Դադարեցվել է Ադրբեջանի անդամակցությունը հեղինակավոր միջազգային կազմակերպությանը
Ադրբեջանի անդակացումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությանը դադարեցված է, ինչը կարող է վտանգել Ադրբեջանը Եվրոպային միացնող գազատարի միլիարդավոր դոլարների վարկերը:
Այդ որոշումը կայացվել է մարտի 9-ին Բոգոտայում (Կոլումբիա) կազմակերպության կառավարման նիստում:
«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» կազմակերպությունը միավորում է կառավարություններ, ընկերություններ և ոչ կառավարական խմբեր: Այդ խմբի խնդիրը հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներում ավելի արդյունավետ կառավարում խթանելն է:
Մասնավորապես, կազմակերպությանն անդամակցող երկրները պարտավոր են հասարակությունում և լրատվամիջոցներում բաց հանրային քննարկում ապահովել նավթի և գազի արդյունահանման մեթոդների, դրանց վաճառքի միջոցների և ստացված եկամտի բաշխման համակարգերի մասին:
Դրա դիմաց կազմակերպության անդամ երկրները դրական վարկանիշ են ստանում, ինչն ապահովում է միջազգային ֆինանսական ինստիտուտներում վարկերի ստացում և այլ տնտեսական արտոնություններ:
Ադրբեջանը նավթաարդյունահանող երկրների շարքում առաջիններից մեկն էր, որն անդամակցել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» 2005թ-ին՝ դրա ստեղծումից երկու տարի անց:
Խնդիրները սկսվել են 2014թ-ին, երբ Ադրբեջանը սկսել է տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ազատությունը սահմանափակող որոշումներ կայացնել:
«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը» մասնավորապես Ադրբեջանի կառավարությունից պահանջել է.
- պարզեցնել գրանտերի և դոնորների գրանցման համակարգը,
- հանել քաղաքացիական ակտիվիստների՝ երկրից դուրս գալու արգելքը,
- ապասառեցնել նրանց բանկային հաշիվները:
ժամանակ անց «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» կառավարումը համարեց, որ Ադրբեջանի կառավարույթունը չի կատարում պահանջները: Այդ ժամանակ 2015թ-ի ապրիլին երկրի կարգավիճակն իջեցվեց մինչև թեկնածու երկրի:
Հենց այդ ժամանակ հստակ քայլերի պլան առաջարկվեց, որոնք կարող էին բարելավել իրավիճակը և կազմակերպությանն Ադրբեջանի լիիրավ անդամակցությունը վերականգնվել:
Կառավարումը Բաքվին մինչև 2017թ-ի մարտ ժամանակ տվեց: Սակայն ձեռնարկված քայելրը բավական չէին, համարում է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը»:
Մասնավորապես հետևյալ խախտումներն էին նշվում, որոնց պատճառով միջազգային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցումն արդյունքում կասեցվել է.
- տեղական ոչ կառավարական կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր երկու տարին մեկ հաստատել ակրեդիտացիան կամ կրկին անցնել այն;
- նրանք պարտավոր են արդարադատության նախարարությունում գրանցել բոլոր ստացվող գրանտերը;
- արտասահմանյան դոնորները պետք է պաշտոնապես գրանցեն անհատներին տրվող գրանտերը:
Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ մասնակիորեն կատարել է այդ պահանջները: Դա հաստատել է նաև իշխանամետ համբավ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների մի մեծ խումբ:
Սակայն մի խումբ հայտնի անկախ ոչ կառավարական կազմակերպություններ մերկացրել են նրանց՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» ներկայացնելով ապացույցներ, որ երկրում անկախ խմբերի գործունեությունը նախկինի պես անհնար է: Մասնավորապես շատ ակտիվիստներ այսպես կոված «ստոպ-ցուցակներում» են և չեն կարող լքել երկիրը, իսկ մի քանի ոչ կառավարական խմբերի հաշիվներ դեռևս սառեցված են:
Բոգոտայի նիստին մասնակցում էր Ադրբեջանի Ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի խորհրդի համակարգող Գուբադ Իբադօղլուն, որը նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» միջազգային կառավարման անդամ է:
Գուբադ Իբադօղլուն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, որ հեղինակավոր կազմակերպությունից Ադրբեջանին դուրս թողնելը.. լուրջ հետևանքներ կունենա: Կառավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի մնա կազմակերպությունում և շարունակի սկսած բարեփոխումները:
Հակառակ դեպքում առանց այդ էլ փխրուն ներդրումային միջավայրն էլ ավելի կվատթարանա: Կիջեցվի և երկրի, և արդյունահանման ոլորտում աշխատող ազգային ընկերությունների վարկային վարկանիշը:
Դա իր հերթին կդժվարացնի միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալու գործընթացը:
- «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությանն անդամակցությունը կասեցվել է նաև ևս 3 երկրի ՝ Տաջիկստանի, Ղրղզստանի և Սողոմոնյան կղզիների համար:
- Կազմակերպության նոր 52-րդ անդամն է դարձել Հայաստանը՝ պայմանով, որ նրա հաշվետվություններում արտացոլվելու է նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում տարվող գործունեությունը: