«Դեղին ջրի» մոտ ապրողները
Ադրբեջանի հարավում գտնվող Սարիսու լիճը [բառացիորեն՝ «դեղին ջուր» — խմբ.] երկրում ամենախոշորն է: Շրջակա գյուղերի բնակիչներից շատերի համար այն սննդի միակ աղբյուրն է: Այստեղ վայրի թռչուններ են որսում և ձուկ բռնում ուտելու և վաճառքի համար:
Լիճը Սարիսու է կոչվում, ոչ թե արտասովոր ջրի, այլ աճող եղեգների պատճառով: Դրանք ամռանը արևի տակ այրվում են ու մինչև հաջորդ գարուն լճի ափերը դեղին են լինում:
Որսորդ Վահիդ Ալիևը նավակի շղթան արձակում է փայտյա նավամատույցից: Իսկ ինչ-որ մեկն այդ ընթացքում վերադառնում է որսից:
Այստեղ առավոտը սկսվում է որսորդական հրացանների կրակոցներից և թռչունների ճիչերից: Լճում բադեր, սագեր, փարփարներ, տարգալակտուցներ, մոխրագույն ձկնկուլներ կան: Տարգալակտուցը Կարմինր գրքում է գրանցված, և դրա որսն արգելված է:
Սաբիրաբադցի որսորդ Սահիբը նույնպես նրանցից է, ովքեր Սարիսու լիճ վաստակի են գնում: Արդեն 40 տարի նա ամեն օր հագնում է որսորդական համազգեստը, երկարաճիտ կոշիկներն ու գնում: Հաճախ նա փարփարի որս է անում: Ասում է, որ շատերին փարփարը դուր չի գալիս մսի յուրահատուկ հոտի և գույնի պատճառով, սակայն ավելի լավ բանի բացակայության պարագայում շատերը դրա համար էլ են ուրախ:
Այստեղի բնակչությունը ճանապարհների ցեխից բացի տառապում է գործազրկությունից: Կոմունալ ծառայությունների հետ նույնպես խնդիրներ կան. գազ կա շրջկենտրոնում և որոշ գյուղերում, սակայն մնացածներում փայտ են վառում: Օրինակ, Յուհարի Ախտաչի գյուղում դրա պատճատով գրեթե ծառ չի մնացել:
Ջրմուղը նույնպես չի աշխատում, սակայն բարեբախտաբար Կուր գետը հեռու չէ, դրանից մարդիկ ջուր են վերցնում:
Տեղի բնակիչները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Եվ այդ պատճառով էլ շատ բակերում սաման ու խոտի դեզ կա:
Սաբիրաբադի գյուղերում գործազուրկ երիտասարդությունն անհամբեր սպասում է բամբակ հավաքելու սեզոնի մեկնարկին: Օրինակ, Մալիք Ալիևը: Նա ասում է, որ նախորդ սեզոնին ուրիշի հողատարածքում բամբակը հավաքում և հանձնում էր կիլոգրամը 10 գյափիկով: Նրա օրական եկամուտը լավագույն դեպքում 10 մանաթից (մոտ 7 դոլար) ավել չէր լինում: Այդ օրերին նա կարող էր գնել ոչ միայն սոխ ու կարտոֆիլ, այլ նաև միս:
Այժմ Մալիքը ճամփեզրին խնձոր է վաճառում՝ 3 կգ-ը մեկ մանաթով. դա ծիծաղելի գին է Բաքվի չափանիշներով: