Գեղեցիկ անունով վնասատու
Ֆիլոքսերան քանդեց ավելի քան 20 հեկտար խաղողի այգի
Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ Աշոտ Սահակյանը զայրացած է և զարմացած: Զայրացած է, որ շուտով բոլորը կզբաղվեն իրենց այգիների մշակությամբ, իսկ ինքը՝ ոչ: Զարմացած է, որ իր խաղողի այգին ֆիլոքսերայով վարակված լինելու պատճառով ոչնչացրեցին, իսկ այն այգիները, որոնք ավելի ուշ ենթարկվեցին վարակին, չոչնչացրին, այգետերերին թույլատրեցին ինքնուրույն որոշեն, թե ինչպես վարվեն դրանց հետ:
Աշոտի խոսքով, շուտով խաղողագործները կսկսեն այգեբացն ու վազերի էտը, իսկ ինքը 3 տարի իրավունք չունի նույնսիկ մոտենալ իր հողատարածքին:
Աշոտի և նրա 3 հարևանների 6,5 հեկտար ոչնչացված այգու տարածքն այժմ հսկվում է՝ 3 տարի կարանտին է հայտարարված: Միայն կարանտինի ավարտից հետո Աշոտը և նրա բախտակիցները իրավունք կունենան մշակել իրենց հողատարածքները: 4-րդ տարում, ըստ այգիների քանդման պայմանագրի, հողի սեփականատերը կկարողանան զբաղվել միամյա բույսերի մշակությամբ և 5-րդ տարում միայն իրավունք կստանան նոր այգի հիմնել:
Արարատյան դաշտավայրում ֆիլոքսերա հիվանդությունն առաջին անգամ հանդիպել է 2009 թվականին, Գայ համայնքի 3,5 հեկտար խաղողի այգիներում: Վնասատուն տարածաշրջանի համար նորություն էր, մասնագետների ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ վարակը օջախային բնույթ է կրում: Պետական մակարդակով որոշում կայացվեց վարակված այգիների սեփականատերերին 3 տարի զերծ պահել հողը օգտագործելուց և նրանց դրամական փոխհատուցում հատկացնել ՝ ամեն մեկ հեկտարի համար տարեկան 1 մլն դրամի չափով:
Աշոտը, ըստ կառավարության որոշման, իր 1 հեկտար այգու դիմաց 3 մլն դրամ փոխհատուցում է ստացել, որը բոլորովին չի գոհացրել այգեգործին: Նրա խոսքով, միջինը տարեկան 17-20 տոննա խաղող է ստացել:
Ամենահամեստ հաշվարկներով, եթե ամբողջ խաղողը 150 դրամով մթերողին հանձներ, տարեկան 2,7-3 մլն դրամ գումար կստանար՝ համարյա այդքան, որքան հիմա ստացել է երեք տարվա պարապուրդի դիմաց:
Տարիների ընթացքում ֆիլոքսերայի օջախներ հայտնաբերվեցին Արմավիրի այլ համայնքներում ևս: Արդյունքում քանդվեցին Աղավնատուն, Գայ, Նորապատ համայնքների ավելի քան 20 հեկտար այգիներ:
Այսպես ոչնչացվեցին խաղողի այգիները
Ինչ է ֆիլոքսերան
Ֆիլոքսերան խաղողի լվիճ է, սովորական աչքով դժվար նկատելի, ունի արմատային, տերևային, թևավոր և երկսեռ ձևեր: Արմատային ձևն ապրում է խաղողի վազի արմատների վրա: Հայաստանում հայտնաբերվել է ֆիլոքսերայի արմատային վարակը, որն ավելի ագրեսիվ է և բուժման չի ենթարկվում: Ֆիլոքսերան շատ արագ զարգանում է, վարակը օջախից կարող է տարածվել մինչև 50 կմ տրամագծով:
Ֆիլոքսերայի թրթուռը ձմեռում է խաղողի վազի արմատների վրա, գարնանն արթնանում և ծծում արմատների հյութը: Յուրաքանչյուր էգ թրթուռ 45-255 ձու է դնում և արմատների վրա տալիս է տարեկան 5-6 սերունդ: Հիվանդությունը կարող է զարգանալ հողի տարբեր շերտերում, 10 սմ-ից մինչև 4,5 մետր խորության վրա: Ֆիլոքսերան վարակ է, որը տարածվում է բացառապես խաղողի այգիներում, քանի որ այն կարող է զարգանալ միայն խաղողի վազի արմատի վրա:
Արմավիրի մարզում շուրջ 7 հզր հեկտար խաղողի այգի կա
Այսօր էլ մարզի շատ համայնքներում ֆիլոքսերայի վարակով օջախներ են հայտնաբերվել, սակայն պետական մոտեցումն է փոխվել, այգիների ոչնչացումն այլևս պարտադիր չէ:
Խնդիրը նրանում է, որ ֆիլոսքերայի վարակվածության ծավալները մեծ են՝ հանրապետությունը ֆինանսապես ի վիճակի չէ դրամական փոխհատուցման մեթոդով քանդել բոլոր վարակված այգիները:
Մասնագետները մտորում են
Գյուղնախարարության Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) տնօրեն Լյովա Ալեքսանյանը համոզված է, որ այգիների ոչնչացումը վտանգում է ոչ միայն հայկական խաղողի տեսակների պահպանման հետագա ճակատագիրը, այլ նաև հայկական գինու, կոնյակի վարկանիշը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը համոզված է, որ մենք պետք է սովորենք հիվանդության դեմ պայքարել և ապրել նրա հետ: Կենտրոնի պետը մեջբերում է ֆիլոքսերա հիվանդության հայրենիք համարվող ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների փորձը: Ըստ նրանց, ժամանակն է, որ Հայաստանում նույնպես ներդրվեն ֆիլոքսերադիմացկուն խաղողի տեսակներ:
Ֆիլոքսերա հիվանդության դեմ պայքարելով ԳԱՄԿ-ն առաջարկում է ամեն գնով պահպանել հայկական ավանդական խաղողի տեսակները: Ըստ ԳԱՄԿ մասնագետների, հիվանդությամբ վարակված այգին ճիշտ խնամելու պայմաններում կարող է բերք տալ մինչև 25 տարի:
Սննդամթերքի անվտանգության ծառայության մարզային կենտրոնի մասնագետները համարում են, որ, այգիները պահպանելով, բերքատվությունը տարեցտարի նվազելու է՝ այդպիսով, կրկին տուժելու է հայրենական գինու, կոնյակի արտադրությունը: Նրանք առաջարկում են այգիները փոխարինել նոր ֆիլոքսերադիմացկուն սորտերով:
Անցումը նոր տեսակին, ըստ բուսասանիտարիայի տեսուչ Դավիթ Ղազարյանի, կկատարվի զուգահեռաբար: Վարակված այգու վազերի կողքին կտնկվեն նոր կտրոններ և 4-5 տարի հետո միայն հիվանդ վազերը կվերացվեն:
Նույն կենտրոնի մեկ այլ մասնագետ Արթուր Ասատրյանն էլ առաջարկում է նոր և դիմացկուն կտրոնի վրա պատվաստել հայկական խաղողի տեսակները:
Հայկական խաղո՞ղ, թե՞ հիբրիդ
Ինչպես ԳԱՄԿ-ի, այնպես էլ սննդի անվտանգության պետական ծառայության մասնագետների խորին համոզմամբ, յուրաքանչյուր պարագայում տուժելու է խաղողի հայկական տեսակը:
Պատվաստման արդյունքում խաղողի տեսքը կպահպանվի, սակայն էական փոփոխություն կլինի համային ու որակական հատկանիշների մեջ: Բուսասանիտարիայի տեսուչ Մեխակ Մկրտչյանը բացատրում է. պետք է հաշտվել և հարմարվել հիվանդության փաստի հետ, այս պահին քննարկվող բոլոր ելքերն էլ վտանգում են խաղողի հայկական տեսակը, ինչի հետևանքով անմասն չի մնա գինին ու կոնյակը:
Խաղողի ֆիլոքսերայի մոնիթորինգի, նույնականացման և պայքարի ուղեցույց
Քանի որ ելքը դարձավ ֆիլոքսերայի հետ հաշտվելը, սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարիայի մասնագետների կողմից մշակվեց ուղեցույց, որով այգեգործներին կսովորեցնեն պայքարել հիվանդության դեմ:
Ըստ բուսասանիտարիայի տեսուչ Աբրահամ Հակոբյանի, պայքարի մեթոդներն ընտրված են եվրոպական երկրների փորձից: Թե որքանով կյանքի կկոչվի համեմատաբար մեղմ կլիմա ունեցող Եվրոպայի փորձը կիսատափաստանային շոգ կլիմա ունեցող Արարատյան դաշտում, մասնագետը դժվարանում է կանխատեսել:
7 տարի պահանջվեց, որ մասնագետները հասկան հիվանդության լրջությունն ու ծավալները
Արդյունքում տուժեցին բազմաթիվ ընտանիքներ: 3 տարի հատուցում տրամադրելով, խնդիրը նույնիսկ մասամբ չի լուծվում: Աշոտին ևս 5 տարի և մեծ ներդրումներ են պետք նոր այգի հիմնելու համար, իսկ թե այդ 5 տարին Աշոտի ընտանիքը ինչո՞վ է գոյատևելու, պետությունն այդ մասին չէր մտածել: