«Դաշնակիցը չի կատարում զենքի մատակարարման պարտավորությունները»․ Հայաստանի վարչապետ
Որտեղից և ինչ զենք է ձեռքբերում Հայաստանը
«Ունենք դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը չի հստակեցրել՝ որ դաշնակցի մասին է խոսքը, սակայն նշել է, որ Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով «որոշակի հաջողություններ ունի» Ադրբեջանը։ Վարչապետի խոսքով՝ Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի: Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ վարչապետն արձանագրել է անհերքելի փաստեր, ինչից հետո կարիք կա «գնահատել այն անվտանգային ճարտարապետությունը, որն ունեցել ենք 30 տարի»։
Վերջին ամսվա ընթացքում սա Փաշինյանի առաջին անդրադարձը չէ զենք-զինամթերքի մատակարարումներին։ Սեպտեմբերի 13-ին նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին։ «Կան երկրներ, որոնք պատրաստ են, բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այդ երկրներից զենք գնի։ Եվ այդ պատրաստ լինել-չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,- նշել էր վարչապետը։
Հուլիսից հնդկական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Երևանը պատրաստվում է Դելիից ռազմական դրոններ գնել։ The Economic Times-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի սկզբին Հայաստանն ու Հնդկաստանը զենքի մատակարարման վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել։
Կարևոր մանրամասները, ի՞նչ է հայտարարել Հայաստանի վարչապետը զենքի ձեռքբերման և դաշնակիցների պարտավորությունների մասին, ի՞նչ զինատեսակներ են մատակարարվելու Հնդկաստանից
«Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի»
Կառավարության՝ սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև խոսել զենք-զինամթերքի մատակարարման խնդիրներից։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը երեկ սահմանին՝ Հայաստանի տարածքում, ինժեներական աշխատանքներ են իրականացրել, երբ Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին։ Ասում է՝ հայկական դիրքերին հարվածներ հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում։
«Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ևս մեկ անգամ հայտարարել է նա։
Նախօրեին Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդեց, որ ժամը 18:00-ին Ադրբեջանի զինուժը կրակ է բացել սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ժամը 22:00-ից հետո իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Նոր մարտերից հետո Հայաստանը հաղորդել է երեք զոհի մասին։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը Ադրբեջանի ձեռնարկած հերթական սադրանքը որակել է որպես «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակություն»։
Փաշինյանի համոզմամբ՝ նման սադրանքներով Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը՝ միաժամանակ խոչընդոտելով նաև զենքի մատակարարումներին։
«Ցավոք, նրանք որոշակի հաջողություն ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի»,- նշել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ այս ամենի նպատակը մեկն է, որ Հայաստանը հրաժարվի իր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից էլ զիջումներ անի։
«Մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,— հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հնչեցրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման իր առաջարկը՝ շեշտելով, որ դա կարող է լինել լուծում ստեղծված իրավիճակում։
«Գնահատել անվտանգային ճարտարապետությունը, որն ունեցել ենք 30 տարի»
Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ բոլորին հայտնի է՝ որոնք են երկրի դաշնակից պետությունները, վարչապետն ընդամենը փաստն է արձանագրել։
«Ազատության» եթերում Ռուբինյանը հիշեցրել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժումից հետո ՀԱՊԿ-ը գործողություններ չի ձեռնարկել, «չի գործարկվել» նաև Ռուսաստանի հետ փոխօգնության պայմանագիրը։ Կարծում է՝ պետք է գնահատել իրավիճակն ու հասկանալ՝ ինչպես է պետք շարժվել առաջ։
«Մենք պետք է գնահատենք այն անվտանգային ճարտարապետությունը, որն ունեցել ենք 30 տարի, իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, արդյո՞ք ունենք ճանապարհներ»,- շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը։
Անդրադառնալով Միացյալ Նահանգներից զենքի ձեռքբերման հավանականությանը՝ Ռուբինյանը նշել է, որ չի կարծում, թե այդ թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա։
Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Դելին
Հնդկաստանից սպառազինություն ձեռք բերելու Երևանի մտադրության մասին առաջինը հայտնել էր հնդկական DnaIndia-ն՝ Մումբայի անգլալեզու խոշորագույն պարբերականներից մեկը: Հաղորդվում էր, որ խոսք է գնում ռազմական դրոնների մասին։ Պարբերականը անանունության սկզբունքով ներկայացրել էր նաև հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե «44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ռուսական ռազմական տեխնիկան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ»։
Հուլիսյան քննարկումներից հետո տևական լռություն էր։ Այսօր հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է մոտ 244 միլիոն դոլարի զենք։
The Economic Times-ի տեղեկություններով՝ երկու երկրների կառավարությունները զենք-զինամթերքի մատակարարման վերաբերյալ մի շարք պայմանագրեր են կնքել այս ամսվա սկզբին․
«Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pinaka հրթիռային համակարգեր, հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերք»։
Ըստ հրապարակման՝ նախատեսվում է նաև Swathi ռադարների մատակարարում:
Ավելի վաղ ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը JAMnews-ի հետ զրույցում նշել էր՝ պետք չէ շարժվել միայն մեկ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Փորձագետի գնահատմամբ՝ հնարավոր է հայ-հնդկական հարաբերությունները հասցնել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մակարդակի:
«Բազմաթիվ դեպքերում Հայաստանի և Հնդկաստանի ազգային շահերը համընկնում են: Հենց դրանով էլ կարող ենք առաջնորդվել և զարգացնել ռազմավարական գործընկերություն, ինչու ոչ, Հնդկաստանի կամ համատեղ արտադրության միջոցով ռազմարդյունաբերությունը զարգացնել նաև Հայաստանում»,- ընդգծել էր Հովհաննիսյանը։
Հայ-հնդկական հարաբերություններն առավել ակտիվացել են 44-օրյա պատերազմից հետո: Ռազմական համագործակցության մասին Երևանն ու Դելին վերջին անգամ ակնարկել էին հուլիսին կայացած Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար: Ի պատասխան Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման ասել էր, որ արդեն իսկ սկսել են «ուսումնասիրել կոնկրետ համագործակցության հնարավորություններ» և ակնկալում են երկարաժամկետ հարաբերություններ։
Որտեղից և ինչ զենք է ձեռքբերում Հայաստանը