«Գրքային պատերազմն» Ադրբեջանում սոցցանցերի ուշադրության կենտրոնում է հայտնվել
«Ալի և Նինո» գրախանութների ցանցի տեր Նիգյար Քոչարլիի բաց տեսաուղերձն Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալեդդին Հեյդարովին իրարանցում է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում:
Իր ուղերձում Քոչարլին հաղորդում է նախարարին, որ նրա անունից տարբեր անձինք ռեյդեր են անցկացնում իր խանութներում և պահանջում հրաժարվել սեփական բիզնեսից հօգուտ Հեյդարովի: Սոցցանցերում տեղադրված տեսաուղերձն արագ տարածվել է և մեծ ռեզոնանս առաջացրել օգտատերերի շրջանում:
«Չորս տարի առաջ Ձեր անունից ինձ ասվել է, որ ես պետք է Ձեզ փոխանցեմ «Ալի և Նինոն»: Եթե դու դա չանես, «ապա մենք փիղ ենք, իսկ դու մրջյուն, հեշտությամբ քեզ կճզմենք», հայտարարել են ինձ», — ասել է Նիգյար Քոչարլին:
Նրա խոսքով՝ 4 տարի շարունակ «Ալի և Նինոյի» հանդեպ «բարոյական տեռոր» են իրականացնում.
«Մաքսատանը խնդիրներ են առաջանում, գաղտնի տեսագրություններ են արվում մեր խանութներում, հարցաքննում աշխատակիցներին, իմ դեմ արշավներ անցկացնում մամուլում և սոցցանցերում: Դա քիչ էր, հիմա էլ «Ալի և Նինո» գրախանութները վտարում են մոլերից (առևտրի կենտրոններից): Ձեր մարդիկ մեզ քշում են այդ խանութներից և այնտեղ իրենց խանութները բացում»:
Քոչարլին վստահ է, որ այդ արշավի ետևում իր մրցակիցն է կանգնած՝ LİBRAFF գրաանութների ցանցը, որը կապում են նախարարի որդու, «Եվրոպա-Ադրբեջան» կազմակերպության ղեկավար Թալե Հեյդարովի հետ: Վերջինս 2014թ-ից TEAS Press հրատարակչատան հիմնադիրն է, որին պատկանում է Libraff գրախանութների ցանցը:
Հաջորդ օրը Libraff-ը հայտարարություն է տարածել, որում հերքել է Քոչարլիի մեղադրանքներն ու մեղադրել «Ալի և Նինոյին» հերյուրանքի, հեղինակային իրավունքների և քոփիրայթի խախտման համար:
Հայտարարությունում նշվում է, որ Libraff-ը մշտապես բարոյական ճնշման և զրպարտության է ենթարկվում «Ալի և Նինոյի» և նրա գործընկերների կողմից:
«Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ TEAS Press հրատարակչատունը մտադիր է մոնոպոլիզացնել գրքերի շուկան: Ցանկանում են բացասական հասարակական կարծիք ձևավորել այդ կառույցի մասին: Քոչարլիի ուղերձն այդ արշավի մի մասն է».
Libraff-ը մեղադրել է մրցակցին նաև քոփիրայթի խախտման համար:
«Քոչարլիի խանութներում ոչ օրիգինալ հրատարակություններ են վաճառվում, դրանք այն գրքերն են, որոնք պատկանում են TEAS-ին: Այդ ապօրինի հրատարակված գրքերը Քոչարլիի խանութների ցուցափեղկերում են: Մոնիթորինգը գրանցել է բոլոր այս փաստերը»:
Սոցցանցերի օգտատերերը տարբեր կերպ են արձագանքում «գրքային պատերազմին»: Նշենք մի քանի բնորոշ մեկնաբանություն:
«Թալե Հեյդարովին գրքային բիզնեսի եկամուտը պետք չէ: Նրա նպատակը վերահսկողությունն է մարդկանց կարդացածի վրա: Մեր երկրում գրելու քիչ թե շատ ունակություն ունեցող մարդիկ հիմա հնարավորություն ունեն գումար վաստակել թարգմանություններով և գրքերի խմբագրմամբ: Այն բանից հետո, երբ գրքերի հրատարակման և տարածման մոնոպոլիա սահմանվի, այդ մարդիկ կկորցնեն իրենց եկամուտը»:
«Իմ կարծիքով, այս ամենը պարզապես Քոչարլիի կողմից ինքնագովազդի ակցիա է: Ո՞վ կհավատա, որ Հեյդարովները, թողնելով իրենց հսկայական փողերը, խայտառակ կլինեն այդպիսի սակավ շահութաբեր բիզնեսի պատճառով»:
«Ցավոք, մենք արդեն սովոր ենք մրցակիցների հանդեպ անազնիվ հնարքներին, հատկապես նրանց կողմից, ովքեր իշխանությունում «մեջք» ունեն: Սակայն ինչպե՞ս կարելի է պահանջել օրենք պահպանել, երբ ինքդ ես այն խախտում և վաճառում չլիցենզավորված գրքեր: Պարզ է, որ ընթերցողը նախընտրում է ավելի էժանը, սակայն վաղ թե ուշ պետք է հրաժարվել այդ պրակտիկայից»:
«Ցավալի է: Շատ: Նիգյար Քոչարլին միլիոններ չի վաստակում, գինու, յուղերի վաճառքով, զբոսաշրջությամբ չի զբաղվում, հյուրանոցներ չի կառուցում: Նա գրքեր է վաճառում: Մի երկրում, որտեղ կարդալ սիրում են ոչ բոլորը: Սակայն այստեղ էլ չի ստացվում հանգիստ աշխատել»: