Գենդերային քվոտաները Վրաստանում։ Կողմնակիցների և հակառակորդների հիմնական փաստարկները
Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնք գենդերային քվեոտաներ են նախատեսում։ Ըստ այդ փոփոխությունների՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի կուսակցական ցուցակ, որում յուրաքանչյուր չորրորդը կին է։
Հակառակ դեպքում ԿԸՀ–ն չի հաստատի ցուցակն, ու կուսակցությունը չի կարողանա մասնակցել ընտրություններին։
Գենդերային քվոտաները Վրաստանում գործելու են մինչև 2028 թ–ը։
Այսօր Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից միայն 21–ն է կին։ Ըստ նոր օրենսդրության՝ հաջորդ խորհրդարանում ոչ պակաս, քան 30 կին է լինելու։
Խորհրդարանում կանանց թիվը նվազագույնը 37–ի է հասնելու 2024 թ–ին, իսկ 2028–ին կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածու կին է լինելու։ Այլ կերպ ասած՝ կանայք կազմելու են 150 պատգամավոր ունեցող խորհրդարանի մեկ երրորդը։
Գենդերային քվոտաների հիմնական գաղափարն այն է, որ, որքան հնարավոր է, շատ կին ներգրավվի քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։
Գենդեդրային քվոտաները տարածված են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական։ Եվ ամենուր դրանք ժամանակավոր բնույթ են կրում․ հենց հավասարվի գենդերային բալանսը, քվոտաներ այլևս պետք չեն լինի։
Ըստ փորձագետների՝ ժողովրդավարական երկրներում գենդերային հավասարակշռությունը կվերականգնվի բնական ճանապարհով, սակայն դրա համար պետք կլինի 70-100 տարի։ Քվոտավորումը զգալիորեն կզարգացնի գործընթացը։
Գենդերային քվոտաներն ամենուր սուր քննարկումների առարկա են դառնում։ Այդ մոտեցումն իր հակառակորդներն ունի նաև Վրաստանում, այդ թվում՝ ֆեմինիստների շրջանում։
JAMnews–ը հավաքել է քվոտաների կողմնակիցների և հակառակորդների հիմնական փաստարկները։
Կողմնակիցների փաստարկները
1. Օրենքով՝ կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն, սակայն իրականում կնոջ համար ավելի դժվար է քաղաքական գործիչ կամ թոփ–մենեջեր դառնալ։ Կնոջ և տղամարդու միջև իրական հավասարություն չկա, քանի որ նրանք անհավասար մեկնարկային պայմաններում են։
2. Կինը, որը կարիերայի աճի է ձգտում, ավելի շատ խոչընդոտների է հանդիպում, քան տղամարդը։
Նախևառաջ, դրանք պարտականություններն են, որ ավանդաբար համարվում են կնոջ գործ․ սննդի պատրաստում, լվացք, մաքրություն, երեխաների դաստիարակություն և տարեցների խնամք։ Քվոտաների կողմնակիցներն ասում են, որ, երբ այդքան շատ գործ կա, ակնհայտ է, որ կանայք աշխատանքի և ուսման համար ավելի քիչ ժամանակ ունեն։
Երկրորդ յուրահատուկ խոչընդոտը, որին բախվում են կանայք, հասարակական կարծրատիպերն են այն մասին, որ քաղաքականությունը կնոջ գործ չէ։
Եվս մեկ խոչընդոտ է այսպես կոչված «ապակե առաստաղն»՝ անտեսանելի խոչընդոտը, որը կանանց խանգարում է կարիերայում նույն բարձունքների հասնել, ինչ տղամարդիկ։ Օրինակ՝ կանանց հաճախ միտումնավոր աշխատանքի չեն ընդունում, որովհետև մտավախություններ են լինում, որ նա կարող է հղիանալ և ֆիզարձակուրդ գնալ։
Այդ պատճառով էլ քվոտաների կողմնակիցները կարծում են, որ, եթե կանայք, ի տարբերություն տղամարդկանց, լրացուցիչ խոչընդոտներ ունեն, ապա արդար կլինի, եթե նրանք այդ խոչընդոտների հաղթահարման և տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ ապահովելու համար լրացուցիչ լծակներ ունենան։
Հետևաբար, քվոտաները ոչ թե խտրականություն են, այլ փոխհատուցում և արդար միջոցներ, որոնք ուղղված են կնոջն օգնելու՝ հաղթահարել իրական խոչընդոտներն, ասում են քվոտաների պաշտպանները։
2. Գենդերային քվոտաները կանանց թույլ են տալիս բարձր ամբիոնից խոսել խնդիրների մասին, որոնք տղամարդիկ լուրջ չեն ընդունում և զգայուն չեն դրանց նկատմամբ։ Օրինակ՝ ընտանեկան բռնության։
3. Քվոտաների կողմնակիցներն ասում են, որ Վրաստանը նահապետական երկիր է, որում մինչև հիմա գոյություն ունեն «տղամարդու» և «կնոջ» գործեր, մասնագիտություններ և վարքականոններ։
Հասարակության մեծ մասը կարծում է, որ քաղաքականությունը կնոջ գործ չէ։ Տղամարդն է լավագույն ղեկավարը, նա ավելի լավ է խնդիրներ լուծում, նա ավելի ուժեղ է։ «Տնօրեն», «քաղաքական գործիչ», «նախարար»․ այս խոսքերն ասելիս հիմնականում տղամարդ են պատկերացնում, ոչ թե կին։
Քվոտաների կողմնակիցները կարծում են, որ, երբ մարդիկ շատ կին տեսնեն քաղաքականությունում, այդ կածրատիպը կհաղթահարվի։ Նրանց խոսքով՝ շատ կանայք քաղաքականությունում աստիճանաբար կփոխեն իրենց մտածողությունը․ տղամարդկանց համար այդքան տարօրինակ և անընդունելի չի լինի սեփական կնոջը, դստերը կամ քրոջը տեսնել քաղաքական դաշտում։
4. Քվոտաների կողմնակիցները կարծում են նաև, որ քաղաքական ցուցակներում գենդերային անհավասարությունը ոչ թե հասարակության ընտրությունն է, այլ կուսակցական առաջնորդների, որովհետև նրանք են կազմում ցուցակները, այլ ոչ թե ընտրազանգվածը։
Քվոտաների կողմնակիցները հասարակությանը հիշեցնում են նաև, որ կուսակցական ցուցակները ոչ միշտ են հիմնված որակավորման և պրոֆեսիոնալիզմի վրա։ Կուսակցական առաջնորդները ցուցակ կազմելիս հաճախ են ուշադրություն դարձնում թեկնածուի ֆինանսական դրության, նրա ազդեցության, ճանաչվածության վրա, ոչ թե որակավորման և պրոֆեսիոնալիզմի։
Իսկ կանայք սահմանափակ ռեսուրսներ ունեն․ նրանց փողը, ժամանակը հաճախ չի հերիքում արշավներ իրականացնելու, ընտրողների հետ հանդիպելու, որակավորումը բարձրացնելու համար, որովհետև, ինչպես արդեն նշել ենք, նրանք չվճարվող տնային շատ աշխատանք են կատարում։
5. Քվոտաների կողմնակիցները կարծում են, որ գենդերային քվոտաները լրացուցիչ խթան կդառնան կանանց համար՝ ավելի ակտիվ պայքարելու և սեփական զարգացման համար աշխատելու։ Կանանց մեծ ներկայացվածությունը քաղաքականությունում վարակիչ օրինակ կլինի մյուս կանանց, աղջիկների երիտասարդ սերնդի համար։
Բացի այդ, քվոտաները լրացուցիչ խթան կլինեն կուսակցությունների համար, որպեսզի նրանք իրենց շարքեր ներգրավեն ավելի որակավորված կանանց և ավելի շատ ժամանակ և ռեսուրս տրամադրեն նրանց զարգացմանը, որպեսզի ավելի շատ պրոոֆեսիոնալ կադրեր ունենան, քան մրցակից կուսակցությունները։
Հակառակորդների փաստարկները
1. Քվոտաների հակառակորդների գլխավոր փաստարկն այն է, որ դրանք հակասում են հավասարության սկզբունքին, որովհետև կանանց առավելություն են տալիս։ Շատ կանայք ասում են, թե իրենց համար վիրավորական կլինի, որ իրենց նշանակեն կամ որևէ տեղ ընդունեն սեռի պատճառով։ Քվոտաները չեն կարող ժողովրդավարական գործընթացի մաս լինել, որովհետև «սահմանափակում են» մյուս թեկնածուներին։
2. Քվոտաների հակառակորդների կարծիքով՝ քվոտաների համակարգը վարկաբեկում է կանանց և նրանց ներկայացնում որպես «թույլ սեռ», որն ունակ չէ մրցակցելու։ Կանայք կարող են հաջողության հասնել քաղաքականությունում և նվաստացուցիչ առավելության կարիք չունեն։ Քվոտավորումը նշանակում է այն կանանց անարդար խարանում, որոնք հաջողության են հասել առանց քվոտաների։
3. Քվոտաների հակառակորդներն ասում են, որ գենդերային քվոտաների դեպքում խորհրդարանական գործընթացը կտուժի․ արդյունքում՝ այնտեղ կարող են հայտնվել ոչ այնքան պրոֆեսիոնալ կադրեր, որովհետև նրանց մի մասն ընտրվում է սեռի հատկանիշով, այլ ոչ թե որակավորման և հմտությունների։ Գուցե ավելի արհեստավարժ տղամարդու և պակաս արհեստավարժ կնոջ միջև ընտրության դեպքում կուսակցությունը ստիպված լինի կնոջն ընտրել, որովհետև դա է պահանջում օրենքը։
4. Վրաստանում կինը կարող է հաջողության հասնել, եթե ունի ցանկություն և որակավորում, և քաղաքականությունում ավելի շատ կին չկա միայն այն պատճառով, որ կամ նրանք չեն ուզում, կամ բավականաչափ ջանք չեն գործադրում դրա համար։ Ինչպես վրացական քաղաքականությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս առանց քվոտաների հաջողակ կանանց բազում օրինակներ կան։
5. Այո, քվոտաների արդյունքում քաղաքականությունում ավելի շատ կին կլինի, բայց պարտադիր չէ, որ նրանք բոլորը ֆեմինիստ լինեն։ Կնատյացությունը սեռ չունի, և խորհրդարանում ավելի շատ կնոջ ներկայությունը չի նշանակում, որ նրանք ավելի շատ են քննարկելու կանանց համար արդիական հարցեր։
Ըստ վերջին հետազոտությունների՝ Վրաստանում կանանց մեկ չորրորդ մասը կարծում է, որ որոշ դեպքերում ամուսնու կողմից կնոջը ծեծելն արդարացված է այն դեպքում, երբ այդպես է մտածում տղամարդկանց մեկ երրորդը։ Ավելին՝ վրացի կանանց մեկ քառորդը կարծում է, որ կինը պետք է ենթարկվի ամուսնուն, անգամ եթե համաձայն չէ նրա հետ։ Սա այն դեպքում, երբ այդպես չեն համարում գրեթե կրկնակի ավելի շատ տղամարդիկ։
Մեկ այլ օրինակ էլ կա․ Արգենտինան 30-տոկոսանոց քվոտա սահմանեց կանանց համար 1991 թ–ին, սակայն կուսակցական ցուցակներում կանանց մեծ մասը կամ տղամարդ քաղաքական գործիչների կանայք էին կամ սիրուհիները։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ խորհրդարանում այդ կանանց ներկայությունը քննարկվող հարցերի օրակարգը չփոխեց․ նրանք հնազանդ էին իրենց ամուսիններին և կառավարվում էին տղամարդ քաղաքական գործիչների կողմից։