Վրաստանում բողոքի ակցիաներին են միացել ԱԳՆ աշխատակիցներ, դիվանագետներ, բուհեր ու դպրոցներ
Գործադուլներ Վրաստանի դպրոցներում և համալսարաններում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը, բողոքի մեծ ալիք է բարձրացել Վրաստանի տարբեր քաղաքներում:
Սակայն դիմադրությունը չի սահմանափակվում միայն փողոցային ցույցերով: Արդեն ավելի քան հարյուր դպրոցներ ու համալսարաններ մեկը մյուսի ետևից հրապարակում են բաց նամակներ՝ հայտարարելով կառավարության հետ իրենց անհամաձայնության մասին և պահանջելով երկիրը վերադարձնել եվրաինտեգրման ուղին:
Մի քանի վրացի դիվանագետներ կառավարության քաղաքականությունը քննադատող հայտարարություններ են արել, նրանցից ոմանք լքել են իրենց պաշտոնները:
Ստորև՝ այս պահին հայտնի նմանատիպ գործողությունների ցանկը
Դիվանագետներ
Նոյեմբերի 29-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օտար Բերձենիշվիլին հեռանում է իր պաշտոնից: Այդ մասին նա գրել է X-ի իր էջում:
Բերձենիշվիլին նշել է, որ դիվանագիտական գործունեության երկու տարիների ընթացքում իր գործընկերների հետ ակտիվորեն մասնակցել է Վրաստանի եվրատլանտյան և եվրոպական ինտեգրման գործընթացներին: Նա համերաշխություն է հայտնել ցույցի մասնակիցներին:
«Ո՛չ խաղաղ ցուցարարների դեմ բռնությանը: Լիակատար համերաշխություն»,- գրել է դիվանագետը:
👇🇬🇪🇪🇺🇪🇺🇬🇪 pic.twitter.com/WBuQM3tKP3
— Otar Berdzenishvili (@OtariB) November 29, 2024
Օտար Բերձենիշվիլին իր դիվանագիտական կարիերան սկսել է 2000 թվականին: 2023 թվականից հանդիսանում է Բուլղարիայում Վրաստանի դեսպանը: Մինչ այդ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը, երկրի դեսպանն է եղել Հարավային Կորեայի Հանրապետությունում:
Մեկ այլ դիվանագետ՝ Հարավային Կորեայում Վրաստանի դեսպան Տարաշ Պապասկուան, սոցցանցում գրել է.
«Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքի 20 տոկոսը: Նա ավերիչ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ: Պայքարում է Եվրոպայի ու ժողովրդավարական աշխարհի դեմ և սպառնում է գլոբալ անվտանգությանը: Այս իրավիճակում Եվրոպան և ՆԱՏՕ-ն մեզ պետք են ավելի, քան երբևէ: Ազատ աշխարհի կողմից ավելի շատ համերաշխության և աջակցության կարիք ունենք»:
Չեխիայում Վրաստանի դեսպան Թեա Մայսուրաձեն հայտարարել է, որ Վրաստանի համար, հատկապես ռուսական օկուպացիայի ֆոնին, Եվրամիությանն ինտեգրվելու այլընտրանք չկա:
Դեսպանը գրում է, որ տարիներ շարունակ ինքն ու իր դիվանագիտական գործընկերները ջանք չեն խնայել Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ առաջմղելու և ռազմավարական գործընկերների հետ կապերն ամրապնդելու համար:
«Այսօր, երբ մեր երկրի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից, առանձնահատուկ նշանակություն է ստանում մեր արևմտյան ընկերների, մեր դաշնակիցների հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը:
Եվրոպական ընտանիք վերադարձը մեր երկրի պատմական ընտրությունն է: Ելնելով մեր երկրի շահերից՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի լիիրավ անդամակցությունն այլընտրանք չունի»,- գրել է դիվանագետը սոցիալական ցանցում:
Նոյեմբերի 28-ին կայացած վարչապետի ճեպազրույցից անմիջապես հետո սոցիալական ցանցերում տարածվել է Վրաստանի ԱԳՆ ավելի քան հարյուր աշխատակիցների համատեղ բաց նամակը: Նրանք հայտարարել են, որ համաձայն չեն Վրաստանի իշխանությունների՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները կասեցնելու որոշման հետ:
«Եվրամիության ընդլայնման ներկա ալիքը Վրաստանին տվել է եվրոպական ընտանիք վերադառնալու աննախադեպ, պատմական հնարավորություն: Այս իրավիճակը կապված է միջազգային քաղաքական իրադարձությունների հետ: Այս հնարավորությունից միակողմանի հրաժարումը կհանգեցնի ռազմավարական բացասական հետևանքների: Չի բացառվում, որ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին միանալու նման նպաստավոր պայմաններ այլևս չլինեն:
Ավելին, անդամակցության բանակցությունների գործընթացի կասեցումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը: Արևմտյան գործընկերների աջակցության բացակայության պայմաններում Վրաստանը մենակ կմնա այն սպառնալիքների դեմ, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային ասպարեզում ընթացող գործընթացների ֆոնին, մասնավորապես՝ անվտանգային ոլորտում»,- նշված է նամակում:
ԱԳՆ աշխատակիցները նաև հայտարարում են, որ ԵՄ անդամակցության բանակցությունները քաղաքական օրակարգից հանելը հակասում է Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին:
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղուն»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ այն աշխատակիցները, ովքեր ստորագրել են բաց նամակը:
Բուհեր, որոնք կասեցրել են ուսումնական գործընթացը
Նոյեմբերի 29-ին Վրաստանի մի քանի համալսարաններ հայտարարել են, որ ի նշան բողոքի կասեցնում են ուսումնական գործընթացը:
Նրանց թվում են՝
Կովկասյան համալսարանը: Համալսարանի անունից հայտարարվել է, որ ուսումնական գործընթացը ժամանակավորապես կասեցվում է երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
Իլիայի պետական համալսարանը: Բուհի գիտական խորհուրդը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք վրդովված ենք Վրաստանի եվրոպական հեռանկարից հրաժարվելու առիթով: Մենք համարում ենք, որ ակադեմիական համայնքի պարտքն է պաշտպանել երկրի եվրոպական ապագան»:
Վրաստանի համալսարանը նույնպես հայտարարել է, որ կասեցնում է ուսումնական գործընթացը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: «Լինում են պահեր, երբ պետք է ամեն ինչ կասեցնել: Այն իրավիճակում, որը ստեղծվել է Վրաստանում, մենք դադարեցնում ենք սովորելը: Մենք կարծում ենք, որ այսօր յուրաքանչյուրի գլխավոր պարտավորությունը պետք է լինի Վրաստանը վերադարձնել եվրոպական ապագայի ուղի»,- նշված է համալսարանի հայտարարության մեջ:
Սուլխան-Սաբա Որբելիանիի համալսարանը հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին՝ 17:00-ից կասեցնում է ուսումնական գործընթացը: Բուհը ուսանողներին հայտնել է, որ ուսումնական գործընթացը վերսկսելու մասին տեղեկությունը կուղարկվի նրանց էլեկտրոնային փոստին:
GIPA-ն (Հասարակայնության հետ կապերի վրացական ինստիտուտը) նույնպես միացել է բողոքի ակցիաներին: «GIPA-ն, որպես իր հիմնադրումից ի վեր ժողովրդավարության և ազատության գաղափարին հավատարիմ համալսարան, աջակցում է Վրաստանի՝ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու ձգտումներին: Համալսարանը ժամանակավորապես կասեցնում է ուսումնական գործընթացը»,— նշված է բուհի տարածած հաղորդագրության մեջ:
Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը (BTU) նույնպես որոշել է կասեցնել ուսումնական գործընթացը: «Մենք կիսում ենք մեր ուսանողների և ակադեմիական ու վարչական թիմի դիրքորոշումը եվրոպական ինտեգրացիայի գործընթացի վերաբերյալ: Հաշվի առնելով ուսանողների շահերը և ընթացիկ գործընթացները՝ համալսարանի գիտական խորհուրդը որոշել է կասեցնել ուսումնական գործընթացը»,- ասված է համալսարանի հայտարարության մեջ:
Բողոքի օջախներ դպրոցներում
«Դաս չի լինի: Ուսուցիչը գործադուլ է հայտարարել: Վրաստանը Ռուսաստան չի դառնա»: Գրատախտակի լուսանկարը, որի վրա նման գրառում է արված, լայնորեն տարածվել է Վրաստանի սոցիալական ցանցերում: Գրառման հեղինակը ուսուցիչ Մայա Էկալաձեն է:
«Կարող եք ինձ պատժել: Վրաստանը Ռուսաստան չի դառնա»,- գրել է Մայա Էկալաձեն:
Սոցիալական ցանցերում տարածվում է տեղեկություն, որ 186-րդ պետական դպրոցը գործադուլ է հայտարարել:
«Մենք իսկական ուսուցիչներ ենք: Թերևս ոչ բոլորը, բայց…», — սոցցանցում նման մակագրությամբ լուսանկար է հրապարակել դպրոցի ուսուցիչներից մեկը:
Թբիլիսի, 136-րդ դպրոց։ Աննա Տվաուրին՝ պատմության և քաղաքացիական կրթության ուսուցչուհին, իր դասարանի գրատախտակին գրել է՝ «Ռուսաստանը թշնամի է»։ Այնուհետև թվարկել է կարևոր պատմական փաստեր, որոնք հաստատում են այդ պնդումը։