Դպրոցական բուֆետի նոր ճաշացանկը
Սկսվել է ուսումնական տարին, և ամառային արձակուրդներից վերադարձած դպրոցականները, հավանաբար, առաջին զանգից ավելի շատ ուրախանում են առաջին դասամիջոցի համար, երբ գլխապատառ վազում են դեպի դպրոցական ճաշարան: Այս տարի դոնդողի, չիփսերի և այլ կասկածելի «համեղ բաների» սիրահարներին հիասթափություն է սպասվում: Գիտության և կրթության նախարարությունը 2017թ-ին 2085 հանրային դպրոցների համար առողջ սննդի մասին փաստաթուղթ է հաստատել:
Դրա համաձայն՝ հանրակրթական դպրոցների ճաշարաններում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, ավելի ճիշտ՝ ընդհակառակն է: Ցուցափեղկերից անհետացել է շոկոլադը, կոնֆետները, ծամոնը, գազավորված ըմպելիքները, մայոնեզով ուտեստները, ալերգիա առաջացնող մթերքն, օրինակ, սունկն ու պահածոները և այլն:
[pullquote align=”right”]UNICEF: UNICEF. Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխա ապրում է աղքատության մեջ [/pullquote]
Կոկա-կոլայի փոխարեն դպրոցականներին կոմպոտ, բնական հյութ, ջուր են առաջարկում: Սակայն միայն այն բանից հետո, երբ նրանք բանջարեղենով, մրգերով և սպիտակուցներով հարուստ սնունդ են ընդունել: Դպրոցներում առողջ սննդի ներմուծումը կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի անձնական նախաձեռնությունն է:
Այդ նախաձեռնության համաձայն՝ ընթացիկ սեմեստրի ընթացքում մի քանի թբիլիսյան դպրոցներում շաբաթը երկու անգամ աշակերտներին խնձոր կբաժանվի: Արդեն հայտնի է դպրոցները խնձորով ապահովելու տենդերը հաղթած ընկերությունը. KEPKA-ն է: Հենց այն կբաշխի 260 հազար հատ խնձոր 10 դպրոցներում, և դրա դիմաց բյուջեից կստանա 69940 լարի: Այդ գումարով 3 տեսակի խնձոր կգնվի՝ «սիմիրենկո», «գոլդեն», «գրանիսմիտ»:
Վրաստանում բնակչության առողջ սննդի վերաբերյալ հետազոտություններ չեն անցկացվել: Երկրում, որտեղ բնակչության 21,3 տոկոսն ապրում է աղքատության մեջ, հաճախ հարցման առարկա է դառնում սպառողական զամբյուղի վերաբերյալ իրավիճակը: Թեև մասնագետներն առանց հետազոտությունների էլ համոզված են, որ վրացի դպրոցականները հանքանյութերով և վիտամիններով հարուստ սնունդ շատ չեն օգտագործում:
Բրիտանական «Օքսֆամ» կազմակերպությունն իր 2016թ-ի հաշվետվությունում նշում է, որ շատ դպրոցներում, հատկապես՝ շրջաններում, ոչ միայն «առողջ սնունդ», այլ նույնիսկ «սննդային բլոկ» չկա: «Օքսֆամի» հաշվետվությունում ընդգծված է, որ Վրաստանում միասնական պետական քաղաքականություն չկա դպրոցներում առողջ սննդի կազմակերպման հարցում:
Առողջ սնունդը թանկ հաճույք է
Դպրոցական բուֆտեները վարձակալողներն ասում են, որ նախարարի որոշման մեջ շատ անհասկանալի բաներ կան: Լարիսա Գագուան թբիլիսյան դպրոցներից մեկի բուֆետի վարձակալ է: Նա ասում է, որ դեռ հստակ չի հասկացել, թե ինչ ապրանք կարող է բուֆետում ունենալ կամ չունենալ: Նրա խոսքով՝ երեխաները, դպրոցի բուֆետում իրենց սիրած ուտելիքը չգտնելով, դուրս են գալի փողոց և գնում այն խանութներից:
[pullquote]«Երեխան 20 թեթրիով մոտենում է և հարցնում, թե ինչին կհերիքի դա”[/pullquote]
Մեկ այլ խնդիր է այն, որ այսպես կոչված «առողջ սննդամթերքը» բավականին թանկ է, և ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն այդպես սնվելու:
«Երեխան 20 թեթրիով մոտենում է և հարցնում, թե ինչին դա կհերիքի: Այդպիսի երեխայի համար մի՞թե բուֆետում գոնե չորահաց կամ բուլկի չպետք է լինի: Ի՞նչ տարբերություն, թե որտեղից աշակերտը կգնի այդ չիփսերը՝ դպրոցական բուֆետի՞ց, թե՞ դպրոցի բակից դուրս գտնվող խանութից», — ասում է Լարիսա Գագուան:
Սակայն ամեն դեպքում և նա, և դպրոցական բուֆետների՝ աշակերտների սննդի կազմակերպման տենդերները շահած վարձակալները պետք է աշխատեն այնպես, ինչպես նախատեսում է նախարարությունը: Հակառակ դեպքում նրանց հետ պայմանագրերը կլուծարվեն: Իսկ նախարարությունը չի պատրաստվում կողքից հետևել, այլ մտադիր է վարձակալների համար թրեյնինգներ կազմակերպել նոր պայմաններին ադապտացվելուն օգնելու համար:
Երեխաներ և ծնողներ
Մենք նոր դպրոցական սննդակարգի մասին խոսել ենք դպրոցականների և նրանց ծնողների հետ:
«Ես մարզիկ եմ, առողջ կենսակերպ եմ վարում և ճիշտ սնվում, այդ պատճառով էլ ուրախացա, երբ իմացա, որ մնացածները հետևելու են դրան», — ասում է Գիորգի Պայչաձեն, որը սովորում է չորրորդ դասարանում: Նա դասամիջոցին գնել էր խաչապուրի և բանան:
«Ես խնձոր չեմ սիրում, ընդհանրապես չեմ ուտում և, երբ խնձոր են բաժանում, ես իմը թաքցնում եմ պայուսակիս մեջ այնպես, որ ոչ ոք չնկատի: Դպրոցի ճաշարան ես երբեք չէի էլ գնում, տնից հետս բրդուճներ եմ բերում», — ասում է 6-րդ դասարանցի Աննան:
Ծնողների համար երեխաներին առողջ սննդով ապահովելը հաճախ գլուխկոտրուկ է դառնում: «Տղաս դպրոց ուտելիք չի տանում: Նրանց, ովքեր իրենց հետ տարաներով սնունդ են բերում, համադասարանցիները ծաղրում են, հատկապես՝ տղաներին: Այդ պատճառով էլ տղաս հրաժարվում է հետն ուտելիք տանել դպրոց: Բացի այդ, դասագրքերն այնքան ծանր են, պայուսակում ուրիշ ոչինչ չի տեղավորվում», — ասում է վեցերորդ դասարանցի Մատեի մայրը՝ Սոֆիա Նացվլիշվիլին:
«Իմ երեխան ալերգիա ունի չիփսերից: Հիմա նա մեծացել է և գիտի, որ իրեն չիփս չի կարելի, իսկ նախկինում դպրոցի բուֆետում գնում էր և ամիսը մեկ-երկու անգամ տուն վերադառնում՝ հագուստի վրա կարմիր հետքերով», — ասում է Նինոն:
Մարի Ջավախիշվիլին հաճախ է իր աղջիկներին դպրոց ճանապարհում տնական ուտելիքով, չնայած որ նրանք նախընտրում են օգտվել բուֆետից, և դպրոցից տուն են վերադառնում իրենց հետ դրված և ձեռք չտված «ծանրոցով»:
«Կարծում եմ, դպրոցական դասամիջոցների տևողությունը պետք է ավելացնել: Իմ երեխան դեռ փոքր է, և մեծ հերթերի պատճառով չի հասցնում բուֆետում ինչ-որ բան գնել և ուտել: Այդ պատճառով ել նա հաճախ է ամբողջ օրը սոված մնում»:
[yes_list]
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները
- Դպրոցական ճաշը պետք է երեխայի սննդի ամենօրյա պահանջի 30-35%-ը կազմի:
- Ճաշի համար դպրոցներում ոչ պակաս, քան 15-րոպեանոց հանգիստ պետք է նախատեսվի:
- Խորհուրդ է տրվում նախապես դպրոցական սննդի 10-օրյա ճաշացանկ կազմել:
- Սնունդը պետք է բազմազան լինի, այն պետք է պարունակի միրգ, բանջարեղեն, հացահատիկային կուլտուրաներ, ձուկ, թռչնամիս, միս:
- Պարտադիր կերպով պետք է հասանելի լինի ջուրը:
- Սննդի մեջ պետք է ճարպերի, աղի, շաքարի նվազագույն քանակ լինի:
[/yes_list]