«Գործնական քայլեր չեն նկատվում»․ բրյուսելյան հանդիպման արձագանքները
Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները
Հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Նիկոլ Փաշինյանը «հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի»: Երևանում փողոցային պայքարի դուրս եկած «Դիմադրություն» շարժման տեսակետն է։
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ բանակցություններից հետո շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները չպետք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո:
Մանրամսներ այն մասին, թե ի՞նչ քայլեր հաջորդեցին բրյուսելյան բանակցություններին, ինչպե՞ս արձագանքեցին Հայաստանի ընդդիմությունն ու Արցախի իշխանությունները, նաև փորձագիտական կարծիք։
Հաստատվեց սահմանազատման հանձնաժողովի կազմը
Եթե նախորդ երկու բանակցություններից հետո սահմանազատման ուղղությամբ կոնկրետ քայլեր չէին ձեռնարկվում, ապա այս անգամ բանակցությունների հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում։
Որոշման համաձայն՝ սահմանազատման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ստորագրել է սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր։ Բաքուն ևս հանձնաժողովի նախագահ է նշանակել փոխվարչապետի՝ Շահին Մուստաֆաևին։
Երկու երկրների հանձնաժողովներում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ադրբեջանը հանձնաժողովի կազմում ընդգրկել է նաև Նախիջևանի փոխվարչապետին, ինչպես նաև «Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների ղեկավարներին»։
«Զանգ Մոսկվայից»
Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին պաշտոնական Մոսկվան տեղեկություններ ստացավ առաջին ձեռքից։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներ ունեցավ։ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։
Մայիսի 22-ի հանդիպումը Փաշինյանի և Ալևի երրորդ դեմ առ դեմ հանդիպումն էր Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Բրյուսելյան նախորդ երկու բանակցությունները տեղի էին ունեցել 2021 թ․—ի դեկտեմբերին և այս տարվա ապրիլին։
Հինգ ժամից ավելի ձգված հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը չպատասխանեցին լրագրողների հարցերին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։
Միշելը հայտնեց, որ Երևանն ու Բաքուն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ: Նրա փոխանցմամբ՝ կողմերը «պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ»:
«Աճուրդի է հանել Հայաստանն ու Արցախը». ընդդիմության արձագանքը
Շուրջ մեկ ամիս Երևանում փողոցային պայքար մղող խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ եռակողմ հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են այն պնդումները, որ «հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով»․
«Փաշինյանը հանուն սեփական աթոռի պաշտպանության Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլև Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում»։
Ընդդիմադիրները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին։ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը բացակայում է, իսկ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»-ի փոխարեն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» եզրույթը։
«Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն»։
Հայտարարության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը, ուստի նրա հետ «ձեռքբերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առոչինչ են»։
Արձագանք Արցախից
Արցախի իշխանությունները, ըստ նախագահի խոսնակի, բազմիցս արտահայտել են ընթացող բանակցությունների վերաբերյալ իրենց մոտեցումները։ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հիշեցրել է նախորդ տարեվերջին նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը.
- Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։
- Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։
- Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։
Բացառելով միջանցքային տրամաբանությունը
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել նաև Զանգեզուրի միջանցքի շուրջ՝ հղում անելով Հայաստանի տարածքում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցմանը:
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել, իսկ պայմանավորվածությունները վերաբերում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:
Նախօրեին Գրիգորյանն անդրադարձել էր նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև հաղորդակցությանը՝ նշելով, որ «դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով»:
«Խոսքն այն մասին է, որ օրինակ՝ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»,- նշել էր Արմեն Գրիգորյանը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ՝ սահմանազատման հանձնաժողովի կազմը վաղուց էր որոշված, կազմի հրապարակումը կապված չէ բրյուսելյան հանդիպման հետ: Քաղաքագետի ունեցած տեղեկություններով՝ ի սկզբանե հանձնաժողովի նիստը նախատեսված է եղել միջպետական սահմանին, այնուհետև Մոսկվայում, այժմ՝ կրկին սահմանին:
«Տեսնենք՝ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ: Այն հանգամանքը, որ որոշվեց սահմանին հանդիպել, հայտարարության մեջ էլ չկա նշում Մոսկվայի դերի մասին, խոսում է նրա մասին, որ կողմերը փորձում են այս գործընթացում սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը»,- JAMnews-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանը:
Ընդգծում է՝ Մոսկվան ցանկանում է ձեռքը զարկերակի վրա պահել: Այս մասին են վկայում նաև բրյուսելյան հանդիպումներին հաջորդող հեռախոսազրույցները Երևանի և Բաքվի գործընկերների հետ.
«Որոշակի խանդ գոյություն ունի Եվրամիության ակտիվացած միջնորդական դերի նկատմամբ: Փորձում են ցույց տալ, որ այս ամենն իրենց հետ համաձայնեցված է, իրենք են համակարգում գործընթացը»:
Քաղաքագետի կարծիքով՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման վերաբերյալ Ալիևի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին: Մյուս կողմից՝ նկատում է՝ միջանցք կոչվածի հետ տարվող զուգահեռները դրական հետևանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար:
«Ադրբեջանական ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը, որը պարզ չէ, թե ինչպես է միջանցք, նույն հարթության վրա է դրվում Նախիջևանի տարածքով, օրինակ՝ Երասխ-Օրդուբադ-Ջուլֆա-Մեղրի երկաթգծի հետ: Նշանակում է՝ նույն կարգավորումները պետք է գործեն, նույն սկզբունքներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները: Սա առնվազն երկաթգծի հարցում բացառում է միջանցքային տրամաբանությունը»,- շեշտեց Գրիգորյանը:
Անդրադառնալով երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով միջազգային փոխադրումների իրականացման սկզբունքներին՝ քաղաքագետը հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում կողմերը պայմանավորվել էին, որ «տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը պետք է իրականացվի փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ սուվերենության սկզբունքը հարգելով և միջազգային նորմերի համաձայն»:
Գրիգորյանն առավել խնդրահարույց է համարում ճանապարհի երթուղու հարցը՝ որտեղո՞վ է անցնելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը:
«Այստեղ լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն, չկա պայմանավորվածություն սկզբունքների շուրջ, և դա է պատճառը, որ գործընթացում դեռևս որևէ առարկայական, գործնական քայլեր չեն նկատվում»,- նշեց քաղաքագետը՝ չբացառելով, որ սահմանազատման հանձնաժողովի նիստը կարող է հերթական անգամ չեղարկվել կամ հետաձգվել:
Պատճառ կարող է դառնալ, օրինակ՝ հանդիպման վայրի շուրջ անհամաձայնությունը:
«Կարևոր է հասկանալ՝ հայ-ադրբեջանական սահմանի որ հատվածում է տեղի ունենալու այդ հանդիպումը: Վերջին շրջանում ադրբեջանական կողմը փորձում էր այդ հանդիպումներն անցկացնել այնպիսի վայրերում, որոնք սիմվոլիկ առումով խնդրահարույց կլինեին հայկական կողմի համար»,- ընդգծեց քաղաքագետը՝ չբացելով փակագծերը:
Ընդդիմության հայտարարությանը Գրիգորյանը չցանկացավ անդրադառնալ, սակայն ասաց, որ «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» եզրույթի գործածումն իսկապես խնդրահարույց է:
Ըստ Գրիգորյանի՝ եթե Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ճանաչված վարչատարածքային միավոր է, ապա Ղարաբաղ եզրույթն ավելի լայն է.
«Օրինակ՝ Ադրբեջանում գոյություն ունի Ղարաբաղի տնտեսական գոտի, որն իր մեջ ներառում է ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի մաս հանդիսացող բնակավայրերը, այլև դրանից դուրս գտնվող մի շարք բնակավայրեր: Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի Տերտերի շրջանը ևս գտնվում է Ղարաբաղի տնտեսական գոտու մեջ: Այդ առումով Միշելի հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումն իրոք խնդրահարույց է, որովհետև նույն տրամաբանությամբ կարելի էր նշել՝ «Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին»: Սկզբունքային առումով ոչ մի բան չէր փոխվի»:
Քաղաքագետի խոսքով՝ ուշադրության է արժանի նաև այն, որ բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսվում է ի հավելումն խաղաղության պայմանագրի: Ասում է՝ նմանատիպ հիշատակումից պարզ է, որ խոսք է գնում «Ադրբեջանի տարածքում հայերի իրավունքների և անվտանգության մասին», ինչն, ըստ Տիգրան Գրիգորյանի, անընդունելի է:
Փաշինյան-Ալիև հանդիպման արձագանքները