Գյուղ, որից սկսվում է Հայաստանը․ լուսանկարներ և տեսանյութ
35-ամյա Անժելա Պապյանը գյուղի միակ վարսավիրն է: Չնայած դեռևս աշխատում է տնային պայմաններում, սակայն նրա վարսավիրական աթոռը դատարկ չի մնում: Գյուղի կանանց համար Անժելան փրկություն է, ամեն սանրվածքի համար նրանք այլևս քաղաք չեն հասնում:
«Մեկ ամսում մինչև 30000 դրամ աշխատում եմ, հաճախ էլ անվճար եմ կտրում կամ պարտքով: Մի անգամ հարևանն է, մի անգամ մորքուրն է, հորքուրը… Եթե գյուղում հարսանիք է կամ սեպտմեբերի մեկն է, վերջին զանգը, այդ օրերին մինչև 10 000 դրամ աշխատում եմ: Շատ մատչելի գներով եմ աշխատում, կտրվածքները՝ 500 դրամով, սանրվածքներից ամենաթանկը՝ 3000 դրամ է, գյուղում չես կարող դրանից ավելին, մարդիկ ի վիճակի չեն վճարել»,- ասում է Անժելան:
Նա բնակվում է հայ-ադրբեջանական սահմանային Մովսես գյուղում, որը գտնվում է Տավուշի մարզում, Երևանից 240 կմ հեռավորության վրա: Բացի վարսավիրությունից, նաև դերձակություն է անում, ունի փոքրիկ թռչնաբուծական ֆերմա:
«Օգնում եմ ամուսնուս, ամեն բան անում եմ, որ կարողանանք ապրել ու գյուղից դուրս չգալ: Որ բոլորս գնանք, ո՞վ է մնալու՝ մեր փոխարեն ապրելու»,- ասում է երեք երեխաների մայրը:
Մովսեսը սահմանային ամենավտանգավոր գյուղերից է: Այն տեղակայված է ձորի մեջ և շատ լավ տեսանելի է ադրբեջանական դիրքերից: Ադրբեջանի հետ գյուղն ունի 27 կմ սահման: Հարևանությամբ երեք ադրբեջանական գյուղ կա:
Ժամանակին 3000-ից ավել բնակչություն ունեցող Մովսեսում այսօր 2000 մարդ է բնակվում: Գյուղապետ Արարատ Ավալյանը ասում է. մարդիկ հեռանում են, իրենց ապրելու խնդիրները լուծելու համար՝ ոչ մեկին քննադատել չես կարող:
«Նախկինում հարևան գյուղերում միութենական նշանակության պահածոների գործարաններ կային, նաև գինու, ծխախոտի: Ամեն օր այստեղից մի 5-6 ավտոբուս մարդկանց տանում էր աշխատանքի: Պատերազմի ժամանակ գյուղը լիքն է եղել: Միայն 487 կամավոր ենք ունեցել գյուղից, դա մի ամբողջ պոլկ էր: Հետո կամաց-կամաց մարդիկ արտագնա աշխատանքի գնացին ու չվերադարձան: Այսօր էլ մի մասը դեռ գնում-գալիս է»,-ասում է Ավալյանը:
Անժելան էլ ամուսնու՝ Էդիկի հետ որոշ ժամանակ Ռուսաստանում են ապրել ու վերադարձել:
«Սովորել ենք վտանգի տակ ապրելուն: Մեր տունը դիտարկվող տարածքում է, ընդհանրապես գյուղում մի քանի տուն կարող են լինել, որ դիտարկվող տարածքում չեն: 90-ականներին գնացին գնացողները, հիմա ով մնացել՝ մնացել է»,- ասում է էդիկ Պապյանը:
Պապյանները 2016 թվականից Հայ օգնության ֆոնդի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շահառուներից են: Ծրագրի շրջանակում Անժելային տրվել են վարսահարդարի գործիքներ, կարի մեքենա, հավի ճտեր: Արդյունքում ընտանիքը կարողացել է ոտքի կանգնել:
ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը նշում է. ծրագիրն այս տարածաշրջանում մեկնարկել է 2013 թվականից, առ այսօր սահմանամերձ գյուղերի շուրջ 700 ընտանիք է մասնակցել դրան:
«Նպատակը այն չէր, որ նյութապես աջակցեինք, այլ այն, որպեսզի կայունացնեինք ընտանիքը: Ունենք ընտանիքներ, որոնք հաջողության են հասել գյուղատնտեսության, անասնապահության ոլորտնեում: Դա թույլ տվեց, որ մարդիկ մնան ու ապրեն տեղում, հողն է այն կարևոր ուժը, որ պահում է ժողովրդին: Եթե այսօր ունեն աշխատանք, վաղվա օրը եկամուտ ստանալու հնարավորություն, ապա կմնան: Մենք միգրացիայի դեմ ենք աշխատում»,- ասում է Լուսինե Գրիգորյանը:
Անժելան ճանապարհում է հերթական հաճախորդին ու ցույց տալիս բակի կիսաշեն կառույցը, որը մտադիր են վերակառուցել և վարսավիրանոց դարձնել:
ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի սոցիալական աշխատող Հեղինե Ղարաբաղցյանի խոսքով, ծրագրի մեջ ընդգրկվելու համար ընտանիքները պետք է երեք և ավելի անչափահաս երեխա ունենան:
«Ընտանիքները տարբեր են լինում, շատ բան է կախված հենց անձից: Հիմնական խնդիրն այն է, որ մնան գյուղում, զարգացնեն իրենց գործը, բարելավվեն իրենց տան պայմանները»,— ասում է սոցիալական աշխատողը:
Գյուղի ծայրամասում ապրում է Պապյանների 6 հոգանոց ընտանիքը: Մուրադը՝ ընտանիքի հայրը, պայմանագրային զինծառայող է: Տան պատերին բազմաթիվ են կրակոցների հետքերը: Որ կարողանան տան մեջ ազատ տեղաշարժվել, պատուհաններից մեկը՝ այն, որ նայում է ադրբեջանական դիրքերի կողմը, փակել են քարերով:
Մուրադի կինը՝ 36-ամյա Լուսիկ Բամանյանը ցույց է տալիս մեղվի հինգ փեթակները, որոնք ստացել են ՀՕՖ-ի ծրագրի շրջանակներում:
«Այս տարի 25 կգ ենք ստացել, անգամ վաճառքի համար ունենք»,- ասում է Լուսիկը, առաջարկելով համտեսել իրենք քամած արդար մեղրը:
Տան տիկինը աշխատում է հյուրերին երկար չթողնել բակում՝ անմիջապես ներս է հրավիրում, ասում է, որ վտանգը մեծ է, հակառակորդը, շարժ նկատելիս, կրակում է:
«Մենք չհեռացանք գյուղից, ամուսինս կտրականապես դեմ է, գիտեք դրսում հե՞շտ է: Արդեն ընտելացել ենք, բայց մեկ է՝ հնարավոր չէ չվախենալ: Ամբողջ օրը հենց իրենց աչքի առաջ այգում գործ եմ անում: Ի՞նչ պետք է անեմ. իմ տունն է՝ ապրում եմ: Մեր խաղողի այգին էլ սահմանի բերանին է, գյուղի ներքևի մասում, դիրքերի դիմաց: Ամուսինս գիշերով կամ էլ մառախուղի ժամանակ է գնում այգին սրսկելու: Քաղելիս էլ՝ ոնց որ մենք մեզնից գողություն անենք»,- պատմում է Լուսիկը:
Գյուղապետ Ավալյանը ասում է, որ Մովսեսի այգիները սահմանից 400-500մ հեռավորության վրա են, գյուղացիների համար պարզապես անհնար է մշակել դրանք:
«Մեր գյուղում ապահով տեղ չկա: Հենց հիմա՝գյուղապետարան, եկեղեցի, դպրոց, դրանք բոլորը նշանառության տակ են: Գյուղի 70 տոկոսը նրանց տեսադաշտում է: 660 հեկտար վարելահող ունենք, որից 40-ը ջրովի է՝ ու հենց սահմանին: Մարդիկ ուզում են, որ կարգավորվի իրենց կյանքը: Եթե ոչինչ էլ չուզեն, ուզում են իրենց հողերը կարողանան մշակել, որ մշակեն՝ կապրեն, չէ՞: Մարդիկ հոգնել են էս ամենից»,- ասում է գյուղապետը:
Մովսեսի դպրոցում սովորում է 116 աշակերտ, մանկապարտեզն ունի 43 երեխա:
Գյուղի կյանքը հարմարեցվել է վտանգին. տներում փոխել են սենյակների դիրքերը, խուսափում են բակերում մարդկային կուտակումներից, անգամ հարսանիքներն ու թաղումները աշխատում են անաղմուկ անել:
«Թաղման ժովովրդի վրա էլ են կրակում: Մեր գյուղի գերեզմանոցը շատ մոտ է սահմանին: Դեպքեր են եղել, որ դիակը փոսն են դրել ու փախել, որ կարողանան փրկվեն: Աշխատում ենք ընդամենը մի քանի հոգով տանենք թաղենք՝ ու վերջ, որ մարդկանց կուտակումներ չլինեն: Ու չնայած այս ամենին, մենք Մովսեսում ապրում ենք հանուն խաղաղության, ու այդ միտքն օգնում է հաղթահարել այս բոլոր բարդությունները: Մեր գյուղով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է Հայաստանը»,- ասում է Էդգար Պապյանը: