Գերիների վերադարձ և Արցախի կարգավիճակ․ վստահության բաղադրատոմս ՀՀ արտգործնախարարից
Հայ գերիների վերադարձը, որոնք Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո դեռ Ադրբեջանում են, և Արցախի կարգավիճակի ճշգրտումը կարող են կարևոր նախադրյալ դառնալ տարածաշրջանում վստահության մթնոլորտի և կայունության ձևավորման համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 29-ին, արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին։
Նախարարը խոսել է նաև Արցախում 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի դերի, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։
- Հայաստանի տնտեսությունը «գրեթե վերականգնվե՞լ է»։ Նախարարը տարեվերջին երկնիշ աճ է ակնկալում
- Ի հեճուկս պատերազմի և COVID-19 համավարակի․ Հայաստանի պաշտոնյաները միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել
Գերիներն ու Արցախի կարգավիճակը
Ղարաբաղյան համակարտությունը վերջնականապես լուծելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում․
«Վստահության մթնոլորտը մեկ օրում չի ձևավորվում։ Հատկապես հիմա՝ այս ցնցումից հետո ողջ տարածաշրջանում, անհապաղ պետք է լուծում գտնի մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձության խնդիրը։ Դա կլինի իսկապես շատ դրական քայլ հարևան երկրի կողմից»։
Արա Այվազյանը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանն այժմ նոր մարտահրավերների փուլում է, և անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են կայունության, անվտանգության և խաղաղության հարցերով։
Այս առումով նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը, «որը կկարողանա գլխավորել խաղաղ գործընթացը տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»։
Նախարարը հայտարարել է նաև, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում Հայաստանն արդեն իր մոտեցումներն է մշակել և դրանք ներկայացրել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդին․
«Դրանք ենթադրում են Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որոշման ընդունում, Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիա»։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»
Նախարարը կարծում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ռազմական գործողությունների ընթացքում և դրանցից հետո միջազգային կառույցներին ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև․
«Սա մի այլ, նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին է: Հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափությունը, ինչպես է մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում հայ գերիները, նրանց մոտ, կարծեմ, գնալով ավելի հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։
«Արցախյան պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի ջանքերով»
Արա Այվազյանը հայտարարել է, որ Հայաստանը հետևում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր հարաբերություններին, որը չի դադարեցնում ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին։
Միաժամանակ, նախարարը վստահություն է հայտնել, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը՝ «որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, անհրաժեշտության դեպքում կկատարի իր պարտավորությունները»։
Այվազյանն ընդգծել է նաև, որ պատերազմն Արցախում դադարեցվել է Ռուսաստանի ջանքերով։ Սակայն, միաժամանակ, նախարարը չի կարծում, որ Հայաստանն ու նրա անվտանգությունն ամբողջությամբ կախված են Ռուսաստանից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին [խոսում է Արցախում ռազմական գործողությունների և դրանցում Թուրքիայի՝ որպես Ադրբեջանի դաշնակցի ներգրավվածության մասին], մեկ անգամ ևս հիշեցրեց մյուս երկրներին, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության պարագան շարունակում է ոգևորել նման ցեղասպան նպատակներ ունեցող քաղաքական գործիչներին», — հայտարարել է արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին հայերի նկատմամբ կատարված իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելը հայկական դիվանագիտության օրակարգի կարևոր ուղղություններից մեկն է։
Նախարարը ստիպված էր եղել խոսել այս մասին, քանի որ վերջերս Հայաստանում ակտիվորեն քննարկվում է տարածաշրջանում ճանապարհների ապաարգելափակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։
Մասնավորապես, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում վերջերս հայտարարել է, որ «պետք է ճշգրտումներ կատարել Հայաստանի մոտեցումներում»։
Այս արտահայտությունը երկրում սուր արձագանք է առաջացրել, այն հասարակությունում ընկալվել է որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից Երևանի հրաժարման մասին խոսելու առիթ։
Պատգամավորները նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ։
Արա Այվազյանը հիշեցրել է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ձևավորում և հայտարարում են միայն վարչապետն ու արտգործնախարարը։ Նա հայտարարել է, որ իրեն հայտնի չեն որևէ ձևաչափեր, որոնցով կարող են խորհրդակցություններ, խորհրդատվություն կամ բանակցություններ տեղի ունենալ պաշտոնական Անկարայի հետ։