Դիպուկահարներ, նռնակներ և զինվորականներ․ Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքը
Հայաստանում քննարկվում է խորհրդարանի շենքի ուժեղացված պահպանությունը, որի դիմաց ընդդիմության հերթական հանրահավաքն էր անցկացվում։ Այդ ընթացքում Ազգային ժողովում կառավարության մասնակցությամբ նիստ էր ընթանում։
Հնարավոր է, որ հենց այդ առնչությամբ էին խորհրդարանի շենքը պահպանում ոչ միայն դրա տարածքում շրջող զինվորականները, այլև դիպուկահարները։
Բացի այդ, հանրահավաքի մեկնարկից առաջ ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ տեղեկություններ է ստացել հանրահավաքի ժամանակ հնարավոր սադրանքների մասին։ Այս առնչությամբ նա մարդկանց կոչ էր արել «զերծ մնալ հակաիրավական գործողություններից և սադրանքների չտրվել»։
Տեղական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեսանյութ և լուսանկարներ էին տարածվում, որոնցում երևում էին զինված դիպուկահարները՝ զենքը բռնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Իսկ բակում՝ խորհրդարանի տարածքում, «Շտորմ-2» լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել։
Իսկ այդ ընթացքում շենքում անցկացվում էր կառավարության անդամների և պատգամավորների ավանդական հանդիպումը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն վարչապետին ուղղված հարցերի մեծ մասին պատասխանում էր փոխվարչապետը։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ էր քննարկվում խորհրդարանում, և ինչ էր կատարվում հանրահավաքի ժամանակ։
- Դավադրությո՞ւն, թե՞ ճգնաժամ հարաբերություններում։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի նախագահի և վարչապետի միջև
- Հանդիպում նախագահի հետ և մեկնաբանություններ սոցցանցերում․ իրավիճակի զարգացումը Հայաստանու
ՄԻՊ հայտարարությունը խորհրդարանի պահպանության մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի ցուցադրումը պետության կողմից ձեռնարկված անվտանգության անհամաչափ միջոց է։
«Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ», — գրել է օմբուդսմենը Facebook-ում։
Պատգամավորների հարցերը կառավարությանը
Պատգամավորների մեծ մասի հարցերն ուղղված էին անձամբ վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Պատգամավորները հետաքրքրվել են, թե արդյո՞ք գաղտնի պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ, որի մասին փետրվարի սկզբին հաղորդել էր Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա խոսել էր չհրապարակված, բայց ստորագրված փաստաթղղթի մասին։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 11-ին հաստատել էր, որ պայմանավորվածություններ կան, որոնք վերաբերում են Գորիսի և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի միջև ճանապարհային հատվածին, «քանի որ այնտեղ ճանապարհն անցնում է վիճելի հատվածներով»։
Դա մեծ արձագանք էր առաջացրել երկրում, քանի որ դրանից առաջ պաշտոնապես հաղորդվում էր միայն երկու փաստաթղթերի մասին, որոնք Մոսկվայում ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները։
Առաջինն Արցախում հրադադար հաստատելու մասին է, այն ստորագրվել է 2020 թ-ի աշնանը։ Իսկ 2021 թ-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք իրականացնելու են առաջին հայտարարության որոշակի կետերը։
Այսօր խորհրդարանում ուղիղ պատասխան չհնչեց։ Վարչապետի փոխարեն այն հարցերին, թե արդյոք ադրբեջանական կողմի հետ հուշագիր է ստորագրվել, ով է այն ստորագրել և արդյոք փաստաթուղթը ստորագրվել է ճնշման տակ, պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․
«Մենք անընդհատ կրկնում ենք, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2020 թ-ի դեկտեմբերին։ Ռուսական կողմը համաձայնեցրել է ադրբեջանականի հետ։ Եվ ես այս ամբիոնից հաղորդել եմ այդ մասին, հաստատել այն, ինչ հայտարարվել է դեկտեմբերի 19-ին։ Լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չկա»։
«Եթե կառավարությունն ինքնուրույն է ամեն ինչ կազմակերպել և արդեն կատարում է այդ փաստաթուղթը, նշանակում է, որ իշխանությունը բռնազավթված է», — հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Բանն այն է, որ նման փաստաթուղթն, ինչպես պնդում է պատգամավորը, կարող է կյանքի կոչվել միայն խորհրդարանում վավերացվելուց հետո։
Իսկ փոխվարչապետն ի պատասխան միայն հայտարարեց, որ «այդ հարցի հետ կապված ոչ մի իրավական խնդիր չկա և չի լինելու»։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, որը վերաբերում էր 2021 թ-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների մտադրությանը․
«Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց։ Եվ ընտրություններն այս հարցի լուծման մեխանիզմն են, ժողովրդի համար արտահայտվելու հնարավորություն։ Որպեսզի կարծիք կարողանան արտահայտել ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք ժամանակ ունեն մասնակցելու կառավարական կամ ընդդիմադիրների հանրահավաքներին, այլ՝ բոլորը»։
Սա պատասխան է ընդդիմության և նրա համախոհների՝ Արցախում հրադադարի վերաբերայլ հայկական կողմի համար անբարենպաստ փաստաթուղթ ստորագրած վարչապետի հրաժարականի պահանջին։ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է համաժողովրդական ընտրությունների արդյունքում և կհեռանա այն ժամանակ, երբ երկրի բոլոր բնակիչներն արտահայտվելու հնարավորություն կունենան։
Ընդդիմության հանրահավաքը
Հանրահավաքի ընթացքում խորհրդարանի տարածքի աննախադեպ պահպանության առնչությամբ հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը․
«Մենք արդեն քանի օր է՝ ակցիաներ ենք անցկացնում, և ցուցարարների կողմից սադրանքների ոչ մի դեպք չի եղել։ Մնալու ենք օրենքի շրջանակում, ավելացնելու ենք հասարակական ճնշումն ու հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը [խոսքը վարչապետի հրաժարականի մասին է]»։
Հանրահավաքի գլխավոր առիթը Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունն էր։ Այս առաջարկով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ ղեկավարության հայտարարությունից հետո, որում գեներալիտետը պահանջել էր նրա հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանը ԳՇ գործողությունները գնահատել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ և նախագահին ուղարկել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին փաստաթղթերը։
Սակայն նախագահը երկու անգամ փաստաթուղթը հետ էր ուղարկել՝ առանց ստորագրության։ Ընդ որում, մարտի 2-ին հայտնի էր դարձել, որ երկրորդ անգամ ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ՝ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել։
Նա խնդրել էր ուսումնասիրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում արված փոփոխությունների սահմանադրականությունը։ Այս օրենքը կարգավորում է, մասնավորապես, զինվորականների պաշտոնանկության հիմքերը։
Հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը, որն ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն է, հայտարարել է, որ նախագահն, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանի հեռացման մասին հրամանագիրը Սահմանադրական դատարան չի ուղարկել․
«Իրավաբանները մի միջոց են գտել, որի համաձայն՝ Օնիկ Գասպարյանին չեն կարող պաշտոնանկ անել մինչև մարտի ութը։ Այս ընթացքում նախագահը կրկին պետք է միջամտի։ Սա խոստում է, և իրավիճակը պարզաբանվել է մեր պատվիրակությանը [ցերեկն ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ]։ Այսինքն՝ մենք ամբողջությամբ չենք ստացել այն, ինչ ուզում էինք, սակայն ելք կա»։