«Չհաշտվել գենդերային բռնության հետ»․ 16-օրյա արշավի մեկնարկը ՀՀ-ում
Գենդերային բռնության դեմ պայքար ՀՀ-ում
Այսօր մեկնարկում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը։ Քարոզարշավի շրջանակում տարատեսակ միջոցառումներ են տեղի ունենալու նաև Հայաստանում։
Առաջինը «Ձեռքբերումներ, կարիքներ և առավել արդյունավետ գործընկերություն՝ հանուն ՀՀ-ում գենդերային բռնության հաղթահարման» խորագրով քննարկումն էր։ Դրան մասնակցում էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա ասել է, որ գենդերային բռնությունը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այլև խաթարում ընտանիքի ու հասարակության հիմքերը՝ շարունակական ազդեցություն թողնելով նաև հաջորդ սերունդների վրա։
Քարոզարշավը նախաձեռնվել է 1991 թվականին, Ռատգերսի համալսարանի (ԱՄՆ) Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի (CWGL) կողմից։ Այն ժամանակ նախաձեռնությունը կոչվել է «Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա արշավ»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ ենթարկվում է բռնության։ Կարծում է՝ բռնությունը ոչ թե անձնական, այլ հասարակական խնդիր է։
«Հասարակությունը չի կարող զարգանալ ու բարգավաճել, եթե այդ հասարակության կեսից ավելին ենթարկվում է բռնության, խտրականության կամ անհավասար մոտեցումների»,- արձանագրել է նա։
Հայաստանում ամեն տարի առնվազն 10 կին է սպանվում ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իրականացված հետազոտությունների համաձայն՝ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված հայաստանաբնակ կանանց ընդամենը 12%-ն է դիմում որևէ պատասխանատու կառույցի օգնությանը։ Դա փաստում է, որ դեռևս պահպանվում է խնդրի մասին չբարձրաձայնելու միտումը։
Պայքար կարծրատիպերի դեմ և ոչ միայն
16-օրյակի մեկնարկին «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպում։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Եվրամիության համաֆինանսավորմամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի դիտարկմամբ՝ գենդերային բռնության դեմ պայքարն իրականում պայքար է ոչ միայն իրավական և սոցիալական մակարդակում, այլև մշակութային՝ ազգային մտածողության ու հասարակության հավաքական կարծրատիպերի շրջանակում։ Կարծում է՝ անհնար է այդ խնդրի դեմ պայքարել միայնակ։
Նախարարը կարևորում է բռնության կանխարգելման գործընթացում ներգրավված կառույցների ու անձանց կողմից տարվող աշխատանքը, այդ թվում՝ հանրության հետ․
«Հասարակության շարունակական կրթումն ու վերակրթումը հնարավորություն կտան քաղաքացիների համար տեսանելի դարձնել բռնության վատթարագույն ազդեցությունները և բացառել դրանք ընդունելու կամ դրանց հետ հաշտվելու տարբերակները»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կիսում է այս տեսակետը։ Շեշտում է՝ հետևողական պայքարի միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որում ընտանեկան բռնությունն իսպառ կմերժվի, իսկ գենդերային անհավասարությունը կմնա անցյալում։
«Պայքարի համար անհրաժեշտ է ոչ միայն ջանքերի համատեղում, այլև համապատասխան իրավական դաշտի առկայություն»,- հայտարարել է Մարագոսը։
Ներկա պահին աջակցություն է ստանում բռնությունից տուժած 1600 անձ
Նախարար Մկրտչյանի փոխանցմամբ՝ 2020 թ․-ից ի վեր կառավարությունը հանձն է առել ընտանեկան բռնության զոհերին ծառայություններ մատուցելու պատասխանատվությունն ու տրամադրում է անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Նշել է՝ առաջիկա տարիներին փորձելու են ներդնել ավելի մեծ ռեսուրսներ, ինչպես նաև բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը․
«2022 թ․-ին նշված ծառայություններից օգտվել է 1516 մարդ, 2023 թ․-ին՝ շուրջ 1800 մարդ, իսկ ընթացիկ տարում այս պահի դրությամբ՝ 1600 մարդ»։
Սոցիալական ոլորտի պատասխանատուն կարծում է՝ թվերը վկայում են այն մասին, որ այնուամենայնիվ արմատավորվում է դեպքերի մասին ահազանգելու պրակտիկան։ Դա, ըստ նրա՝ խոսում նաև այն մասին, որ աճել է պետության և ՀԿ-ների նկատմամբ հանրության վստահությունը։
Թվերը դեռ մտահոգություն են առաջացնում
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հետազոտության համաձայն՝ հարցված կանանց գրեթե մեկ երրորդը հայտնել է, որ ենթարկվել է հոգեբանական բռնության։ Նույնքան կանայք էլ ենթարկվել են տնտեսական բռնության․
«Հարցված կանանցից յոթից մեկը հայտնել է ֆիզիկական, տասնհինգից մեկը՝ սեռական բռնության ենթարկվելու մասին»։
2023 թ․-ի ընթացքում ոստիկանությունն արձանագրել է ընտանեկան բռնության 1338 դեպք։ Անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել 619 դեպքի վերաբերյալ։
Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծին նախորդ տարի 3851 ահազանգ է ստացվել։
Կենտրոնը ծառայություններ է մատուցել ընտանեկան բռնությունից տուժած 1085 կանանց և երեխաների, 265 կանանց և երեխաների տրամադրել է ապահով կացարան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գենդերային բռնության դեմ պայքար ՀՀ-ում