Դիմորդները չեն ընդունվել Հայաստանի բուհեր՝ չնայած բարձր միավորներին
Հայաստանում դիմորդները ծնողների հետ արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Պատճառն այն է, որ դիմորդները, որոնք քննություններին բարձր միավորներ են ստացել, չեն ընդունվել բուհեր: Միևնույն ժամանակ, համալսարաններ են ընդունվել նրանք, ովքեր ավելի քիչ միավորներ են հավաքել: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել կրթության նախարարության նոր որոշման պատճառով, որն ընդունվել էր ընդունելության քննություններից ընդամենը ամիս ու կես առաջ: Եվ շատերին այդ տեղեկությունը պարզապես չի հասել:
Համաձայն ընդունելության նոր կանոնների՝ առաջնահերթությունը տրվել է դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և ոչ թե միավորներին: Այսինքն տարբեր ֆակուլետներ դիմած դիմորդներն իրար հետ մրցել են ոչ թե ընդհանուր հանդիսացող քննական առարկայից ստացած միավորով, այլ միևնույն մասնագիտական կողմնորոշում ունեցող դիմորդներն են միմյանց հետ «մրցել» պետպատվերի կամ վճարովի համակարգում սովորելու համար:
Համալսարաններ ընդունվել են այն դիմորդները, ովքեր նշել են այս կամ այն ֆակուլտետը առաջին տողով, այսինքն՝ որպես առավել ցանկալի, և ոչ թե նրանք, ովքեր հավաքել են բարձր միավորներ, ինչպես նախկինում էր:
Բանն այն է, որ Հայաստանում դիմորդը կարող է ընտրել ոչ միայն մի քանի ֆակուլտետ, այլ նաև մի քանի համալսարան:
● Հայաստան․ կրթությունը՝ հակամարտության անտեսանելի զոհ
● Հայաստանում պետությունը կօգնի աշխատող ուսանողներին վճարել ուսման վարձը
● Վրաստան․ քովիդ–դարաշրջանի ընդունելության առաջին քննությունը
Օրինակ, պայմանական N դիմորդը սոցիոլոգիայի ֆակուլտետը նշել է առաջին տողով, իսկ լրագրությունը՝ երկրորդ: Քննություններին նա հնարավոր 20 միավորից հավաքել է 18 միավոր: Ասենք, սոցիոլոգիայի ֆակուլտետի համար անցողիկը 18,5 միավորն է, և դիմորդը մրցույթը չի անցել:
Եթե առաջ նա ինքնաբերաբար կարող էր դառնալ լրագրության ֆակուլտետի ուսանող, ապա այժմ լրագրության ֆակուլտետ ընդունվել է նա, ով նշել է այդ մասնագիտությունը որպես առավել ցանկալի: Նույնիսկ այն դեպքում, եթե ստացել է շատ ավելի ցածր միավորներ, քան մրցույթից դուրս մնացած «սոցիոլոգը»:
Անօգուտ քննարկումներ
Համալսարան չընդունված դիմորդները դիմել են մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահին՝ կրթության նախարարության նոր որոշումը չեղարկելու խնդրանքով:
Հուլիսի 22-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ այդ հարցի քննարկումը:
Մինչ Ազգային ժողովի պատգամավորները քննարկում էին իրավիճակից հնարավոր ելքերը, փողոցում ընթանում էր դիմորդների ծնողների բողոքի ակցիա:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նրանց ասել է.
«Պետք է հաղորդեմ, որ ոչ կրթության նախարարը, ոչ նրա տեղակալը քննարկմանը ներկա չեն եղել, այնպես որ հնարավոր չեղավ կոնկրետ լուծում գտնել»:
Դրանից հետո դժգոհ դիմորդներին ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա խոստացել է քննարկել իրավիճակը իշխանությունների հետ:
Այնուհետև դիմորդների և նրանց ծնողների հետ հանդիպել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Բողոքողները առաջարկել են կամ համալսարաններում տեղեր ավելացնել, կամ թույլատրել մրցույթից դուրս մնացած դիմորդներին սովորել մեկ կիսամյակ: Այդ դեպքում այն ուսանողները, որոնք լավ կսովորեն, կշարունակեն ուսումը, իսկ ովքեր իրենց լավ չեն դրսևորի, կլքեն համալսարանը:
Թամրազյանի խոսքով՝ առայժմ նախարարությունը չի կարող այդպիսի միջոցներ ձեռնարկել:
«Ինձ տեղեկացրել են, որ չընդունված 739 դիմորդներից 550-ը արդեն դիմել են թափուր տեղերի համար: Այնպես որ, մնում են 200-ից պակաս դիմորդներ, ովքեր դեռ կարող են դիմում տալ: Դուք ասում եք, որ չգիտեիք նոր որոշման մասին: Նախարարը բազմիցս խոսել է այդ մասին սոցցանցի իր էջերում, նախագիծը քննարկվել է խորհրդարանում: Մի մոռացեք, որ երկրում արտակարգ իրավիճակ է, կորոնավիրուսի համավարակ: Մենք չէինք կարող [անհատապես] տեղեկացնել 15 հազար դիմորդի»,- ասել է Թամրազյանը:
Ինչ են ասում փորձագետները
Չընդունված դիմորդների հետ կապված իրավիճակը մեկնաբանել է Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա կրկին բացատրել է նախարարության դիրքորոշումը մասնագիտություն ընտրելու առաջնահերթության և դիմորդի առաջին հայտի մասին.
«Դա նշանակում է, որ եթե դիմորդը չի ընդունվել առաջին հայտով, ապա մրցույթին մյուս հայտերով նա կարող է մասնակցել միայն այն դեպքում, եթե նշված ուղղությամբ մնացել են թափուր տեղեր…
18 և բարձր միավոր ստացած դիմորդներից միայն 6-ը չեն ընդունվել բուհ: Այդ հարցը քննարկվում է: Մնացածը ստացել են 18-ից ցածր միավորներ»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համարում է, որ գործող համակարգը ընդհանրապես պետք է փոխվի, քանի որ հակասում է բուհերի ինքնակառավարման սկզբունքին.
«Հայաստանում բուհերը իրավունք չունեն ուսանողներին ընտրելու, մինչդեռ միջազգային հանրության մեջ ընդունված է, որ բուհի ինքնակառավարման սկզբունքներից մեկը պետք է լինի սեփական որոշման իրավունքը, թե ում ընդունել որպես ուսանող»:
Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ եթե հենց բուհերն ուսանող ընտրելու իրավունք ունենային, խնդիր չէր առաջանա: