ԵՄ դիտորդները Բաքվին զեկուցում են՝ երբ և որտեղ են մոնիթորինգ անելու
ԵՄ դիտորդները տեղեկացնում են Բաքվին
«Բաքվին տեղեկացնում ենք մեր ծրագրերի մասին մեկ շաբաթ առաջ։ Սա արվում է, որպեսզի նրանք իմանան, թե որտեղ ենք և ինչ ենք անում: Դա նաև թյուրիմացություններն ու միջադեպերը կանխելու համար է»,- շվեդական Blankspot պարբերականի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։ Մարկուս Ռիտերը նշել է, որ այդ ինֆորմացիան Ադրբեջանին են փոխանցում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով։
Տեղ գյուղի հատվածում ռազմական բախումից հետո հայ հասարակությունը փնտրում էր հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդներն արձանագրել են միջադեպը և ի՞նչ գործնական քայլերի կարելի է սպասել։ Այս հարցադրմանն ի պատասխան՝ ԵՄ դիվանագիտական ծառայությունից հայտնեցին, որ դիտորդները Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում «պարբերական պարեկություն» են իրականացրել նույն օրն առավոտյան, սակայն ներկա չեն եղել այդ հատվածում, երբ միջադեպը տեղի է ունեցել։
Ըստ աղբյուրի՝ իրենք կրակոցների մասին տեղեկացվել են ուշ երեկոյան ՀՀ իշխանությունների կողմից։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ դիտարկումներ արվել են, զեկուցման մեխանիզմի համաձայն՝ դրանք կներկայացվեն Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանը, սակայն ոչ հրապարակային։
Ապրիլի 11-ին սահմանային իրադրությունը լարվել էր Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։ Դեռևս մարտի վերջին այս նույն հատվածում Ադրբեջանի զինուժը դիրքային բարելավում էր ունեցել՝ տեղակայվելով սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Հենց բարելավված դիրքերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 զոհի և 6 վիրավորի մասին, բայց նաև հավաստիացրել՝ «ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի»։ ԵՄ արտաքին ծառայությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել «ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները»։
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը, փորձագիտական կարծիք
«Բաքվին հայտնում ենք՝ որտեղ ենք պարեկություն իրականացնելու»
Շվեդական Blankspot պարբերականը ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին հանդիպել է Եղեգնաձորի տարածքային գրասենյակում մարտի 23-ին, երբ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացում դեռևս չէր եղել։ Զրույցը, սակայն, հրապարակվել է օրեր առաջ։ Ռիտերը հիշեցրել է, որ ի սկզբանե դիտորդների տեղակայումը նախատեսված է եղել նաև Ադրբեջանում, սակայն Բաքուն չի ընդունել առաքելությունը։
Ռիտերը հայտարարել է, որ փոխգործակցում են Ադրբեջանի հետ, մեկ շաբաթ առաջ տեղեկացնում՝ որ տարածքում են պարեկություն իրականացնելու։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, սակայն, հատուկ շեշտել է, որ դիտորդների գրաֆիկը ադրբեջանական կողմին է ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա սկզբից մեկ կամ երկու օր, ոչ թե մի ամբողջ շաբաթ առաջ, «ինչպես կարելի է մեկնաբանել Մարկուս Ռիտերի հայտարարությունը»։
ԵՄ դիտորդները երկարատև՝ երկամյա քաղաքացիական առաքելությամբ Հայաստան ժամանեցին այս տարվա փետրվարի վերջին։ Հաղորդվում է, որ 100 անձ է ներգրավված՝ 50 դիտորդներ և 50 վարչական անձնակազմի անդամներ։ Առաքելությունն ունի նաև գլխավոր շտաբ, այն գործում է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել՝ արդյոք նման հաղորդակցության է իրականացվում Ադրբեջանի պահանջով։ Հիշեցնում է՝ դեռևս Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունից հետո նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստ է գործակցել առաքելության հետ այնքանով, որքանով աշխատանքը կառնչվի իրեն։
«Պարզ է, որ Ադրբեջանի հետ առնվազն համակարգված հաղորդակցության հանգամանքն անխուսափելի էր լինելու։ Առաջին հերթին, որովհետև ԵՄ-ն դիտորդական առաքելությամբ բացարձակապես նպատակ չունի դառնալ որևէ կողմի աջակից»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Նրա խոսքով՝ առաքելությունն իրականացվել է նաև Ադրբեջանի լռելյայն համաձայնությունն ունենալով՝ պայմանով, որ այն խնդիրներ չի առաջացնի Բաքվի համար։ Չի բացառում, որ Ադրբեջանը, իր հերթին, որոշակի պայմանավորվածություն ունի խնդիրներ չառաջացնել ԵՄ առաքելության համար․
«Եթե անգամ եղել է նման պայմանավորվածություն, ապա այն, մեղմ ասած, չի պահպանվում։ Տեղ գյուղի միջադեպը պատասխանատվության դաշտում է պահում նաև ԵՄ դիտորդական առաքելությանը առնվազն այն իմաստով, որ պետք է սպասենք, տեսնենք, թե ինչպիսի գնահատական կհնչի այդ առնչությամբ»։
Բադալյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև առկա է համակարգված երկխոսություն, բայց այդ աշխատանքը միայն էներգետիկ ռեսուրսների պատճառով չէ։ Օրինակ է բերում Ադրբեջանի՝ դեպի Իրան, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա հաղորդուղի հանդիսանալն ու ընդգծում՝ կան նաև ածանցյալ հանգամանքներ։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ մոլորություն է մտածել, թե Հայաստանը կարող է ԵՄ-ին առաջարկել որևէ բան, որը նրան «կկտրի Ադրբեջանի հետ հարաբերությունից կամ պայմանավորվածությունից» ու կբերի հայկական կողմի շահերի, պատկերացումների դիրքավորման դաշտ։
Միակ ճանապարհն, ըստ նրա, Եվրամիության հետ բարեփոխումների լայն օրակարգով, այդ թվում՝ համապարփակ գործակցության ծրագրի շրջանակներում աշխատելն է։ Նկատում է՝ Հայաստանը պետք է փորձի այդ կերպ առավելագույնս բարձրացնել իր կենսունակությունը, մրցունակությունը, տնտեսական, քաղաքական կշիռը և այդպես հակակշռել Բաքվի հետ ԵՄ աշխատանքին։
Կարծում է՝ հայկական կողմը կարող է որպես փաստարկ օգտագործել ժողովրդավարությունը այլ խաղացողների պատասխանատվության առաջ դնելու համար։ Բադալյանի դիտարկմամբ՝ խոսքն այն մասին չէ, որ գան ու ՀՀ փոխարեն ինչ-որ բան անեն։
«Որպես միջազգային հարաբերություններում, արժեհամակարգային հարթություններում պատասխանատվություն ստանձնած կենտրոններ՝ պետք է արդեն կոնկրետ, անմիջականորեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում մնան այդ պատասխանատվությանը հավատարիմ»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԵՄ դիտորդները տեղեկացնում են Բաքվին