ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդներ չի ուղարկի Վրաստան հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների համար
ԵԱՀԿ-ն չի դիտարկի Վրաստանի ՏԻՄ ընտրությունները
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է, որ չի կարող ընդունել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հրավերը՝ դիտորդական առաքելություն ուղարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 4-ին:
Կառույցից հայտնել են, որ հրավերը ներկայացվել է չափազանց ուշ, երբ ընտրություններին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ուստի արդյունավետ առաքելություն կազմակերպելն այլևս անհնար է։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն բազմիցս «Վրացական երազանք» կուսակցությանը հիշեցրել է հրավերը ժամանակին ուղարկելու անհրաժեշտության մասին: «Ընտրությունների թափանցիկ և հուսալի մշտադիտարկումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն և հասանելիություն ընտրական գործընթացի առանցքային փուլերին», հայտարարել է կազմակերպությունը:
«Վրացական երազանքը» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին տեղական ընտրությունները դիտարկելու համար առաքելություն ուղարկելու հրավեր է փոխանցել սեպտեմբերի 6-ին։ «Վրացական երազանք» կուսակցությունից վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հրավերն ուղարկվել է, քանի որ իշխող կուսակցությունը «ցանկանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների հետ կապված որևէ հարց չթողնել»:
Կոբախիձեն հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ 2024 թ․-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հրապարակած եզրակացության պատճառով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճնշումների է ենթարկվել վրացական ընդդիմության, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան դիվանագետների կողմից: Այս տարի, ըստ նրա, այդ ճնշումը կուժեղանա:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը
«Ընտրությունների թափանցիկ և հուսալի դիտարկումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն և ընտրական գործընթացի առանցքային փուլերին հասանելիության հնարավորություն՝ մեր համալիր մեթոդաբանությանը համապատասխան»,- հայտարարել է ԺՀՄԻԳ տնօրեն Մարիա Տելալիանը:
«Ցավոք, վրացական իշխանությունների որոշումը՝ մեզ հրավիրել այդքան ուշ փուլում, բացառում է բովանդակային դիտարկման հնարավորությունը, և ԺՀՄԻԳ-ը չի կարողանա ընտրությունների մշտադիտարկման համար առաքելություն ուղարկել:
Այնուամենայնիվ, մենք հույս ունենք շարունակել մեր բազմամյա համագործակցությունը Վրաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման նպատակով»:
Վրացական իշխանությունների հետ իր հարաբերություններում ԺՀՄԻԳ-ը միշտ շեշտել է ընտրությունների վստահելի և համապարփակ դիտարկումն ապահովելու համար ժամանակին հրավեր ստանալու կարևորությունը:
Նախկինում՝ 2006, 2010, 2014, 2017 և 2021 թվականների տեղական ընտրություններից առաջ ԺՀՄԻԳ-ը Վրաստանից ժամանակին հրավերներ էր ստանում դիտարկման համար, ինչը հնարավորություն էր տալիս իրականացնել արդյունավետ նախապատրաստություն՝ ԺՀՄԻԳ մեթոդաբանությանը համապատասխան:
Որպես ԵԱՀԿ անդամ պետություն՝ Վրաստանը պարտավորություն է ստանձնել անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Թեև ԺՀՄԻԳ-ը չի մեկնաբանում այն ընտրությունները, որոնք չի մշտադիտարկել, Բյուրոն կշարունակի հետևել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին իր մանդատի տակ գտնվող բոլոր ոլորտներում։ Դրանց շարքում են ժողովրդավարական կառավարումը, հիմնարար ազատություններն ու օրենքի գերակայությունը»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԱՀԿ-ն չի դիտարկի Վրաստանի ՏԻՄ ընտրությունները