«ՀՀ-ում կա թշնամության էջը շրջելու պատրաստակամություն»․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը
«Բաքվում և Երևանում մենք համաձայնեցինք, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններին, կկենտրոնանա փոխկապակցվածության և մարդասիրական խնդիրների կոնկրետ ասպեկտների վրա, հատկապես՝ ականազերծման և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները»,- հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Արմենպրեսին» տված հարցացրույցում Գրոնոն շեշտել է՝ մի շարք ոլորտներ են սահմանել այս փուլում, իսկ ԵՄ-ն պատրաստ է նաև ավելին անել։ Պաշտոնյան անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման մաս կազմող մի շարք հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ու Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոսել է նաև Բաքվի հռետորաբանության մասին։ Շեշտել է, որ այն, ինչ լսել է Ադրբեջանում, տարբերվել է հանրային խոսույթից։ Նրա փոխանցմամբ՝ իր ադրբեջանցի զրուցակիցները հայտնել են, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայունացել է», «ուժ կիրառելու մտադրություն չկա», իսկ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով:
- «Կփորձենք բալանսավորել հարաբերությունները Եվրամիության և ՌԴ հետ»․ Փաշինյան
- «Ալիևը սպառնում է, քանի որ չի ստացվում մաշեցնել ՀՀ ներուժը»․ կարծիք Երևանից
- «ԵՄ-ն Հայաստանից երաշխիք է ուզում, որը չկարողացավ տալ Վրաստանը»․ կարծիք
«Կարգավորման առաջին փուլն արդյունքներ է տալիս»
Գրոնոն հայտնել է, որ Ադրբեջանում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են բնակչությանը խաղաղ ապագայի նախապատրաստելու, սպառնալիքները հասցեագրելու ու դրանք նվազեցնելու հնարավորությունները, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղությանը միտված հռետորաբանության միջոցով․
«ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, վերջերս նաև երկկողմ հարթությունում ձեռքբերումների ու հաջողությունների վրա»։
Եվրամիության հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում «հուսադրող հայտարարություններ» է լսել տարածաշրջանի խաղաղության և կայունության վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս․
«Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար»։
«Երևանը համարձակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում»
Մագդալենա Գրոնոն Նշել է, որ Բաքու և Երևան կատարած այցերը «շատ հագեցած էին, բովանդակալից, որոշ առումով՝ նաև հուսադրող»։ Խոսել է նաև հայաստանյան հանդիպումների մասին։ Շեշտել է՝ Երևանում հայտնել է Եվրամիության հստակ աջակցությունը ընթացիկ բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկված «համարձակ քայլերին»։ Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը՝ պաշտոնյան չի հստակեցրել․
«Չնայած գործընթացի վայրիվերումներին՝ հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ»։
Ըստ նրա՝ քննադատները կարող են ասել, թե կարելի էր ավելին անել, բայց արդեն իսկ արվել է մեծ աշխատանք։ Արձանագրել է՝ եթե գնահատենք աշխատանքի ընթացքը, բանակցությունների կառուցվածքային շրջանակն ու երկկողմ հարաբերությունների ընդանուր դինամիկան, ապա «սա անհավանական կթվար մի քանի տարի առաջ»։
«Սահմանազատման շուրջ համաձայնությունը դրական ազդակ է»
Պաշտոնյան գնահատել է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կատարած աշխատանքն ու կողմերի միջև հունվարին ձեռքբերված համաձայնությունը՝ աշխատանքները շարունակել հյուսիսից հարավ։ Դա, ըստ նրա, դրական ազդակ է։
Մագդալենա Գրոնոն հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն նման առաջընթաց կապահովեն նաև մյուս՝ խաղաղության պայմանագրի, կապերի վերականգնման և հաղորդակցության ուղիների բացման, մարդասիրական խնդիրների լուծման ուղղություններով։
«Մենք, անշուշտ, կոչ ենք անում երկու կողմերին՝ հանձնառություն ստանձնել առաջընթացի հարցում և զգուշացնում ենք բացասական ազդեցության մասին՝ որոշակի հակառակ միտումների դեպքում»,- հայտարարել է նա։
Ոչ ոք չի վիճարկում «Խաղաղության խաչմերուկի» հիմնական սկզբունքները
«Իհարկե, ծանոթ եմ Հայաստանի կողմից 2023 թվականից ի վեր առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կարծում եմ՝ դրա ընդհանուր շրջանակն ու հիմնական սկզբունքները իրականում ոչ ոք չի վիճարկում: Սակայն մանրամասները և գործնական հարցերը դեռ պետք է լիովին համաձայնեցվեն կողմերի միջև»,- հայտարարել է Գրոնոն։
Նկատել է՝ սա իսկապես օգտակար և հետաքրքիր շրջանակ է՝ նաև ցույց տալու համար, թե ինչպիսին կարող է լինել ապագա՝ խաղաղ Հարավային Կովկասը:
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Երևանի և Բաքվի հայտարարությունները հիմք են տալիս կարծելու, որ հնարավոր է համաձայնության հասնել այս հարցում։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել կողմերին այդ նպատակին հասնելու համար»,- նկատել է նա: Հույս է հայտնել, որ որպես «առաջին քայլ» կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև բեռնափոխադրումների եղանակների շուրջ և կբացեն հաղորդակցության այն ուղիները, որոնք Հայաստանը կկապեն ավելի լայն տարածաշրջանին:
«Դիտորդների «լրտեսական գործունեության» մասին պնդումներն ապատեղեկատվություն են»
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդների գործունեությանն ու Ադրբեջանից պարբերաբար հնչող քննադատություններին՝ Գրոնոն նկատել է՝ ուշադիր լսում են ցանկանած քննադատություն կամ տարբերվող կարծիք։ Նաև փորձում են հասկանալ՝ «ինչ դժգոհություններ կարող են լինել և ինչ կարող է թաքնված լինել դրանց հետևում»։ Նրա խոսքով՝ ձգտում են պարզաբանել հնարավոր թյուրընկալումները, բայց նույնքան հետևողական են նաև ապատեղեկատվությունը հերքելու հարցում․
«Ինչ վերաբերում է [Բաքվի] ընկալումներին, հանդիպումների ընթացքում հստակ նշել եմ, որ ԵՄ-ն մտադիր չէ նոր բաժանարար գծեր ստեղծել, ներգրավվել «զրոյական արդյունքով խաղերում» կամ տարածաշրջանում առաջ մղել «թաքնված» օրակարգ»,- նշել է նա։
Շեշտել է՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվել է հայկական իշխանությունների ինքնիշխան դիմումի հիման վրա:
Հատուկ ներկայացուցչի փոխանցմամբ՝ միությունն Ադրբեջանի իշխանություններին իրազեկել է գործընթացի բոլոր փուլերում՝ տեղակայումից առաջ, ընթացքում և հետո։ Ընդգծել է՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ անձամբ վստահեցրել է՝ առավելագույն պատասխանատվությամբ են մոտենում իրենց դերին, քանի որ հաշվի են առնում «տեղում երրորդ կողմի ներկայության հետ կապված զգայունությունը և հակամարտության երկար պատմությունը»։
««Լրտեսական գործունեության» կամ «ապակայունացման նպատակների» վերաբերյալ բոլոր պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում թե՛ առաքելության համար սահմանված մանդատին ու նպատակներին, թե՛ վերջինիս գործողություններին»,- ասել է նա և շեշտել, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը քաղաքացիական, չզինված առաքելություն է և կշարունակի մնալ այդպիսին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ հատուկ ներկայացուցչի հարցազրույցը