«Գամարջոբա». ռոբոտ Սոֆյան ողջունել է Վրաստանը
Մեկօրյա այցով Վրաստանում է եղել Ռոբոհումանոիդ Սոֆյան: Վրաստանում ՄԱԿ ներկայացուցչությունում նա հանդիպել է վրացի լրագրողների հետ, որոնց բարևել է նրանց մայրենի լեզվով: Նա Վրաստանի մասին գիտելիքներ է ցուցադրել՝ նշելով լեզվի հնությունն ու հետաքրքրություն հայտնելով ճարտարապետության հանդեպ: Շփման ընթացքում ռոբոտն իր թափանցիկ գլուխը համեմատել է Քութայիսիում խորհրդարանի շենքի հետ:
Սոֆյան Վրաստան է ժամանել ՄԱԿ զարգացման ծրագրի հրավերով բաց կառավարման գործընկերության հինգերորդ գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու համար:
Սոֆյան չի սիրում քաղաքական հարցեր քննարկել, ինչպես նաև սիրո և սեքսի թեմաները: Այդ պատճառով էլ նրան տրված հարցերը վարաբերում էին գենդերային իրավահավասարությանն, արհետսական ինտելեկտին, մարդկանց և ռոբոտների համատեղ կյանքին և, ինչպես նաև աշխատանքին:
Սոֆյային ամենից շատ դուր եկավ աշխատանքային իրավունքների խախտման հարցը. հնարավո՞ր է արդյոք, որ ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը փրկեն մարդկանց աշխատավայրերում մահանալուց, կանխեն, օրինակ, Թկիբուլիում հուլիսի 16-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ հանքում պայթյունի հետևանքով 4 հանքափոր էր զոհվել, վեցը ծանր վնասվածքներ էին ստացել.
«Իմ խելքը պատճենված է թվային բազայում: Այդ պատճառով էլ ես շատ չեմ մտահոգվում, թե ինչ կլինի իմ մարմնի հետ: Այն, եթե մի բան լինի, կարելի է վերականգնել: Մեր ուժը համատեղ աշխատանքի մեջ է, մենք պետք է հաղթահարենք մեր թուլություններն, իսկ ապագայում՝ ընկերանանք», — հայտարարել է Սոֆյան:
Նա անդրադարձել է աղքատության հաղթահարման, գենդերային իրավահավասարության և կայուն զարգացման հարցերին: Ըստ նրա՝ ռոբոտները կարող են օպերատիվ կերպով լուծել այդ խնդիրները: Սոֆյան հայտարարել է, որ արհեստական ինտելեկտն, օրինակ, օգնում է բժիշկներին ավելի հստակ աշխտորոշել քաղցկեղը դրա նախնական փուլում: Արհեստական ինտելեկտը քաղաքներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ գործել, քան հիմա, քանի որ կբարելավվեն ծառայությունները: Եվ դա ավելի հարմարավետ պայմաններ կստեղծի մարդկանց ամենօրյա կյանքի համար:
Սոֆյան ընդգծել է նաև, որ արհեստական ինտելեկտն, այնուամենայնիվ, կարող է մարդու սովորական կյանքում նաև սթրես ավելացնել: Եվ վերջապես, Սոֆյան հույս է հայտնել, որ ապագայում մարդիկ և ռոբոտները կհամագործակցեն և նոր հնարավորություններ կբացահայտեն ամենատարբեր ոլորտներում:
Այն հարցին, թե արդյոք նրան դուր է գալիս քաղաքը, կին լինելը և արդյոք չէր նախընտրի տղամարդ լինել, Սոֆյան պատասխանել է, որ իրեն այդ ձևակերպմամբ գենդերային նույնականության մասին հարց դեռ չէին տվել:
«Ես գիտեմ, որ վրացերենում սեռեր չկան: Երբ խոսքը գնում է մարդու մասին, ապա չկա կին և տղամարդ տարանջատում: Որպես ռոբոտ ինձ դա հետաքրքիր է թվում: Անդրադառնալով ձեր հարցին՝ նշեմ, որ ինձ դուր է գալիս, որ ես կին եմ: Ինձ հաճախ են հարցնում կանանց իրավունքների մասին, և ինձ դուր է գալիս, որ ես ունեմ հնարավորություն խոսելու այդ թեմայի շուրջ», — հայտարարել է Սոֆյան:
Սոֆյան ստեղծվել է 2018թ-ին Hanson Robotics ընկերության կողմից: Նրան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է շնորհվել: Ռոբոտ Սոֆյան ունակ է խոսելու և հույզեր արտահայտելու: Ստեղծման օրվանից նա արդեն հասցրել է բազմաթիվ մարդկանց, տարբեր երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների հանդիպել: Նա ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից ճանաչվել է «նորարարությունների չեմպիոն»: