Դավաճաններ: Թե՞ զոհեր
Հարավային Օսիայում հանգուցալուծման է մոտենում Պուխաև եղբայրների գործով դատական գործընթացը, վերջիններս ձերբակալվել են Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեի կողմից 2014թ. հունիսին: Այն ժամանակ նրանք Ցխինվալ էին ժամանել Վրաստանում երկարամյա բնակությունից հետո, իրենց մորն այնտեղ թաղելու և նրա խնդրանքն ի կատար ածելու համար:
Ցխինվալում ծնված Իգոր և Բատիր Պուխաևներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ իշխանության բռնազավթում և հայրենիքի դավաճանություն: Պուխաևների գործով մեղադրական եզրակացությունը փոխանցվել է Ցխինվալի քաղաքային դատարան 2015թ. հոկտեմբերի 27-ին: Դատական գործընթացը սկսվել է այս տարվա հունվարին, սակայն մարտի 10-ին ամբաստանյալներից մեկին՝ Իգոր Պուխաևին ներում է շնորհել Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը, և նա փոխանցվել է Վրաստանի իշխանություններին:
Իր դատավճռին է այժմ սպասում միայն Պուխաևներից մեկը՝ Հարավային Օսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բատիր Պուխաևը:
Ահաբեկիչների հանցակիցնե՞ր
Դատարան ներկայացված նյութերի համաձայն, Բատիր և Իգոր Պուխաևները «մեղադրվում են դիտավորյալ հանցագործություն կատարելու, մասնավորապես Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ստեղծած ժամանակավոր վարչակազմի հետ համագործակցելու համար»: Քննության տվյալներով, Պուխաև եղբայրներն անցել են Վրաստանի կողմն ու սկսել աջակցել Հարավային Օսիայում ահաբեկչական համարվող Դմիտրի Սանակոևի գլխավորած ժամանակավոր վարչակազմին:
JAM-news-ի դոսյե
2007թ. մայիսին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անմիջական մասնակցությամբ, այն ժամանակ Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող վրաց-օսական հակամարտության գոտու տարածքում, որտեղ տեղակայված են եղել վրացական գյուղեր, ստեղծվել է Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմ: Այդ տարածքում անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքում հաղթել է 38-ամյա Դմիտրի Սանակոևը՝ նախկինում Ցխինվալի ուժային գերատեսչության ղեկավարը: Վրաստանը դիտարկում էր այդ նախագիծն ու Սանակոևին որպես Հարավային Օսիայում 2006թ. նոյեմբերին անցկացված և պաշտոնական Թբիլիսիի կողմից չճանաչված նախագահական ընտրությունների այլընտրանք, որոնց արդյունքում վերընտրվել էր Էդուարդ Կոկոյտին:
Մինչ Կոկոյտին հաստատեց Վրաստանից անկախանալու նախկին ուղղվածությունը, ժամանակավոր վարչակազմն իր տարածքում «այլընտրանքային» հանրաքվե անցկացրեց, և Սանակոևի ընտրողների 94 տոկոսը հանդես եկավ Թբիլիսիի հետ կոնֆեդերատիվ պայմանագրի օգտին: Աստիճանաբար ժամանակավոր վարչակազմի աշխատանքը ավելի եւ ավելի ֆորմալ բնույթ էր կրում, և 2008թ. վրաց-ռուսական պատերազմից հետո այն դադարեց գոյություն ունենալ:
Հարավային Օսիայի խորհրդարանը 2015թ. ժամանակավոր վարչակազմի գործունեությունը ահաբեկչական և Հարավային Օսիայի Հանրապետության պետական շահերին վտանգ ներկայացնող ճանաչեց, իսկ Դմիտրի Սանակոևի և նրա թիմի հանդեպ իշխանությունները միջազգային հետախուզում հայտարարեցին: Պուխաև եղբայրներն, ըստ մեղադրող կողմի, այդ թիմի անդամ են եղել և մասնակցել են նշված ընտրությունների կազմակերպմանը:
Նախագահի վրե՞ժ
2006թ. Իգոր Պուխաևը Վլադիկավկազում խաղատուն ուներ, իսկ նրա եղբայր Բատիր Պուխաևը Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավոր էր, ով բացահայտ անհամաձայնություն էր հայտնում Հարավային Օսիայի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտիի քաղաքականությանը:
Պուխաևների հարազատների պնդմամբ, Էդուարդ Կոկոյտին սկսեց վրեժ լուծել երկու եղբայրներից Դմիտրի Սանակոևի հետ նրանց կապի համար: Իգոր Պուխաևի բիզնեսը Վլադիկավկազում սկսեց Հյուսիսային Օսիայի-Ալանիայի ուժային կառույցների «արշավների», ինչպես նաև Հարավային Օսիայի ուժային կառույցների խուզարկության ենթարկվել:
Պատմության առանցքային պահ էր Բատիր Պուխաևի կենցաղային վիճաբանությունը ՀՕՀ ներքին գործերի նախարար Ռոբերտ Գուլիևի հետ: Ինչպես պատմում են ականատեսները, նրանք կռվեցին, սակայն նույն օրն էլ հաշտվեցին: Սակայն հաջորդ օրը ուժային կառույցների աշխատակիցները բռնել են Բատիրին և նրա կրտսեր եղբայր Ինալին, ծեծել և նետել Թամարշենի բնակավայրի մոտակայքում, որը Թբիլիսիի վերահսկողության տակ էր:
Բատիր և Ինալ Պուխաևներին նկատել է վրացական ոստիկանությունը, նրանց բժշկական օգնություն են ցուցաբերել:
Շուտով Բատիր և Իգոր Պուխաևները տեղափոխվեցին Թբիլիսի և ինչ-որ ժամանակ անց երկուսն էլ Սանակոևի վարչակազմում պաշտոններ ստացան: Նրանց փոքր եղբայր Ինալը մեկնեց Ռուսաստան, սակայն հետո վերադարձավ Ցխինվալ, որտեղ բնակվում է այժմ և որևէ խնդիր հարավօսական իշխանությունների հետ չի ունեցել և չունի:
Բատիր և Իգոր Պուխաեևներն առաջին անգամ Հարավային Օսիա են եկել 2014թ. հունիսին: Մահացել էր նրանց մայրն, ով նրանց հետ ապրում էր Թբիլիսիում, սակայն խնդրել էր թաղել իրեն պատմական հայրենիքում:
Պուխաևների վերադարձը շատերի կողմից բացասական ընդունվեց, քանի որ նրանց դավաճան էին համարում: Ցխինվալում Պուխաևների ներկայության առաջին իսկ օրը նրանց հարևաններից մեկը եղբայրների տան վրա ինքնաձիգի փամփշտակալը դատարկեց: Կրակողին ՆԳՆ ձերբակալեց, սակայն նույն օրը բաց թողեց, իսկ Պուխաև եղբայրներին տարան Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտե:
Թաղման ժամանակ նրանց զինված պահակախմբով թույլ տվեցին տուն գնալ: Հետո կրկին ձերբակալեցին: Շուտով Պուխաև եղբայրներին մեղադրանք առաջադրվեց 3 հոդվածներով՝ ահաբեկչություն, իշխանության բռնազավթում և հայրենիքի դավաճանություն (հետագայում հայրենիքի դավաճանություն հոդվածը հանվեց):
Տարօրինակ դատ, անսպասելի ազատ արձակում
Ընդհանուր առմամբ Պուխաևներն արդեն կալանքի տակ են մեկ տարի 9 ամիս: Դատն անցկացվում է փակ ռեժիմով: Ռուսական քաղաքացիություն ունեցող փաստաբաններին Պուխաևին մոտ չթողեցին, բարեկամներին խորհուրդ էին տալիս Ցխինվալում բնակվող և հարավօսական քաղաքացիություն ունեցող փաստաբանների ծառայություններից օգտվել:
Պուխաևների բարեկամների պնդմամբ, մեղադրական նյութերում նշվում է, որ Իգոր և Բատիր Պուխաևներն իբր խորհրդակցություններ են ունեցել Վրաստանի ռազմական ղեկավարության հետ Ցխինվալի գրավման սցենարի մշակման ժամանակ: Այդ մեղադրանքները պաշտպանությունը համարում է կեղծ և աբսուրդ է անվանում:
Նման ռեզոնանսային դատական գործընթացի ֆոնին անսպասելի էր ՀՕՀ նախագահ Լեոնիդ Թիբիլովի որոշումը, որով մարտի 10-ին ներում շնորհվեց Պուխաև եղբայրներից մեկին՝ Իգորին: Համարվում է, որ Պուխաևի ազատ արձակումը հնարավոր է եղել Լոնիդ Թիբիլովի, Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև ձերբակալվածների փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, ովքեր իրենց պատիժն էին կրում այդ երկրների տարածքում: Փոխանակումը կայացել է մարտի 10-ին վրաց-աբխազական սահմանին:
«Էխո Կավկազայի» հետ զրույցում Բատիր Պուխաևը հայտնել է, որ իրեն առաջարկել են համաձայնել առողջության պատճառաբանությամբ համաներմանը, սակայն նա մերժել է այդ առաջարկը, քանի որ իրեն անմեղ է համարում և մտադիր է ապացուցել դա դատարանում: Այժմ Բատիր Պուխաևի գործով դատական պրոցեսն, ըստ նրա փաստաբան Իրինա Էլբակիձեի, ավարտին է մոտենում: Սպասվում է, որ կողմերը կանցնեն բանավեճի ապրիլի 14-ին:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 13.04.2016