Գյուղ առանց ուղեցույցի
Տաք գարնանային օր է: Միջին տարիքի մի տղամարդ աշխատում է այգում: Ձեռքին բահ է, որով նա խնձորենու շուրջ հողն է փխրեցնում: Նկատելով մեզ՝ աշխատանքային ձեռնոցները կախում է մետաղյա ցանկապատից և մեզ հրավիրում տուն:
Բացում ենք այգու արդեն հնացած կանաչ ներկով պատված դուռն ու ներս մտնում բակ: Տունը երկհարկանի է, լայն ու կիսաքանդ պատշգամբով և առանց ապակիների պատուհաններով: Տանիքը սևացել է կամ մրից, կամ կրակից, պատերն ավերված են, հատակը տեղ-տեղ քանդված: Շուրջբոլորը կոտրատված կահույք և այլ կենցաղային իրեր են՝ թեյնիկի բռնակ, ափսեի կտոր, աթոռի մեջք: Մի ժամանակ այս պատը վարդագույն ծաղիկներով պաստառով է պատված եղել: Այժմ միայն կտորներ են մնացել:
Այստեղ կարելի է պարկուճներ գտնել, պատմում է տանտերն ու մեզ հրավիրում էքսկուրսիայի:
Այս մեծ տանը միայն մեկ սենյակն է պիտանի ապրելու համար: Փոքր սեղանը, աթոռը, պահարանը, մահճակալը և փայտե վառարանը հազիվ են տեղավորվում չորս քառակուսի մետրում:
Հսկա տան փոքր սենյակում ապրում է Թարիել Թազիաշվիլին և նրա կինը՝ Մերին:
Սա հակամարտության գոտի է՝ Զարդիանտկարի գյուղը:
Անցնելով Մարանա գյուղի կողքով՝ ասֆալտապատ ճանապարհը վերածվում է փոսերով պատված ուղու, որը տանում է դեպի Զարդիանտկարի գյուղ. այն առանց ցուցանակի է:
Զարդիանտկարին Հարավային Օսիայի դե ֆակտո սահմանին է: Այստեղ ապրում են էթնիկ վրացիներ և օսեր:
2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ գյուղը գրեթե դատարկվել է: Պատերազմից հետո այն միացվել է բուֆերային գոտուն: Պաշտոնապես այդ տարածքը վրացական կողմի վերահսկողության տակ էր, սակայն հսկողություն չի իրականացնում ոչ ռուսական, ոչ օսական, ոչ էլ վրացական կողմից: Տեղի վրացիները չեն կարողացել վերադառնալ գյուղ, քանի դեռ 2012-ին այստեղ վրացական պահակակետ չեն տեղակայել:
Այսօր գյուղի 25 ընտանիքներն ապրում են երկու պահակակետերի արանքում. գյուղի ծայրում ռուս-օսական պահակակետն է, մյուս կողմում՝ վրացական ոստիկանությունը:
Երկու տարի վրացական պահակակետը Թարիել Թազիաշվիլիի կիսաքանդ տանն է տեղակայված եղել, ընդ որում տանտիրոջ թույլտվությունը ոչ ոք չի հարցրել: Որոշ ժամանակ անց իրավապահները լքել են տունն, ու պահակակետը տեղափոխվել է մի փոքր հեռու: Այստեղ էլ Վրաստանի դրոշն է տեղադրված:
Վրացի իրավապահների հայտնվելը գյուղացիներին անվտանգության երաշխիքներ է ապահովել, սակայն իրենց տները վերադարձած բնակիչները կյանքի տարրական պայմաններ չունեն:
Զարդիանտկարի գյուղի բնակիչնրն այնպես, ինչպես հակամարտության գոտում տեղակայված այլ գյուղերի բնակիչները, մեծ դժվարություններ են կրում ջրի պակասի պատճառով:
Ջրի բացակայությունը տնտեսական վնաս է հասցնում այս տարածաշրջանին, որի բնակիչներն ապրում են գյուղատնտեսությամբ:
Զարդիանտկարիում այսօր գործում է խմելու ջրի միայն մեկ ջրհոր, որը սարքվել է մի քանի տարի առաջ: Այս տարի, վերջապես, կառուցվել է նաև ջրամբար, որտեղ հավաքվում է ջրհորի ջուրը, այնուհետև՝ մատակարարվում գյուղի տներ: Ջրի որակը չի համապատասխանում նորմային, չնայած որ ջուրն այստեղ երազանք էր, այժմ դրանից բողոքում են: Խմելու ջուրը ռետինե խողովակներով մտնում է տներ ժամանակացույցի համաձայն՝ օրը երկու անգամ:
Մինչև հիմա լուծված չէ ոռոգման ջրի հարցը: Այդ պատճառով չեն կարող աճեցնել ոչ դեղձ, ոչ խնձոր:
«Չգիտեմ, արդյո՞ք աշխատանքս արդյունք կտա… Արդյո՞ք իմաստ կա այսքան տանջվելու և ջանք թափելու: Բայց մտածում եմ՝ իսկ եթե հանկարծ ոռոգման ջուր տան, իսկ իմ ծառերի հողը դեռ փխրեցրած չէ, լավ չի լինի, չէ՞», — հարցնում է նա:
Առանց էլեկտրականության մնացած գյուղում էլեկտրամատակարարման գծերը վերականգնել են միայն 2013թ-ին: Այս տարի գյուղում գազ են քաշել, բայց դրանից ոչ բոլորը կարող են օգտվել: Օրինակ, Թարիել Թազիաշվիլիի տունն այնքան է վնասվել, որ նրան թույլ չեն տվել գազի խողովակներ անցկացնել՝ վտանգավոր է:
Տեղի ամենասուր խնդիրներից մեկը վնասված տների վերականգնումն է: Դրանց մեծ մասը քանդվել է ռազմական գործողությունների ժամանակ:
Այն պատճառով, որ Զարդիանտկարի գյուղը պաշտոնապես վրացական վերահսկողության տակ էր, գյուղի բնակիչներին փախստականի կարգավիճակ չեն տվել, գումարներ չեն հատկացվել տների վերականգնման համար:
Թինա Գաբլիաշվիլին ապրում է Զարդիանտկարիում: Նրա տունը մեկհարկանի է և բաժանված է երկու մասի: Մի մասն այրված է, մյուսը՝ պիտանի է ապրելու համար:
2008-ին Թինայի տունն այրվել է իր աջքի առաջ: Նա ցույց է տալիս այն թաքստոցը, որտեղ ամուսնու հետ թաքնվել են: Փոխհատուցել վնասները հրաժարվել են՝ ասելով, որ տունն ամողջությամբ չի այրվել:
Երկու տարի առաջ Թինայի ամուսինը մահացել է, տղան էլ բանտում է: Կնոջ առողջությունը խախտվել է, ձեռքերը դողում են, դեղի փող չունի:
Նա սրտնեղում է, որ արդեն գարուն է, իսկ իր բակը դեռ կարգի բերված չէ:
«Տեսնո՞ւմ եք այն հողակտորները: Ինչպե՞ս մենակ մշակեմ դրանք: Ինչպե՞ս ջրեմ: Գյուղում ջուր չկա: Չգիտեմ՝ ինչպես կանցկացնեմ հաջորդ ձմեռը, ի՞նչ եմ ուտելու… Նայեք՝ ինչ կեղտոտ ջուր են տալիս», — ասում է Թինան՝ բացելով ջուրը: Այս անգամ ռետինե խողովակից ջուր չի հոսում:
Գյուղում հիմնականում տարեցներ են մնացել: Երիտասարդության մի մասն ապրում է Գորիի մանկապարտեզի շենքում, մյուս մասն էլ մեկնել է Թբիլիսի աշխատելու: Գյուղ վերադարձածներից ոչ բոլորն են պետությունից օգնություն ստանում: Նրանց միակ եկամուտը թոշակն է:
Տունը, որն այժմ փլատակների է վերածվել, Թարիելը երկար տարիներ է կառուցել: Սկզբում՝ հոր հետ միասին, հետո՝ մենակ: Շինարարությունը վերջացնելուն պես նա պետք է նոր կյանք սկսեր, սակայն պատերազմը բռնկվեց:
Այժմ նա երազում է վերականգնել տունն իր թոռների համար: Օգնության խնդրանքով դիմել է տարբեր հաստատություններ, բայց անարդյունք:
Թարիելի տան վերականգնման հարցը դիտարկել է Վրաստանի ժողովրական պաշտպանի աշխատակազմը. օմբուդսմենի գրասենյակը դիմել է երկրի ՆԳՆ՝ հորդորելով վերականգնել տունը:
«Երկու տարվա ընթացքում իմ տանը ոստիկանական պահակակետ է եղել: Պատերազմի հասցրած վնասին գումարվել է նորը: Իսկ այժմ նրանք հրաժարվում են վերականգնել տունս», — ասում է Թազիաշվիլին:
Ապագայի մասին խոսելիս նրա ձայնը տխուր ու անհույս է հնչում: Դրական հիշողությունները կապված են միայն կոմունիստների շրջանի հետ, երբ նա երիտասարդ էր, աշխատանք ուներ և ոչ մի հակամարտություն չկար:
«Լավ ժամանակներ էին: Սահմանները բաց էին: Իսկ այժմ բոլորը կարիքավոր են, կյանքը չքավոր: Լավ կլիներ, եթե Եվրոպայի հետ առևտուրը ստացվեր, բացվեին սահմանները, այժմ մենք կարծես բանտում լինենք, ոչ մի տեղ ելք չկա: Եթե Եվրոպայի հետ լինենք, Ռուսաստանը չի համարձակվի այլևս մեր դեմ որևէ բան ձեռնարկել: Հակառակ դեպքում Ռուսաստանի կողմից մեզ վտանգ է սպառնում, նրանց վրա չի կարելի հույս դնել: Իսկ մերոնք՝ տեղացի օսերը, լավ մարդիկ են, մենք միասին ենք մեծացել»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ.
Հրապարակվել է 31.03.2016