«Դա մեղքի օրինականացում է»․ Վրաց եկեղեցու պատրիարքարանը բողոքում է Pride երթի անցկացման դեմ
«Թբիլիսի Pride-ը վարկաբեկում է արևմտյան արժեքները Վրաստանում»․ կարծում է Վրաց եկեղեցու պատրիարքարանը
Վրաստանի պատրիարքարանը հունիսի 30-ին հայտարարություն է տարածել՝ ընդդեմ Թբիլիսիում տարբեր գենդերային կողմնորոշման անձանց իրավահավասարության Pride միջազգային շարժման հետ համերաշխության ակցիա անցկացնելու նախաձեռնության։
2021 թ-ի հունիսն աշխարհում դարձել է Pride ընդհանուր կարգախոսով երթերի և տարբեր միջոցառումների անցկացման ամիս։ Դրանց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ։ Նախևառաջ, դա ԼԳԲՏ համայնքն է, սակայն բնավ ոչ միայն նրանք։ Տարբեր գենդերային կողմնորոշման անձինք, այդ թվում՝ ավանդական, հավաքվում են միասին՝ տոնելու սերը, բազմազանությունը, ընդունումն ու ինքն իրենով հպարտանալը՝ անկախ մեծամասնությանը կամ փոքրամասնությանը պատկանելու հանգամանքից։
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանն այդ թվում դիմել է Եվրախորհրդարանի պատգամավորներին և Վրաստանում հավատարմագրված դեսպաններին՝ Թբիլիսիում նման ակցիաներ անցկացնելը խրախուսելուց և սատարելուց զերծ մնալու խնդրանքով։ Պատրիարքարանը կարծում է, որ դա կհանգեցնի Վրաստանում արևմտյան արժեքների վարկաբեկմանը։
«Բացարձակապես անհրաժեշտ է, որ մեր հասարակությունը հասկանա, որ եվրոպական ժողովրդավարությունը չի նշանակում Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության հրաժարում իր կենսակերպից, հայացքներից և կրոնական զգացմունքներից»,- ասված է պատրիարքարանի հայտարարությունում։
Եկեղեցու կարծիքով՝ Pride ակցիայի կազմակերպիչների նպատակը «մեղքի օրինականացումն է», «ոչ ավանդական կենսակերպի քարոզչությունը», «սադրանքն ու հակասումն ընդունված բարոյական նորմերին»։
Պատրիարքարանը Վրաստանի իշխանությանը նաև կոչ է անում թույլ չտալ Թբիլիսիում «Pride շաբաթվա» անցկացումը․
«Կառավարությունը պետք է ճիշտ գնահատի ստեղծված իրավիճակը, գործի՝ պետական կայունության և քաղաքացիական խաղաղության շահերից դրդված, և խուսափի ապակայունացումից։
Երբ մարդկանց մի փոքր խումբը ճնշում է բացարձակ մեծամասնության ընտրությունը, դա բռնություն է և խախտում է հասարակության իրավունքներն ու ազատությունները»։
Պատրիարքարանը հայտարարել է, որ «Ուղղափառ եկեղեցին միշտ ըմբռնումով է մոտենում մեղսագործներին, բայց ոչ մեղքերին։ Որևէ մեկի նկատմամբ ատելությունն ու բռնությունը բացարձակ անթույլատրելի են։ Սակայն նույնքան անթույլատրելի է հպարտանալ սեփական մեղսագործությամբ և փորձել այն պարտադրել մյուսներին»։
Պատրիարքարանը նաև կարծում է, որ Pride ակցիան «կտրուկ բացասական ազդեցություն կգործի անչափահասների հոգեկանի վրա և կխախտի երեխաների շահերը»։
«Թբիլիսի Pride» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ, պլանավորում է «Pride շաբաթ» անցկացնել հուլիսի 1-5-ը։
Շաբաթը կբացվի հուլիսի 1-ին Թբիլիսիում վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ և ռոք համերգի փառատոնով։ Գլխավոր միջոցառումը կլինի «Պատվո երթը», որը հուլիսի 5-ին կանցկացնեն ԼԳԲՏ-ակտիվիստներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում։
Թբիլիսի Pride-ի գործողություններն առաջացրել են նաև ծայրահեղ աջ խմբերի դժգոհությունը։ Գործարար, «Էրի» (ազգ) ուլտրապահպանողական շարժման հիմնադիր, հակա-ԼԳԲՏ-և հոմոֆոբ շարժման առաջատար ֆիգուրներից մեկը երկրում՝ Լևան Վասաձեն, կառավարությանը վերջնագիր էր ներկայացրել։
Հունիսի 15-ին նա «Վրացական երազանքին» տասն օր էր տվել, որպեսզի այն չեղարկի երթն ու օրենք ընդունի, որն արգելում է «այլասերման քարոզչությունը»։
Վասաձեի պահանջներն իշխանությունը չի կատարել։ Սակայն իշխող թիմի ներկայացուցիչները կարծում են, որ Թբիլիսի Pride-ը չարժե անցկացնել, քանի որ դա տարբեր ուժերի կողմից օգտագործվելու է սադրանքների և ապակայունացման համար։