«ԵՄ-ն ուզում էր հարմարավետություն, բայց ստացավ կախվածություն Ռուսաստանից». Բորել
Բորելը՝ Եվրոպայի սխալների մասին
«Մենք՝ եվրոպացիներս, մեր բարգավաճումը կառուցել ենք Ռուսաստանից ստացվող էժան էներգիայի վրա, որը մենք համարում էինք մատչելի, անվտանգ և կայուն։ Ինչպես նաև էժան ապրանքների և չինական մեծ շուկայի վրա, որոնց հասնելը ավելի ու ավելի դժվար է դառնում։
Մենք մեր անվտանգությունը հանձնել ենք ԱՄՆ-ին, ու հիմա կարծես ամեն ինչ կարգին է։ Բայց ո՞վ գիտի, թե ինչ կլինի երկու տարի հետո կամ նույնիսկ այս նոյեմբերին։ Ի՞նչ կլիներ, եթե Թրամփի նման մեկը հիմա նստած լիներ Սպիտակ տանը։
Մենք քաղում ենք տարիների գործընթացների պտուղները։ Մենք խզել ենք կապը մեր բարգավաճման և անվտանգության աղբյուրների միջև»։
Հոկտեմբերի 11-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հուզական ելույթով հանդես եկավ ԵՄ դեսպանների տարեկան համաժողովում։
«Մենք պետք է սկսենք անել այն, ինչ նախկինում չենք արել»,- ԵՄ դեսպաններին հորդորեց նա։
Ելույթի կարևոր դրվագները՝
Ի՞նչը հանգեցրեց խնդիրների
- Եվրոպան չէր հավատում ԱՄՆ-ի նախազգուշացումներին, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա։
- Եվրոպան չէր սպասում, որ Ուկրաինան կկարողանա այդքան կատաղի դիմակայել ներխուժմանը և հասնել նման հաջողության։
- Եվրոպայում թերագնահատեցին էսկալացիայի գնալու և բացահայտ միջուկային սպառնալիքներ հնչեցնելու Պուտինի պատրաստակամությունը։
- ԱՄՆ-ի և Չինաստանի միջև խորը մրցակցության վտանգը։
- Նախապես չգնահատեցինք, թե համաշխարհային պարենային և էներգետիկ ճգնաժամն ու գների աճը ինչ մասշտաբների կարող են հասնել, թեև այդ ամենը կանխատեսելի էր։ «Մենք եվրոպացի ենք և չենք կարող պատկերացնել հումանիտար ճգնաժամի մակարդակը, որը պատել է Սոմալին ու Սոմալիի թերակղզին»։
Այս ամենը նպաստեց աշխարհում կատարյալ փոթորիկի առաջացմանը։
Անլուրջ վերաբերմունք անվտանգությանը
Անվտանգային հարցերը չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով.
- Անակնկալ էր Ռուսաստանի ներգրավվածության մակարդակը Աֆրիկյան մայրցամաքի իրադարձություններին։ Պետք էր, բայց չկարողացանք կանխատեսել, թե ինչ է կատարվում Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում։
- Անցյալ տարի խոսում էին միայն Աֆղանստանի մասին։ Իսկ այսօր թվում է, թե Աֆղանստան գոյություն չուներ։
Կա նախկին ճգնաժամի մասին մոռանալու վարքագիծ, երբ հայտնվում է նորը։ Սակայն հին ճգնաժամը չի ավարտվել միայն այն պատճառով, որ սկսվել է նորը:
Ազգայնականությունն ու քաոսը՝ որպես աշխարհը կառավարող հիմնական միտումներ
Քաոսային բազմաբևեռություն
Աշխարհում պայքար է ընթանում ժողովրդավարական և ավտորիտար համակարգերի միջև։ Իսկ երկրորդը զարգանում է զգալի տեմպերով։ Եվ խոսքը միայն Չինաստանի ու Ռուսաստանի մասին չէ:
Կան մի շարք խաղացողներ և բևեռներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերն ու արժեքները: Թուրքիա, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Մեքսիկա, Ինդոնեզիա: Սրանք միջին հզորության երկրներ են, որոնք չեն միացել որևէ ճամբարի։
Նրանք ընտրում են այս կամ այն կողմը՝ ելնելով իրենց շահերից, ոչ թե տեսական արժեքներից։ Բայց այս երկրները, այնուամենայնիվ, ոչ միայն խաղացողներ են, այլև բևեռներ։
Այս իրավիճակը չի կարելի անվանել բազմաբևեռ աշխարհ։ Սա քաոսային բազմաբևեռություն է:
Ամեն ինչ դառնում է զենք
Էներգիա, ներդրումներ, տեղեկատվություն, միգրացիոն հոսքեր, տվյալներ՝ բոլորին և ամեն բան այսօր վերածում են զենքի։ Հիբրիդային պատերազմ է ընթանում։
Եվ պայքար է գնում ռազմավարական ուղղությունների համար՝ կիբերտարածություն, ծովային և տիեզերական տարածք։
- Արևմտյան կողմնորոշում և անվտանգության վեկտորի փոփոխություն․ Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
- Ռուսաստանը կարո՞ղ է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. The Atlantic-ի հոդվածը
- Հայաստանի բարեփոխումները համապատասխանո՞ւմ են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին. կարծիքներ
- «Դեպի տուն՝ Եվրոպա». լայնամասշտաբ ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն երկրի եվրոպական կուրսի
Ազգայնականություն և բնակչության անտեսում
Պուտինն իրականում չի մտածում կոմունիզմը վերականգնելու մասին։ Նա գիտի, որ դա ոչ մեկին պետք չէ։ Նա միայն օգտագործում է մի ռեսուրս, որը հայտնի է և ազատ հասանելի:
Սա արմատական ազգայնականություն և իմպերիալիզմ է։
Եվ ամենուր մարդիկ տեսնում են, որ արևմտյան քաղաքական համակարգն իրենց չի օգնում, նրանց ձայնը չի լսվում։ Նրանք չեն խաղում այն դերը, որը կարող էին` հաշվի առնելով բնակչության թվաքանակն ու տնտեսական կշիռը։
Ուստի ներկայիս ճգնաժամերի ընթացքում նրանք չեն գնում Արևմուտքի հետևից, նրան են մեղադրում այդ ճգնաժամերի մեջ։
Ինչպե՞ս կարելի է սկսել լուծել խնդիրները
Ավելի քիչ ռացիոնալություն և սեփական ստանդարտների թելադրանք, ավելի շատ կարեկցանք ուրիշների հանդեպ
«Մենք շարունակում ենք ստանդարտներ սահմանել, բայց մնացած աշխարհը գնալով ավելի ու ավելի հաճախ է հրաժարվում ընդունել մեր մոդելը: Մշակութային, պատմական և տնտեսական պատճառներով այս մոտեցումն այլևս չի աշխատում։
Մենք պետք է լսենք մնացած աշխարհին, ավելի շատ կարեկցանք ցուցաբերենք։ Մենք հաճախ գերագնահատում ենք ռացիոնալությունը և կարծում ենք, որ ավելի լավ գիտենք, թե ինչ է պետք ուրիշներին: Մենք թերագնահատում ենք զգացմունքների դերը և ինքնության քաղաքականության գրավչությունը: Սա փոխել է պետք։
Պետք է լինենք ավելի նախաձեռնող, ավելի համարձակ, համաձայնվենք նրան, ինչ նախկինում համարվում էր տաբու։
Մենք տաբու ենք կոտրում՝ օգտագործելով Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ Ուկրաինայի համար զենք գնելու համար։ Սկզբում հնչում էին կարծիքներ. «Օ՜, սա անհնար է, մենք երբեք սա չենք արել»:
«Մենք երբեք սա չենք արել»-ը բաղադրատոմս չէ: Մենք պետք է սկսենք անել այն ամենն, ինչ նախկինում չենք արել: Երբ տատանվում ենք, զղջում ենք դրա համար:
Պետք է հավասարակշռություն պահպանենք մեր հռչակածի և մեր արածի միջև, քանի որ խոստումները կատարելու անկարողությունը մեզ վարկաբեկում է։ Խոսքերը պետք է հիմնավորվեն կոնկրետ գործողություններով։
Մեզ անհրաժեշտ է լավագույն հավասարակշռությունը ճգնաժամային կառավարման և երկարաժամկետ պլանավորման միջև:
Մի փոխարինեք մի կախվածությունը մյուսով
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շատ դիպուկ ասաց՝ մենք չենք կարող մի կախվածությունը փոխարինել մյուսով։ Հիմա մենք հեղուկ գազ ենք գնում ԱՄՆ-ից, սովորական գազ՝ Նորվեգիայից ու Ադրբեջանից։
Բայց ի՞նչ կլինի, եթե վաղը Ամերիկայի նոր նախագահն այլևս չցանկանա բարեկամական հարաբերություններ պահպանել եվրոպացիների հետ։ Նորից ճգնաժամ։
Իսկ եթե Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հարավային Ամերիկայի և Աֆղանստանի հազվագյուտ հողային մետաղները դադարե՞ն մեզ մոտ գալ: Եվս մեկ ճգնաժամ։
Մենք չենք հասկանում, որ էներգետիկայի, կլիմայի և տեխնոլոգիայի հարցերում փոխարինում ենք մի կախվածությունը մյուսով, իսկ դա հստակ գիտակցելը շատ կարևոր է:
- Որքա՞ն կշարունակվի պատերազմն Ուկրաինայում և ինչպիսի՞ ավարտ կունենա Ռուսաստանի համար
- Քաղաքական նախագիծ. ինչպես Հայաստանը հայտնվեց խոշոր խաղացողների շահերի բախման կիզակետում
- Ի՞նչ տեսք ունի այն աշխարհը, որը Պուտինն ուզում է կառուցել
- «Հայաստանն անկախանում է Ռուսաստանի ճիրաններից»․ կարծիք
Հաղորդակցություն մարդկանց հետ
Մարդիկ են գլխավորը։ Պետք է լինի մի ցանց, որը կրկնում է, փոխանցում և տրամադրում է տեղեկատվություն։
Մենք չենք հաղթի այս մարտադաշտում, եթե չհասկանանք, որ սա իսկապես պայքար է, և չակտիվանանք։
Ռուսներն ու չինացիները դա շատ լավ հասկանում են։ Նրանք այս պայքարը վերածել են ևս մեկ արդյունաբերության. նրանք ունեն թրոլլների ֆերմաներ, որոնք համակարգված կերպով կրկնում են անհրաժեշտ տեղեկատվությունը աշխարհի տարբեր մասերում ապրող մարդկանց համար:
Անհրաժեշտ է, որ ԵՄ դեսպանները ներգրավվեն նարատիվների պայքարում, որպեսզի շահեն մարդկանց հոգիներն ու մտքերը։ Պետք է օգտագործել սոցիալական ցանցերը, թարգմանել ուղերձները այլ լեզուներով և հարմարեցնել դրանք տեղի իրականությանը: Պետք է դադարել մտածել, թե աշխարհում բոլորը գիտեն անգլերեն, դա շատ հեռու է իրականություն լինելուց, և մենք կպարտվենք, եթե այդպես մտածենք:
Մենք պետք է մարդկանց ավելի լավ բացատրենք քաղաքական ազատության և նրանց կյանքի որակի կապը։ Մենք՝ եվրոպացիներս, ունենք այդ անհավանական հնարավորությունը։ Մենք ապրում ենք աշխարհի մի մասում, որտեղ քաղաքական ազատությունը, տնտեսական բարգավաճումը և սոցիալական համախմբվածությունը միավորվում են լավագույն ձևով: Բայց մնացած աշխարհի բախտն այնքան էլ չի բերել:
Մեր պայքարը նրա համար է, որ բացատրենք մարդկանց, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքական ազատությունը մի բան չէ, որը կարելի է փոխարինել տնտեսական բարգավաճմամբ կամ սոցիալական համախմբվածությամբ: Այս բոլորը պետք է փոխազդեցության մեջ լինեն:
Եթե մենք չկարողանանք աշխարհին համոզել մեր մոդելի առավելությունների մեջ, այն կարող է մոռացության մատնվել և չգոյատևել այս աշխարհում:
Բորելը՝ Եվրոպայի սխալների մասին
Բորելը Եվրոպայի սխալների մասին