Ե՞րբ տուն կգան մեր տղաները․ հայ ռազմագերիների ծնողները շարունակում են բողոքի ակցիաները
«Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը պետք է հարգի հրադադարի պայմանավորվածությունը», «Ադրբեջանը խախտում է Ժնևյան կոնվենցիաները»։ Այսպիսի բովանդակությամբ պաստառներով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավելի քան 8 ամիս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողներն ու հարազատները։
44-օրյա պատերազմից հետո Հայաստան է վերադարձել 103 գերի։ Վերջին՝ 15 հոգանոց խումբը Հայաստան է եկել հուլիսի 3-ին։ Նրանց վերադարձի դիմաց Ադրբեջանին են փոխանցվել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 200 հայ գերիներ դեռևս այնտեղ են։
Մեկ շաբաթ առաջ նրանք օգնություն էին խնդրում Ֆրանսիայի ու Ռուսաստանի Դաշնության դեսպանատների, Ազգային ժողովի դարպասների մոտ։ Այս անգամ կառավարության ղեկավարից էին ուզում իմանալ՝ երբ տուն կգան իրենց տղաները։
Սպասել այլևս չեն կարող։ Չգիտեն էլ՝ ինչքան և ինչի սպասել․ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությունները հաջորդում են մեկը մյուսին։ Գերիների ծնողների խոսքով՝ գործող իշխանությունը խոստացել է խնդրին լուծում տալ, նույնիսկ ժամկետներ են նշվել, բայց դրանք երկարում են ու երկարում։ Ասում են՝ մեզ խաբված ենք զգում, կառավարությունը մեր գլխի տակ «փափուկ բարձ» է դնում, իսկ մենք արդեն քանի ամիս գլուխներս բարձին դնել չենք կարողանում։
«Արդեն 8 ամիս անընդմեջ գալիս ու գնում ենք, ի զորու չենք լսելու նրանց, նորից հետ գնալ, սպասել՝ երբ կկանչեն․ այլևս ուժ չունենք», — լրագրողների հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրը։
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարվել էր 62 զինվոր։ Մինչ օրս միայն 25-ն են վերադարձել, 38-ը դեռ Բաքվում են։ Մի մասը դատավճի է սպասում, մյուս մասն էլ արդեն դատապարտվել է։ Սեյրան Եղիազարյանի որդին նրանցից մեկն է։
«Մեզ խոստացել էին, որ հուլիսի վերջ 20-25 հոգանոց գերիների խումբ կվերադառնա, մյուս 20 հոգին էլ օգոստոսի վերջ կվերադառնան, բայց չեկան, փոխարենը դատապարտվեցին 6 տարի ազատազրկման: Ոչ մի կառույց այսօր մեր տղաների հետ կապված մի հստակ տեղեկություն չի տալիս», — լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Եղիազարյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չընդունեց։ Կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ սպասելուց հետո ոստիկանների միջոցով նրանց առաջարկեցին, որ ծնողներից երկուսը ներս մտնեն ու հանդիպեն վարչապետի աշխատակազմից ինչ-որ մեկի հետ։ Թե ում հետ պետք է հանդիպեին, պարզ չէր։
Ակցիայի մասնակիցներն առաջարկը մերժեցին՝ ասելով՝ թող բոլորին ընդունեն։ Նրանց խոսքով՝ երկուսին դժվար է լինելու հետո դուրս գալ ու 40 հոգու բացատրել այն, ինչ իրենք են հասկացել։
Ավելի ուշ ռազմագերիների ծնողներից 3-ը հանդիպեցին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, բայց որևէ կոնկրետ հարց չքննարկեցին, պարզապես ներկայացրին վարչապետի կամ որևէ իրավասու պաշտոնյայի հետ հանդիպելու պահանջը։
Խոսնակի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները չհեռացան։ Ասում են՝ կսպասենք այնքան, որքան պետք լինի, միայն թե ստանանք մեզ հուզող միակ հարցի պատասխանը՝ երբ կվերադառնան ամիսներ շարունակ Ադրբեջանում պահվող մեր երեխաները։