Եվրոպացի պատգամավորները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում սկսել գերիների փոխանակումը
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խանգարում է քաղաքական երկխոսությանը, ու «հնարավորինս արագ կատարեն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին»։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ 2020 թ․ մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վերաբերյալ բանաձևում։
Եվրոպացի պատգամավորներն Արցախյան հակամարտության կողմերին կոչ են անում շտապ սկսել գերիների փոխանակումը։ Սա Հայաստանի համար ամենացավոտ հարցն է Արցախում հրադադար հաստատելուց հետո, հետևաբար՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևի կարևորագույն մասը։
Արցախում մասշտաբային ռազմական սրացումը սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Այն տևել է 44 օր և ստացել Արցախյան երկրորդ պատերազմ անվանումը։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրումից հետո։ Գերիների և այլ պահվող անձանց փոխանակումը եռակողմ համաձայնագրի կետերից մեկն է։
Էլ ինչ կոչեր են անում եվրոպացի պատգամավորները հակամարտության կողմերին, ինչ է ասվում բանաձևում՝ հենց Հայաստանի մասով։
- Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում. ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
- «Չհասցրեցինք պատրաստվել 5-րդ սերնդի պատերազմին»․ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
- Ադրբեջանի և անհայտության գերիները․ նրանց գտնելու և վերադարձնելու հայկական կողմի փորձերը
- Կարծիք․ իրականությունը թաքցնող առասպելները բերեցին հայերի պարտությանը պատերազմում
Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում
44-օր տևած արցախյան պատերազմից հետո Հայաստանի համար գերիների վերադարձը, որոնք մինչ օրս Ադրբեջանում են, ամենասուր խնդիրն է։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում միայնակ ակցիա է անցկացրել՝ բոլոր գերիներին ազատագրելու պահանջով։ Նա խոսել է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու նպատակով։
Ֆեյսբուքյան իր էջում Էդմոն Մարությանը նաև իր ակցիայի տեսագրությունն է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է ընդդիմադիր գործիչը եռալեզու ցուցատախտակ պարզել՝ «Ազատություն հայ ռազմագիներին, որոնք պահվում են Ադրբեջանում» գրառմամբ։
Գերիների փոխանակման շուրջ իրավիճակը
14 գերեվարված ադրբեջանցիներ և 44 գերեվարված հայեր տուն են վերադարձել դեկտեմբերի 14-ին, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որի շուրջ կարողացել էին պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։
Նրանց թվում էին ոչ միան Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ գերեվարված անձինք, այլև նրանք, ովքեր մինչ այդ էին գերության մեջ հայտնվել։
Ընդհանուր առմամբ հրադադարից հետո Հայաստան է վերադարձել 53 գերի, և փոխանցվել է ադրբեջանական բանտում՝ գերության մեջ մահացած տարեց քաղաքացու մարմինը։
Հայաստանում իրավապաշտպանները խոսում են 150 հայ գերիների մասին։ Ադրբեջանը չի հաստատում իր տարածքում այդ թվով մարդկանց առկայությունը։
Սակայն պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի երկու գյուղերի տարածքում արդեն խաղաղ պայմաններում 62 զինծառայողների գերեվարման փաստը։
Բաքուն հաստատել է, որ այդ մարդիկ բանտում են։ Սակայն ադրբեջանական կողմը ձերբակալվածներին դիվերսանտներ է համարում, որոնք պետք է կանգնեն դատարանի առաջ։ Հայկական կողմը վստահ է, որ նրանք ռազմագերիներ են, որոնք պետք է հայրենիք վերադարձվեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 26-ին հայտարարել է, որ Կարմիր խաչը նույնպես հաստատել է Ադրբեջանում 62 հայ գերիների առկայությունը։
Նրա խոսքով՝ դա ապահովում է նրանց անվտանգությունը, սակայն պետք է շարունակել նրանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները։ Միաժամանակ, նախարարը կարծում է, որ ամեն օր գերիների հետ կապված իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել։
Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում պահվում են նաև ավելի քան տասը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են «խաղաղ պայմաններում»։
Բանաձևի կոչը հակամարտության կողմերին
Վեհաժողովում «անհանգստություն են հայտնել Արցախյան հակամարտության ժամանակ հումանիտար իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտման մասին հաղորդագրությունների», ինչպես նաև «կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասների մասին տեղեկությունների» վերաբերյալ․
«ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ այս դեպքերն ամբողջությամբ կհետաքննվեն։ Ցանկացած խախտում պետք է չեղարկվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Ի՞նչ է ասվում բանաձևում Հայաստանի վերաբերյալ
Բանաձևում նշված է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ունեցած առաջընթացը։ Այն արտահայտվել է վարկանիշի բարելավմամբ, որը որոշվում է Transparency International հասարակական կազմակերպության կողմից 177 երկրների համար։ Այստեղ երկիրը 105-րդ դիրքից բարձրացել է 77-րդ։
Բացի այդ, ԵԽԽՎ-ում կարևորել են Հայաստանում ոստիկանության բարեփոխման վերաբերյալ 2020-2022 թթ-ի ռազմավարությունը։ Այն նախատեսում է ներքին գործերի նոր նախարարության ստեղծում։
Կարևոր են համարել նաև քաղաքական գործունեության ֆինանսավորման թափանցիկության բարձրացման և սեռական շահագործումից ու սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու Եվրախորհրդի կոնվենցիան վավերացնելու Հայաստանի Ազգային ժողովի մտադրությունը։