Հայաստանյան բանկերում ավելացել են օտարերկրացիների ավանդներն ու տեղացիների վարկերը
Գնաճը Հայաստանում
«2022 թվականին Հայաստանում տրանսֆերտների մեծ ներհոսք է նկատվել, զուտ ներհոսքը եղել է ռեկորդային՝ գրեթե 2.5 մլրդ դոլար»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը։ Գալստյանի փոխանցմամբ՝ մարտին ներհոսքի 71 տոկոսը եղել է Ռուսաստանից։
Մամուլի ասուլիսի ընթացքում ԿԲ նախագահը ներկայացրել է նաև տեղեկություններ ավանդների և վարկերի վերաբերյալ, նաև Հայաստանում գնաճային միջավայրի մասին։
Օտարերկրացիների ավանդների համարյա կրկնակի աճ
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով։ 2022 թ․-ի տարեվերջին դրանք կազմել են 1 մլրդ 287 մլն դրամ: Երկրի քաղաքացի հանդիսացողների ավանդների աճը եղել է 29.4 տոկոս՝ կազմելով 3 մլրդ 370 մլն դրամ։
Եթե ավանդների պարագայում աճի բարձր տեմպ են գրանցել ոչ ռեզիդենտները, ապա վարկավորման պարագայում հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին։ Կենտրոնական բանկի նախագահի փոխանցմամբ՝ «փոխարժեքի էֆեկտը հանած» վարկավորումն աճել է շուրջ 15 տոկոսի չափով։
«Գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է»
Մարտին Գալստյանի խոսքով՝ դա տեղի է ունենում զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում։
«Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը դեռևս արտահայտվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին»,- նշել է նա։
ԿԲ նախագահի փոխանցմամբ՝ բանկն ակնկալում է համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացում: Ասում է՝ համաշխարհային գնաճը նույնպես նվազում է՝ պայմանավորված «որոշ հումքային և պարենային ապրանքների գների նվազմամբ»։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թ․-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: Այդ ֆոնին 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 15.5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ:
Լրագրողների դիտարկմանը, թե՝ դրամի արժևորման պարագայում անգամ ներմուծվող ապրանքների գները չեն նվազում, Գալստյանը պատասխանել է, որ իրենց արձանագրմամբ «ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են»։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է փոխարժեքով, մասամբ՝ նաև համաշխարհային շուկայում արձանագրված ցուցանիշներով․
«FAO-ի ինդեքսի [Պարենի համաշխարհային գների ինդեքս] համաձայն՝ միջազգային շուկաներում, օրինակ՝ յուղերի գները, որոնք անցյալ տարվա փետրվարին հասել էին իրենց պիկին, ներկայումս գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: Տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»։
Վստահեցրել է՝ հետևողական են լինելու և համարժեք գործողություններով ապահովելու են գների կայունացում, չեզոքացնելու են «գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ»:
Բանկի կանխատեսումներով՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի դեպքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և այս տարվա երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գնաճը Հայաստանում