Դաղստանում իշխանությունները կոչ են արել կինոթատրոններին «բարոյազուրկ ֆիլմեր» չցուցադրել
«Կավկազսկի ուզել», Մախաչկալա
Դաղստանում չպետք է կինոթատրոններում «բարոյազուրկ ֆիլմեր» ցուցադրվեն, ասված է Դաղստանի խղճի ազատության կոմիտեի ղեկավար Մագոմեդ Աբդուրահմանովի՝ կինոթատրոնների տերերին ուղղված կոչի մեջ:
Դաղստանում աշխատող կինոթատրոնների սեփականատերերը պետք է գիտակցեն երիտասարդության հոգևոր զարգացման ողջ պատասխանատվությունը, նրանք պետք է «ներարտադրամասային էթիկական կոդեքս ձևակերպեն, որը կկարգավորի լայն հանրության համար նախատեսվող կինոարտադրանքի ցուցադրումը», — Աբդուրահմանովի այսպիսի կոչով ուղերձը տարածել է կոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
«Տվյալ կոչը դիրքորոշում պարտադրելու կամ ինչ-որ ճիշտ ձևաչափեր ստիպել պահպանելու, աշխատանքի այս կամ այն ձևաչափ ձևակերպելու փորձ չէ: Սա ավելի շուտ խնդրանք է կինոթատրոնների տերերին, որպեսզի նրանք միացնեն ինքնավերահսկողությունը, սկսեն ինքնագրաքննություն կիրառել և դադարեն ցուցադրել այնպիսի ֆիլմեր, որոնք խաթարում են մեր հասարակության բարոյական արժեքները, հանդիսատեսի մոտ հանցագործների հանդեպ համակրանք են առաջացնում, բռնույթուն, թմրամիջոցների մշակույթ, ալկոհոլիզմ են քարոզում, կրոնական և ընտանեկան արժեքների հանդեպ քամահրական վերաբերմունք ձևավորում», — ասված է ուղերձում:
Աբդուրահմանովի ուղերձն ակտիվորեն տարածվել է սոցցանցերում, իսլամին նվիրված խմբերում:
Այդ տեքստի զգալի հաստվածը չնչին փոփոխություններով համընկնում է Վլադիմիր Պուտինի՝ Կինեմատոգրաֆիստներին ուղղված ուղերձի հետ, որը նա կարդացել է 2011թ-ին՝ լինելով Ռուսաստանի վարչապետ: Այսպես, և՛ Պուտինը, և՛ Դաղստանի կինոթատրոնների տերերը գիտեն «կինոյի հզոր համոզիչ ուժը» և այն մասին, թե «այս կամ այն զգացմունքը փոխանցելու ինչպիսի հնարավորություններ դրանում կան», երկուսն էլ էկրաններ բարձրացող ֆիլմերը համեմատում են «այսպես կոչված դեղին մամուլի» արտադրանքի հետ, երկուսն էլ նշում են, որ կինոն «զարգանում է գիտական առաջընթացին զուգընթաց» և «մարդկանց գիտակցության և հոգու վրա ազդեցության նոր ուժ» է ձեռք բերում:
Պուտինի ուղերձում ասվում էր կինոյի աշխատակիցների կողմից ինքնավերահսկողության և պատասխանատվության անհրաժեշտության մասին, որպես էթիկական կոդեքսի գործելու դրական փորձ վարչապետը վկայակոչում էր 1930թ-ին ԱՄՆ-ում ընդունված Հեյզի կոդեքսը: Կինոհամայնքի ներկայացուցիչների հետ Պուտինի այդ հանդիպման տեսագրությունը մինչև այժմ հասանելի է YouTube-ում, ուղերձի տեքստը ջնջված է ռուսական կառավարության կայքից, սակայն այն հասանելի է այլ կայքերում:
Մինչ այդ, Դաղստանում բազմիցս կոչեր են տարածվել մարդկանց պաշտպանելու այն մշակույթից, որը հակասության մեջ է մտնում ավանդական արժեքների հետ: 2015թ-ի փետրվարին տեղական պաշտոնյաները կոչ են արել բոյկոտել «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ վեպի էկրանավորման ցուցադրությունը: 2016թ-ին Կասպիյկայում պաստառ է փակցվել երաժշտություն լսելու մեղսավորության մասին, իսկ 2016թ-ի օգոստոսին սոցցանցերում Հոլի գույների փառատոնին գնացողների հասցեին սպանելու սպառնալիքներ են հայտնվել: