Գուրբան տոնը Բաքվում
Սեպտեմբերի 12-ն ու 13-ն Ադրբեջանում ոչ աշխատանքային են: Գուրբան Բայրամին տոն է, որի գլխավոր հերոսը մատաղի գառն է:
Մեր նախնիները ոչխար մորթելում ոչ մի վատ բան չէին տեսնում: Պատկերացրեք. միջին դարեր, ժանտախտ, սով, ոչ կոյուղի կա, ոչ ջրմուղ, եվրոպական մայրաքաղաքներում կեղտաջրերը պատուհաններից թափում են ուղիղ փողոց: Եվ այստեղ ինչ-որ մի գյուղական տնակում ոչխար մորթելուց առաջ երեխաներին տանում են հարևանի տուն: Այն ժամանակ երեխաների աչքի առաջ անգամ մարդկանց էին հանգիստ անվաջարդում, իսկ անասուն մորթելու մեջ չէր էլ կարող որևէ վատ բան լինել:
Հիմա երեխաներին թվում է, թե միսը ծառերին է աճում հենց պլաստիկե փաթեթներով, այն հավաքում են ծառից և սուպերմարկետներ հասցնում: Եթե հանկարծ երեխայի աչքի առջև կենդանի էակ սպանես, ի՞նչ կկատարվի նրա հոգեկան աշխարհի հետ: Ես անձամբ այնպիսի երեխաների գիտեմ, որ նման բանի համար կարող են ծնողների դեմ բողոք ներկայացնել UNICEF:
Կարծես, հարցը սպառված է. ժամանակները փոխվել են: Սակայն մենք՝ բաքվեցիներս, դեռ չենք փակել այդ թեման. չէ՞ որ մենք հրաշալի և ուրախ մի վայրում ենք ապրում, որտեղ հանդիպում են Արևմուտքն ու Արևելքը, Ասիան ու Եվրոպան, դե ինչպես նաև քաղաքակրթությունն ու միջնադարը:
Այդ պատճառով էլ տարին մեկ Գուրբան Բայրամի տոնին միևնույն բանավեճն է սկսվում՝ մորթե՞լ, թե՞ ոչ: Ավելի ճիշտ՝ իհարկե մորթել, քանի որ ցանկացած դեպքում ոչխարի թարմ մսով փլավ է անհրաժեշտ, պետք է բարեկամներին հյուրասիրել և մսի մեկ երրորդն աղքատներին տալ՝ ըստ ավանդույթի: Սակայն արդյո՞ք դա կարելի է անել ցուցադրաբար ճանապարհի կողքը օրը ցերեկով:
Գուրբան Բայրամին կամ Կուրբան-բայրամը (բառացիորեն՝ «Զոհի տոն») իսլամական տոն է՝ նվիրված Իբրահիմ մարգարեին, ով համաձայնել է իր որդուն զոհաբերել, սակայն Ալլահը, համոզվելով նրա հավատքի ճշմարտացիություն մեջ, ճիշտ ժամանակին նրան գառ է ուղարկում որպես այլընտրանք: Քրիստոնյաներն այս պատմության մեջ Աբրահամի ու Իսահակի հին կտակարանի լեգենդն են տեսնում: Ինչը տարօրինակ չէ, քանի որ Ղուրանի «պատմական» մասը Հին ու Նոր կտակարանների դեպքերի վերարտադրությունն է:
Այսպիսով, այս ավանդույթը սկիզբ է առնում հին կտակարանի հեթանոսությունից, որն այդքան հարազատ է մեր սրտին: Այդ պատճառով էլ ավանդապաշտ ադրբեջանցիներն ի սրտե նշում են այս տոնը: Եթե հարսնացու ունեք, ձեր բարեկամները ուրախ ամբոխով նրա տուն գառ կտանեն, նա ոտքը կդնի վրան և գառանը հանդիսավորությամբ կզոհաբերեն: Հետո նրան մորթազերծ կանեն, կկտրատեն, կհյուրասիրեն և հարազատներին, և անծանոթ աղքատներին: Կամ եթե ինչ-որ կարևոր գործի համար վաղուց «մատաղ» եք խոստացել, ճիշտ ժամանակն է մի ամբողջ գառ նվիրել մզկիթին, որտեղ միսը կբաժանեն աղքատներին: Ի դեպ, կարելի է կով էլ մորթել, աքաղաղ, այծ:
Մի խոսքով, եթե հավատացյալներին հարցնեք, նրանք ձեզ կասեն, որ դա մուսուլմանների միավորման արարողություն է տոնական աղոթքի շուրջ, բարեգործության օր է, երբ հարուստները կերակրում են աղքատներին, իսկ ընտանիքները հավաքվում են տոնական սեղանի մոտ:
Եթե հարցնեք այն բաքվեցիներից, ովքեր չեն ուզում իրենց Ասիայի բնակիչներ զգալ, նրանք կասեն, որ դա մի օր է, երբ մոլագար հեթանոսները քաղաքի փողոցներն անմեղ կենդանիների արյամբ են ներկում, հետն էլ շնորհավորում են միմյանց:
Իմ անձնական տեսանկյունն այն է, որ ոչխարներին կլոր տարի մորթում են, այնպես որ ոչ մի ողբերգություն դրանում չկա: Ես նույնիսկ ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, եթե դա երեխայի ներկայությամբ է արվում: Հեռուստացույցի էկրաններին ավելի վատ բաներ են լինում: Ավելի շատ ինձ նյարդայնացնում են «քնքուշ» գառների անհամ նկարները, որոնք բոլորին շնորհավորում են սուրբ տոնի կապակցությամբ: Կամ ոչխարի պոզերին ժապավեն կապելու ավանդույթը: Սա արդեն, իմ կարծիքով, պաթոլոգիա է:
Հրապարակվել է 12.09.2016