — պատմում է կինը:
«Ես ինձ ահավոր էի զգում: Ցավ ու ամոթ էի զգում: Փորձեցի գնալ, սակայն նա սկսեց ինձ վախեցնել և համոզել, որ մնամ: Ես ամաչում էի և մտածում, թե ինչ կասեն մարդիկ, երբ տուն վերադառնամ դրանից հետո», — ասում է Ալիան:
Այդպես նա դարձավ Ռուֆաթի «քաղաքացիական կինը» երկուսուկես ամիս: Տղամարդը նրան ահաբեկում էր, հաճախակի ծեծում և բռնաբարում նրան, ինչպես նաև սպառնում և նույնիսկ մեկ անգամ ծեծել նրա տարեց հորը, երբ նա փորձել է աղջկան տուն վերադարձնել:
«Նա գլուխս խփում էր հատակին, մազերիցս քարշ տալիս սենյակով մեկ, նվաստացնում, հայհոյում: Ցավոք, ես միանգամից հղիացա: Իսկ նա ծաղրում էր ինձ, ասում. «Պառկիր մեջքի վրա՝ թռնեմ փորիդ»: Նա ինձ ծեծում էր այն պատճառով, որ թունավորում էր մոտս, սիրտս խառնում էր: Ծնկների վրա աղաչում էի նրան բաց թողնել ինձ, ինչին ի պտասխան նա ասում էր. «Այստեղից դուրս կգաս միայն ոտքերդ տնկած»», — պատմում է Ալիան:
Ալիայի հայրը օգնության դիմեց «Մաքուր աշխարհ» կազմակերպություն:
«Նա շատ վախեցած էր: Մյուս կողմն ընտանիքին սպառնում էր՝ այդ թվում նաև ֆիզիկական բռնություն կիրառելով: Մենք ընդունեցինք դիմումն ու միանգամից մեկնեցինք Սաբունչինի շրջան, ոստիկանության 15-րդ բաժին: Խոսեցինք պետի հետ, սակայն նրանք հրաժարվեցին հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ», — պատմում է «Մաքուր աշխարհի» տնօրեն Մեհրիբան Զեյնալովան:
Նա պնդում էր և հաջողվեց համոզել ոստիկանության աշխատակիցներին գնալ Ռուֆաթ Մեհթիևի հասցեով: Ռուֆաթը ստիպված էր նրանց ներս թողնել:
Ալիա Մանսուրովան գնաց դատափորձագետի մոտ, ով գրանցեց ծեծի հետքերն ու լուրջ գանգուղեղային վնասվածքը: Ներկա պահին հոգեբանական խնդիրներից բացի նա ուժեղ գլխացավեր ունի, հիշողության մասնակի կորուստ:
Ռուֆաթ Մեհթիևի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 128-րդ հոդվածի հատկանիշներով (առողջությանը միտումնավոր թեթև վնաս հասցնելը): Այդ հոդվածը հանցագործի համար կամ տուգանք կամ մինչև մեկ տարի ուղղիչ աշխատանքներ է նախատեսում:
Ավելի ուշ շնորհիվ մամուլում և սոցցանցերում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների իրավապահ մարմինները ստիպված են եղել Մեհթիևին առաջադրել 133.2.2. հոդվածը (“Հղիության վիճակում գտնվող կնոջ հանդեպ ֆիզիկական և հոգեբանական տանջանքներ իրականացնելը, կտտանքներ կիրառելը), 133.2.6 հադվածը («Ֆիզիկական և հոգեբանական տանջանքներ հասցնելը), 150.1 հոդվածը («Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ») և 149 հոդվածը (“Բռնաբարություն):
Արդյունքում Մեհթիևն ազատազրկվել է 10 տարի 11 ամիս ժամկետով:
Ինքն է մեղավոր
Այս դեպքում կնոջը պաշտպանեց ադրբեջանական հասարակությունը: Սակայն բնականաբար կային նաև մարդիկ, ովքեր զոհին էին մեղադրում իր հետ կատարվածի համար և նույնիսկ սատարում բռնություն գործադրողին, իբր ոչ ոք չէր խնդրել նրա տուն գնալ, ինքն է մեղավոր:
Բռնության զոհ դարձած կնոջը բոլոր դեպքերում մեղադրելու տենդենցն այնքան ուժեղ է Ադրբեջանում, որ նույնիսկ սպանությունների մասին նորություններն են զուգակցվում քաջալերող մեկնաբանություններով:
«Եղբայրը սպանել է քրոջն՝ իմանալով, որ նա ինչ-որ մեկի հետ հանդիպում է», — տեղեկացնում են լրատվամիջոցները, իսկ մարդիկ գրում են. «Ապրես, պատիվդ ես պահել»:
«Ամուսինը սպանել է նախկին կնոջն՝ իմանալով, որ նա մտադիր է երկրորդ անգամ ամուսնանալ»: — «Իսկական տղամարդ է», — գրում են մարդիկ:
«Երիտասարդ կնոջը բռնաբարել են փողոցում գիշերը ժամը 3-ին» – «Ճիշտ է: Ի՞նչ էր նա անում գիշերը փողոցում: Երևի մարմնավաճառ է: Ինքն է սադրել», — ուրախ բացականչում են մյուսները:
Ինչպե՞ս պետք է կանանց օգնի #Եսչեմվախենումասել ակցիան ու նմանատիպ այլ ակցիաները: Դրանք դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ փոխում են հասարակության վերաբերմունը սեքսուալ բռնության հանդեպ և կնոջն իմաց տալիս, որ նրանք այդ դժբախտության մեջ միայնակ չեն: