Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնություն Բաքվում․ 300 մարմնամարզիկ 61 երկրից
Բաքվում անցկացվում է Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 37-րդ առաջնությունը։ Դրա հաղթողները «Տոկիո 2020» ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր կստանան։ Առաջնությունն Ադրբեջանում 14 տարվա մեջ առաջին անգամ է անցկացվում։ Այնուամենայնիվ, հասարակությունում այն ոչ մի իրարանցում չի առաջացրել։
• Սպորտային էկոնոմիկա՝ ադրբեջանական ձևով
• Կյանքի մղում, ռեփ և սպորտ․ ադրբեջանցի վետերանի պատմությունը
Տոն, որը կողքով անցավ
Առաջնությանը մասնակցում է ավելի քան 300 մարմնամարզիկ 61 երկրից։ Ադրբեջանն ինը մարզիկ է ներկայացնում։
Բացման արարողությանը տեղական և շրջանային մեծության աստղեր ելույթ ունեցան՝ ներառյալ նախագահ Ալիևի նախկին փեսա Էմին Ագալարովը, որն այժմ ակտիվորեն համաշխարհային կարիերա է անում։
Առաջնության բացմանը ցուցադրվել է նաև արևելյան հեքիաթի մոտիվներով թատերականացված ներկայացում։
Նկարագրելով բացման արարողությունը՝ որոշ կայքեր մակդիրներ չէին խնայում, մյուսները սահմանափակվեցին փաստերի չոր արձանագրմամբ։ Իսկ հանրությունը գրեթե ոչ մի հետաքրքրություն առաջնության նկատմամբ չի ցուցաբերում։ Սոցցանցերում այս թեման նույնիսկ չի հիշատակվում․ այն հետին պլան է մղել ուսումնական տարվա մեկնարկը, դրա հետ կապված խցանումները ճանապարհներին և լեփ-լեցուն տրանսպորտը։
Արտոնյալ սպորտ
Մարմնամարզությունն Ադրբեջանում արտոնյալ մարզաձև է։ Մարմնամարզության ֆեդերացիան գլխավորում է երկրի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, և նա այդ մարզաձևի զարգացման համար միջոցներ չի խնայում։
Դա արտահայտվում է նաև «մարզական ենթակառուցվածքների» շինարարությունով (մարզադաշտեր, մարզաբազաներ) և տարբեր միջազգային մրցույթների անցկացմամբ (օրինակ, Եվրոպայի առաջնության)։
2016թ-ին Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների «Բարձրագույն շքանշանով» Եվրոպայում սպորտի զարգացման ոլորտում մատուցած ծառայությունների և Օլիմպիական շարժման մեջ ունեցած ավանդի համար։
Ադրբեջանցի մարմնամարզիկները (որոնց մի մասը Ռուսաստանի և Ուկրաինայի լեգիոներներ են) հաճախ են մրցանակային տեղեր զբաղեցնում առաջնություններում։ «Ամենաթարմ» մեդալներն արծաթն ու բրոնզն են, որոնք մարզիկները բերել են օգոստոսի վերջին Ռումինիայից՝ World Challenge Cup մրցաշարից։
Սակայն լայն հանրությանն այդ մարզաձևով հետաքրքրել դեռ չի ստացվում։
Հանրությունը շարունակում է ֆուտբոլ դիտել և հետևում է դաղստանցի սկանդալային ըմբիշ Հաբիբ Նուրմագոմեդովի արկածներին։
Սակայն, պետք է նշել, որ փոքր աղջիկներին ծնողները սկսել են ավելի հաճախ տանել մարմնամարզության։