Վրաստանում ԱՄՆ դեսպան. «Եթե ընկերդ դեմ է օրենքին, իսկ օկուպանտը՝ կողմ, արժե մտահոգվել»
Դաննիգանը՝ «օտարերկրյա գործակալների մասին»
«Երբ խոսքը վերաբերում է մի օրինագծի, որն անհանգստացնում է ձեր ընկերոջն ու գործընկերոջը, բայց որին օկուպանտը հավանություն է տալիս, միգուցե պետք է մտածել, թե արդյոք դա լավ նշան է»,— Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը նման կարծիք է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նորից շրջանառելու մասին։
Դեսպանի խոսքով՝ այս օրենքի ընդունումը Վրաստանը կհեռացնի եվրոպական ուղուց և բացասական ազդեցություն կունենա հասարակական կազմակերպությունների վրա։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս օրենքը նման է ԱՄՆ-ում գործող օտարերկրյա գործակալների գրանցման ակտին (FARA), Դաննիգանն ասում է՝ դրանք որևէ ընդհանրություն չունեն։
Ի՞նչ է ասել Ռոբին Դաննիգանը
«ԱՄՆ-ն շատ հստակ արտահայտել է իր մտահոգությունները ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր զրույցներում: Բանն այն է, որ դա Վրաստանը կհեռացնի եվրոպական ուղուց և բացասաբար կանդրադառնա հասարակական կազմակերպությունների վրա, որոնք ամեն օր աշխատում են հասարակությանն ու բնակչությանը օգուտ բերելու համար։
Հարկ է նաև նշել, որ Միացյալ Նահանգները միայնակ չէ այս դիրքորոշման մեջ, այս մտահոգությունը կիսում են Եվրամիությունը, Եվրոպական խորհուրդը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհրդարանը և առանձին եվրոպական երկրներ. նրանք նույնպես կարծում են, որ այս օրենքի ընդունումը բացասական ազդեցություն կունենա Վրաստանի եվրաինտեգրման վրա։
Ինչ վերաբերում է այս և ամերիկյան օրենքի նմանությանը, ապա դա ամենևին էլ այդպես չէ։ Միացյալ Նահանգները ողջունում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։ FARA-ն (ԱՄՆ-ում գործող օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) տարածվում է լոբբիստական կազմակերպությունների, ընկերությունների կամ անհատների վրա, ովքեր գործում են ի շահ այլ երկրների և պարտավոր են գրանցվել առանձին ռեեստրում: Այնպես որ նմանության մասին խոսք լինել չի կարող։
Հուսով եմ, որ մենք կշարունակենք աջակցել Վրաստանի եվրոպական ուղուն՝ աշխատելով վրաց ժողովրդի, կառավարության և քաղհասարակության հետ միասին»։
- «Պայքար է սպասվում». Վրաստանում նորից է շրջանառվում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
- Հայաստանի ՀԿ-ներն աջակցում են Վրաստանի քաղհասարակությանը
● Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրորդ անգամ նախաձեռնել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։
● Կառավարության հիմնական փաստարկն այն է, որ Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների թափանցիկությունը հարցականի տակ է, ինչը սպառնում է երկրի անվտանգությանը։ Սակայն ոչ անկախ փորձագետները, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիական հասարակությունը չեն հավատում այս փաստարկին և կարծում են, որ այս կերպ «Վրացական երազանքը» փորձում է երկարաձգել իր իշխանությունը և հող է նախապատրաստում 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի ճնշում գործադրի այլընտրանքային կարծիք ունեցողների վրա։
● «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումն առաջին անգամ իշխող կուսակցության կողմից նախաձեռնվել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից, սակայն քաղաքացիների զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում հետ էր կանչվել։