«Դառնալ ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը»։ Վրացի փորձագետները՝ տնտեսական ճգնաժամից ելքի ուղիների մասին
Վրաստանի կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային պլանը, որի համաձայն՝ օգնություն է տրամադրում ինչպես կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած ճգնաժամից տուժած քաղաքացիներին, այնպես էլ գործարարներին։ Պլանը քննադատել է ընդդիմությունը՝ գլխավորապես ոչ մեծ նպաստների մասով։
Transparency International Georgia–ի վերլուծաբան Բեսո Նամչավաձեն և տնտեսագետ Անդրիա Գվիդիանին JAMnews–ին տված հարցազրույցում պատասխանել են կառավարության ծրագրի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև խոսել տնտեսական ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիների մասին։
Արդյո՞ք պետության տրամադրած օգնությունը քաղաքացիներին բավական է, և արդյոք հնարավոր էր այդ միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել։
Անդրիա Գվիդիանի․ «Եկեք չմոռանանք, որ մենք սահմանափակ ռեսուրսներով երկիր ենք, մեծ բյուջե չունենք, ցավոք, հարուստ չենք, հետևաբար, ֆինանսական օգնությունը պետք է բաշխվի՝ ըստ այսօր մեր երկրում գոյություն ունեցող իրականության։
Ինչ վերաբերում է ծախսերի արդյունավետությանը, կարծում եմ, որ հակաճգնաժամային պլանը բավականին շատ խմբեր է ներառում՝ ներառյալ ինքնազբաղներին։ Ինչպես նաև աշխատավարձերը կորցրած մարդկանց։
Մոտ մեկ միլիարդ 35 մլն լարի [մոտ $323 մլն] ծախսվում է անմիջականորեն սոցիալական օգնության վրա, և ես կարծում եմ, որ դա բավականին մեծ թիվ է այն դեպքում, երբ մեր բյուջեի մուտքերը զգալիորեն կրճատվել են»։
Բեսո Նամչավաձե․ «Նախևառաջ, (այն, ինչ առաջարկել է կառավարությունը), պլանի միայն կեսն է, որովհետև իրականում դա սոցիալական փաթեթ է։ Երկարաժամկետ պլան չէ։ Ի՞նչ է լինելու 2021 թ–ից սկսած։ Մենք ծանոթ չենք ողջ պլանին, թե ինչպես ենք ապրելու համավարակից հետո և ինչ տնտեսական քաղաքականություն ենք վարելու։
Ցավոք, դեռևս մեծ վտանգ կա, որ մարդկանց մի մեծ հատված առանց փողի և, ընդհանրապես, առանց եկամտի կմնա։ Ինքնազբաղների շրջանում 300 լարի [մոտ $100] մեկանգամյա օգնություն կարող է ստանալ ընդամենը մոտ 30 տոկոսը։ Դրա վրա պետք է աշխատել, չի կարելի մարդկանց սովի մատնել»։
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
- Կարծիք․ կորոնավիրուսի դեմ պայքարը Վրաստանում․ խարխափումներ խավարում
- Հայաստան․ որքանո՞վ է տուժելու բիզնեսը կորոնավիրուսից, ի՞նչ է սպասվում տնտեսությանն արտկարգ դրությունից հետո
— Արդյո՞ք կառավարությունը պետք է «գոտին ձգի» կամ ծախսերը կրճատի։ Արդյո՞ք արժե գումար ծախսել ենթակառուցվածների վրա և նվազեցնել հարկերը։
Անդրիա Գվիդիանի․ «Այս փուլում կառավարությունն ընթացիկ ծախսերը կրճատել է 300 միլիոն լարիով [մոտ $94 մլն]։
Կարծում եմ, որ կառավարությունը պետք է գտնի բոլոր ռեսուրսները՝ բյուրոկրատիայի ծախսերը նվազագույնի հասցնելու և դրանք ենթակառուցվածքային նախագծերի համար օգտագործելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, որքան չափերով ավելի փոքր է կառավարությունը և որքան քիչ գումար է ծախսվում բյուրոկրատիայի վրա, այնքան ավելի լավ ոչ միայն համավարակի պայմաններում, այլև ընդհանրապես»։
Բեսո Նամչավաձե․ «Հիմա սոցիալական պայմաններն այնքան բարդ են, որ թերևս չարժե մարդկանց պարզապես հեռացնել պետական հատվածից։ Սակայն կարելի է, օրինակ, հավելավճարներ և պարգևավճարներ չտալ նրանց։
Հաջորդ տարի կառավարությունն անելանելի վիճակում է հայտնվելու, այն հարկադրված է լինելու կրճատել ծախսերը, որովհետև բյուջեի պակասորդը երեք տոկոսով սահմանափակող օրենքը նրան պարտավորեցնում է անել դա։
Ընդդիմությունը խոսում է հարկերի նվազեցման մասին, սակայն այս պահին դա ոչինչ չի տա։ Իսկ եթե խոսենք այն մասին, թե ինչ տնտեսական քաղաքականություն մենք պետք է վարենք 2021 և 2022 թթ–ին, ապա, կարծում եմ, որ արժե առավելագույնս նվազեցնել հարկերի դրույքաչափերն՝ ավելի շատ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։
Սակայն ի՞նչ կփոխվի հիմա, եթե մենք ԱԱՀ–ից ազատենք ընկերությանը, որն, առանց այդ էլ, կանգնած է։ Ոչինչ։ Այն, միևնույն է, չի վճարելու ոչ ԱԱՀ, ոչ շահութահարկ։ Երբ ընկերությունները վնաս են կրում, ինչո՞ւ պահանջել շահութահարկի չեղարկում։ Ավելի լավ է այնպես անել, որ վնասներ չլինեն»։
— Այն պայմաններում, երբ Վրաստանը կորցնում է եկամուտը զբոսաշրջությունից, կրճատվում են նաև միգրանտների դրամական փոխանցումներն, ի՞նչ անել՝ այդ կորուստները փոխհատուցելու համար։
Անդրիա Գվիդիանի․ «Հարվածն, իհարկե, զգալի կլինի, հատկապես՝ զբոսաշրջության և փոխանցումների ոլորտում։ Այս գործոնները մեզնից կախված չեն, այդ պատճառով քանի դեռ համաշխարհային տնտեսությունը չի սկսել վերականգնվել, հստակ կանխատեսումներ անել գրեթե անհնար է։
Սակայն եթե փոխենք տնտեսական քաղաքականությունն ու այն հարմարեցնենք ներկայիս իրականությանը, ոչ միայն կհաղթահարենք համավարակի հետևանքներն, այլ նաև կարող ենք օգտագործել այդ հնարավորությունը հետագա զարգացման համար։
Այդպիսի հնարավորություններից մեկը Չինաստանից ընկերությունների վերալոկացիան է։
Ավելին, մենք հիդրաէներգետիկայում մեծ ռեսուրսներ ունենք, և այստեղ կառավարությունը պետք է անզիջում քայլեր ձեռնարկի։ Որոշ խմբերի շահերի պատճառով մի շարք նախագծեր կասեցվել են, ինչն անընդունելի է։
Բացի այդ, շատ կարևոր է, որ այսօր հնարավորություն կա ամբողջությամբ էլեկտրոնային կառավարման ռեժիմի անցնելու և էլեկտրոնային կառավարության մոդելը ներդնելու համար։
Երբեմն լսում ենք, թե համավարակը ցույց է տվել, որ լիբերալ տնտեսության դոկտրինը չի աշխատում։ Դա այդպես չէ։ Ընդհակառակը՝ այժմ մենք պետք է ավելի շատ կաթոլիկ դառնանք, քան Հռոմի պապն այդ լիբերալ բարեփոխումների անցկացման հարցում, և մեր տնտեսությունն ավելի բաց դարձնենք։
Այսօր մենք գրավիչ ենք արտասահմանյան ներդրողների համար, որովհետև այլ գործոններին զուգահեռ բաց տնտեսություն ենք, մենք շատ մեծ շուկաների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունենք։
Չեմ կարծում, որ պետք է նվազեցնենք հարկերը։ Մենք, առանց այդ էլ, աշխարհի առաջատար երկրներից մեկն ենք լիբերալ հարկային քաղաքականության տեսանկյունից»։
Բեսո Նամչավաձե․ «Երբ ես խոսում էի հարկերի նվազեցման մասին, հիմնականում նկատի ունեի եկամտահարկը։ Գործազրկությունն ամենամեծ խնդիրն է երկրում։ Եվ աշխատուժի ծախսերի նվազեցումը գործազրկությունը կրճատելու միջոցներից մեկն է։
Սակայն եթե անգամ հարկերը նվազեցնենք, ներդրողների համար դա բավարար չի լինի։ Իռլանդիայում շատ ավելի բարձր են հարկերը, քան մեզ մոտ, բայց երանի մենք այդքան ներդրումներ ունենային, որքան Իռլանդիան ունի։
Կարծում եմ, որ կրթության մակարդակն, այսինքն՝ աշխատուժի որակավորումն ու իրավական համակարգի կարգավորումը Վրաստանի համար մեկ մարտահրավերներն են երկարաժամկետ տնտեսական աճի համար»։