ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
ԵԽԽՎ-ն քննադատում է Վրաստանին
Օրեր առաջ՝ հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձև, որում խորը մտահոգություն է հայտնել երկրում ժողովրդավարական հետընթացի, քաղաքական բռնաճնշումների և խորը ինստիտուցիոնալ ճգնաժամի վերաբերյալ։
«Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևը հիմնված է Վրաստանում իրավիճակը մշտադիտարկող համազեկուցողների եզրակացությունների վրա։
Փաստաթուղթը կրկնում է նախկինում հնչած գնահատականները և ընդգծում, որ Վրաստանում շարունակվում է քաղաքացիական հասարակության, ընդդիմության և քննադատական ձայների ճնշումը։
Նման բանաձևեր ընդունվում են մի քանի տարին մեկ և այն 10 պետությունների համար, որոնք գտնվում են մշտադիտարկման տակ։
Բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու և դրանց առաջնորդներին հետապնդելու փորձերը Վրաստանը մղում են միակուսակցական կառավարման և բռնապետության: ԵԽԽՎ-ն պահանջում է վերացնել ընդդիմության գործունեության արգելքը և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։
ԵԽԽՎ-ի գնահատմամբ՝ երկրում բացակայում են իսկապես ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները՝ հաշվի առնելով ճնշումն ու սուր բևեռացումը։
Վեհաժողովը «Վրացական երազանքի» կառավարությանը կոչ է արել սկսել բաց և ներառական քաղաքական երկխոսություն ընդդիմության և քաղհասարակության հետ։
Բանաձևը նաև խիստ քննադատել է խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների հանդեպ ճնշումները: Այն կոչ է արել չեղարկել բռնաճնշող համարվող օրենքները, այդ թվում՝
- «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը,
- «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը,
- վերջերս ընդունված այլ օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ քննադատների, սահմանափակում են քաղաքացիական և քաղաքական ազատությունները։
Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնել ոստիկանական բռնության, կալանավորվածների նկատմամբ հնարավոր խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդագրությունների վերաբերյալ և կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել այդ փաստերի վերաբերյալ։
Բանաձևը վերահաստատել է ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի զեկույցի եզրակացություններն ու Վրաստանի իշխանություններին հորդորել կյանքի կոչել ներկայացված առաջարկությունները։
Լրացուցիչ փոփոխություններում Վեհաժողովը մտահոգություն է հայտնել նաև հետևյալ հարցերի վերաբերյալ.
- ընդդիմության բանտարկված առաջնորդներից Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի,
- նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման և նրա առողջական վիճակի վատթարացման. բանաձևը կոչ է արել բուժման նպատակով նրան տեղափոխել արտասահման,
- Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու գործում Վրաստանի հնարավոր դերի մասին հաղորդագրությունների,
- ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի արտաքսման,
- Սև ծովում ՌԴ ռազմական գործունեության և Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային բազայի կառուցման վերաբերյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԽԽՎ-ն քննադատում է Վրաստանին