Գրպանահատներն ակտիվացել են, նրանց պատիժը՝ խստացվել․ իրավիճակը Հայաստանում
Գրպանահատության դեպքեր Հայաստանում
«Հարգելի ուղևորներ, խնդրում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ։ Ընկերությունը անձնական իրերի կորստի դեպքում պատասխանատվություն չի կրում»։ Երևանում գործող գրեթե բոլոր երթուղայիններում կարող եք տեսնել նման զգուշացում, սակայն քաղաքացիների զգուշավորությունը ոչ միշտ է օգնում խուսափել գրպանահատների թիրախ դառնալուց։ Ըստ ոստիկանության տվյալների՝ Հայաստանում գրպանահատությունների դեպքերն ավելանում են, դրանց մեծ մասը տեղի է ունենում հասարակական տրանսպորտում։
Եթե 2020 թվականին Երևանում գրանցվել է գրպանահատությունների 390 դեպք, 2021-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 287-ի, ապա 2022-ին կտրուկ աճել է, գրանցվել է 468 պատահար։
Քրեական նոր օրենսգրքով գրպանահատությունը համարվում է ավելի ծանր հանցագործություն, և այսուհետև պատասխանատվությունը լինելու է ավելի խիստ, քան նախկինում էր։ Իրավապահները սա լավ լուծում և պայքարի արդյունավետ մեթոդ են համարում։
Մանրամասներ՝ Հայաստանում իրավիճակի մասին, ինչ խստացումներ են նախատեսվում, նաև գրպանահատի զոհ դարձած երևանցու պատմությունը։
- Հայաստանում ինքնիշխանության սահմանափակումը քրեորեն պատժելի՞ կլինի
- «Հայրս քրեական հեղինակություն էր»
- ՌԴ-ում ընդունել են ցուցակ բառերի, որոնցով արգելվում է անվանել Պուտինին
«Այդքան մարդու ներկայությամբ չի համարձակվի գողություն անել»․ կողոպտված աղջկա պատմությունը
Օֆելյա Սիմոնյանը պատմում է, թե ինչպես են իր դրամապանակը ամիսներ առաջ գողացել երևանյան ավտոբուսներից մեկում։ Ասում է՝ մարդիկ երբեմն նկատում են գողություն կատարողին, տեսնում, թե ինչպես է դեպքը տեղի ունենում, սակայն ձայն չեն հանում, քանի որ վախենում են։
«Երբ բարձրացա տրանսպորտ՝ արդեն իսկ շատ մարդ կար: Դրամապանակս ուսապարկումս էր: Մի տղա բարձրացավ ինձանից հետո և խնդրեց, որ տեղ տան իրեն՝ անցնի առաջ, արդյունքում եկավ կանգնեց հենց ուսապարկիս հետևում։ Իրականում այդ քայլը կասկած առաջացրեց, բայց մտածեցի, որ այդքան մարդու ներկայությամբ ոչ ոք չի համարձակվի գողություն անել։ Մի քանի կանգառ հետո այդ տղան իջավ ավտոբուսից։
Նախքան իջնելը նկատել էի, որ ընկերոջ հետ է։ Նրանց իջնելուց հետո ուղևորներից մի կին ինձ շատ կամաց ասաց, որ դրամապանակս գողացել են։ Արդեն հասկացա, թե ում մասին է խոսքը։ Կնոջը խնդրեցի, որ ինձ հետ միասին տրանսպորտից իջնի և ցույց տա, թե ով է գողացողը, բայց հրաժարվեց, միայն հեռվից ցույց տվեց՝ նույն տղան էր։ Իջա, արագ մոտեցա նրան, պահանջեցի, որ վերադարձնի դրամապանակս, սակայն, կարծում եմ, արդեն հասցրել էր փոխանցել «գործընկերոջը»։ Բնականաբար, սկսեց արդարանալ, թե «քույրիկ ջան, ինձ մոտ ոչինչ չկա»։ Նկարեցի նրան և անմիջապես զանգեցի ոստիկանություն»։
«Գրպանահատության պատասխանատվությունը լինելու է ավելի խիստ»
2022 թվականի ընթացքում Երևանում տեղի ունեցած գրպանահատության 468 դեպքից բացահայտվել է ընդամենը 11-ը։ Հատկանշական է, որ դրանցից 310-ը կատարվել է հասարակական տրանսպորտում։
Մարզերում ավելի քիչ են գրպանահատության դեպքերը, անցած տարվա ընթացքում գրանցվել է 23 պատահար, որից 13-ը՝ կրկին երթուղային տրանսպորտում։
«Նախկին քրեական օրենսգրքով գրպանահատությունը համարվում էր միջին ծանրության հանցագործություն։ Որպեսզի այդ բնույթի հանցագործությունները քննվեին, պետք է տուժողը հաղորդում ներկայացներ: Շատ դեպքերում այդ հաղորդումները չեն ներկայացվել, իսկ դրա պատճառը երբեմն կորցրած գումարի չափն է եղել։ Փոքր չափի գումար կորցնելու դեպքում մարդիկ չեն ուզում մտնել իրավական գործընթացների մեջ: Սա նպաստել է, որ գրպանահատներն իրենց ավելի անկաշկանդ զգան, և նրանց մոտ անպատժելիության զգացում լինի:
Այս ամենը հաշվի առնելով` քրեական նոր օրենսգրքում պետության կողմից խստացվել է պատժողականության քաղաքականությունը: Գրպանահատության մասին փաստի առկայության դեպքում նախաձեռնվում է քրեական վարույթ, սովորական ընթացակարգով քննություն պիտի իրականացվի, պարզվեն բոլոր հանգամանքները։ Ի տարբերություն նախկինի, երբ բողոքի առկայությունը պարտադիր էր, դրանից հրաժարվելու, բողոքի բացակայության դեպքում վարույթը կարճվում էր»,- ասում է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Իրավապահ մարմիններում կարծում են, որ այս փոփոխությունը կարևոր նշանակություն կունենա «հանցավոր վարքագիծ դրսևորող անձանց համար»։ Գրպանահատությունը գողությունների շարքում այժմ համարվում է ավելի ծանր հանցագործություն և պատասխանատվությունը լինելու է ավելի խիստ։
Նախկինում գրպանահատները ազատազրկվում էին մինչև երկու տարի ժամկետով։ 2022 թ․-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով պատժի ժամկետն ավելացել է՝ դառնալով 2-5 տարի։
«Գողությունները շատ դժվարությամբ են բացահայտվում»
Թեև Օֆելյան շատ արագ դիմել է ոստիկանություն, քննիչներին էլ հաջողվել է նույնականացնել տղամարդուն, սակայն ամիսներ են անցել, ու գործից որևէ նորություն չկա։
Նա պատմում է, որ ոստիկանությունից նույնիսկ ակնարկել են, թե գործի բացահայտումն անհույս է, սակայն ինքը բողոքից չի հրաժարվել․
«Տղան տրանսպորտից իջել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ ամեն անկյունի վրա տեսախցիկ կա։ Տեսագրություններն ուսումնասիրելով կարելի էր հասկանալ՝ նա դրամապանակս փոխանցել էր ուրիշ մեկին, թե՞ ոչ»։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ակնարկները, թե գործը դժվար բացահայտվի, հորդորները՝ հետ վերցնել բողոքը, հակաօրինական են։ Շեշտում է՝ անկախ նրանից, թե ինչ չափի գումարի կորստի մասին է խոսքը՝ ոչ ոք իրավունք չունի ազդելու հաղորդում ներկայացնող անձի վրա և հորդորել այն հետ վերցնել։
«Ընդանրապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ հատկապես գողությունները, շատ դժվարությամբ են բացահայտվում։ Եվ քննություն իրականացնող քննիչների մոտ բավարար տվյալներ, փաստեր, հանգամանքներ չլինելու դեպքում նրանց մոտ որոշակի դժվարություններ են առաջանում։ Գրպանահատություններն էլ այս առումով բացառություն չեն,- ասում է նա»:
Դիտարկմանը՝ մարդկանց շրջանում խոսույթ կա, թե գրպանահատներն ու երթուղայինների վարորդները համագործակցում են, դատելով նրանից, որ երբեմն գողությունները կատարվում են նույն համարի տրանսպորտում, Աբրահամյանը խատասխանեց․
«Նման դեպքի բացահայտում մենք չենք ունեցել, հետևաբար, չկա որևէ հիմք պնդելու, որ այդպիսի երևույթ ունենք: Սա ավելի շատ հանրության մոտ տարածված թյուր կարծիք է՝ հիմնված այն հանգամանքի վրա, որ նման դեպքերը երթուղային տրանսպորտում ավելի շատ են պատահում: Սակայն այն դեպքերում, երբ վարույթ իրականացնող մարմինը տեղեկություն է ունենում նման հնարավոր դրսևորման մասին՝ այո, երթուղայինների վարորդները ևս հարցաքննվում են»:
Հարցին՝ նախաքննական մարմինը կարո՞ղ է նախաձեռնությամբ, առաջարկով հանդես գալ, որ երթուղայիններում տեսախցիկներ տեղադրվեն գրպանահատության դեպքերը նվազեցնելու նպատակով, խոսնակը պատասխանեց․
«Ոչ միայն գրպանահատությունների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ այս հարցը մի քանի անգամ առաջ է բերվել։ Սակայն հասկանում ենք, որ դրա իրականացումը լուրջ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացնում։
Իրավասու մարմինների կողմից հիմնականում հենց այդ պատճառաբանությունն է բերվում այս ուղղությամբ ոչ շատ ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար: Որքանով տեղյակ եմ՝ ամբողջական հսկողություն իրականացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից քայլեր են ձեռնարկվում, որ հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքեր տեղադրվեն»:
Երևանում գործող երթուղայիններից մի քանիսում տեսախցիկներ արդեն տեղադրված են, սակայն դրանք տեսանկարահանում են միայն վարորդին շրջապատող տարածքը։
Գրպանահատության դեպքեր Հայաստանում