Գալինա Պետրիաշվիլի, Թբիլիսին
«Նոր ռուսներ» ֆենոմենը ժամանակին շրջանցել է Վրաստանը: Հարավային Կովկասում առանձնապես աչքի չէին ընկնում վարդագույն բաճկոնները կամ ինքնավստահ ջահելները:
Ռուսական սփյուռքն այստեղ ավանդաբար ներկայացված էր տեխնոմանների կամ «գիրք կրծողների» տեսքով, նրանք աշխատում էին (նախքան ԽՍՀՄ փլուզումը) գիտական և մշակութային բազմաթիվ ձեռնարկություններում և հաստատություններում: Գաղթօջախը համեստ էր և գիտեր իր տեղը՝ տիտղոսավոր ազգից առաջ չէր ընկնում և ամեն տեղ չէր խցկվում: Չնայած՝ ո՞վ էր այն ժամանակ ինչ-որ տեղ խցկվում: Թերևս ԽՄԿԿ շարքեր: Սակայն այնտեղ տանող ճանապարհն էլ էր բաց միայն աշխատավոր դասի համար: 90-ականներին գաղթօջախը կտրուկ ծերացավ, նոսրացավ և դժվարությամբ կարողացավ հաղթահարել բարոյական (ինչ-որ մեկի համար էլ իրական) ապտակներից, որոնք նրան հասցրին 80-ականների վերջին և 90-ականների սկզբին հայրենասիրական ժողովրդական շարժումների շրջանակում: Բոլոր նրանք, ովքեր գնալու տեղ ունեին, հեռացան: Ռուսախոս երիտասարդությունը մեկնեց սովորելու, ովքեր օտար լեզուներ գիտեին, ցրվեցին եվրոպաներ-ամերիկաներ: Միջին տարիքի մարդիկ, հոգնելով փակ գործարանների նախասրահներում կանգնելուց, մեկնեցին օտար ափերում գտնվող իրենց հարազատների մոտ:
Հեռացան նաև դարերով չփոփոխվով նահապետները. նրանց գայթակղեցին հյուսիսի բնակիչները: Գրեցին, գայթակղեցին հետո էլ լքեցին արբած և ծառս եղած Ռուսիայի կենտրոնում:
Եվ Վրաստանում մնացին ոչ միայն բոլորովին «ոչ նոր», այլև նույնիսկ ամենաանհեռանկարային ռուսները (այդ թվում նաև՝ այս տողերի հեղինակը): Մեծամասնության նման նրանք նավթավառներով էին տաքանում և սնվում միայն լոբիոյով ու չորահացով: Իսկ վախճանը շարունակվում էր. սլավոնական պատիվը գնալով մանրանում էր: Ինչ-որ ժամանակ մենք ընդհանրապես աննկատ էինք: Եվ ահա՝ «ռուսական բում» Վրաստանում: «Ռուսներ» ասելով նկատի ունեմ մեծ մի խումբ, սլավոններից էլ մեծ՝ այդ շարքին դասելով նաև նախկին ԽՍՀՄ տարածքից եկած բոլոր ռուսախոսներին:
Ի՞նչն է նրանց այստեղ բերել
Հյուսիսի քաղաքական սառնությունը պատճառներից ամենավերջինը չէ: Կովկասի հարավը դարեր շարունակ երկու նպատակի է ծառայել՝ պատժելուն և ազատություն ձեռք բերելուն: Կովկաս էին աքսորում ոչ միայն պարտադրաբար, այստեղ էին պատսպարվում նաև սովորական նախաձեռնությամբ՝ ազատություն և առողջ հարաբերություններ գտնելու համար: Համարվում էր, որ հյուսիսը քաղաքակրթության ճիրան է, քաղաքականության ճնշում և հասարակության երկերեսանիություն, իսկ կովկասյան լեռնաշղթայից այսկողմ՝ առողջ մտածելակերպով «լեռների որդիներ» են՝ իրենց հանդուրժողականությամբ ու միամիտ մարդասիրությամբ:
Քաղաքական պատճառներ այսօր էլ կան: Վրաստան դեռևս փախչում են հետապնդվողները, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ավելի մոտ տեղերից: Թբիլիսիում են ապաստանում քաղաքական գործիչներ, լրագրողներ ու իրավապաշտպաններ Ադրբեջանից և Հայաստանից: Ոմանք այստեղ բնակություն են հաստատում երկար ժամանակով, մնացածներն այն դիտարկում են որպես տարանցիկ գոտի:
Այս թրենդը ամբողջությամբ պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում: Միակողմանի վիզային ռեժիմը, բիզնեսի համար գրավիչ պայմանները, դեպի Եվրոպա ավելի լայն պատուհանը Հյուսիսից դեպի Հարավ տանող ուղին դարձնում են ավելի բանուկ: Իր գործն արեց նաև Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Մեզ մոտ են գալիս նրանք, ովքեր չեն ուզում դրան մասնակցել, ովքեր կորցրել են իրենց տունը, ում հարաբերությունները հակամարտությունից այնկողմ գտնվող հարազատների հետ փչացրել է պրոպագանդան:
Տնտեսական պատճառներ էլ կան. թեև Թբիլիսիում կյանքը թանկ է, այնուամենայնիվ այն թույլ է տալիս ավելի հեշտությամբ ծայրը ծայրին հասցնել, քան Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, գոնե կլիմայի հաշվին: Եվ եթե դուք այնտեղ բնակարանը վարձով տաք և այստեղ վարձակալեք… մի խոսքով, հասկացաք:
Ահա մի քանի սյուժե
Հյուրանոցային մենեջեր Նովոսիբիրսկից: Ոչ մի քաղաքականություն, եկել է անձնական դրդապատճառներից ելնելով: Դրանք լուծվեցին, հարաբերությունները սպառեցին իրենց, սակայն մենեջերը որոշեց մի քիչ էլ մնալ: Նոր «դրդապատճառներ», ընկերներ, աշխատանք գտավ, բնակարան գնեց: Սոցիալապես ակտիվ է, հաջողակ ու երջանիկ:
Ռեյկիի ուսուցիչ Դոնեցկից: Այստեղ է եկել դեռևս պատերազմից առաջ: Վերադառնալու տեղ չունի: Դպրոց է բացել, աշխատում է, մտածում է քաղաքացիություն ստանալ: Այս սյուժեն կարելի է մտցնել նմանատիպ սյուժեների շարք՝ «ունակությունների փոխանակում» ենթաբաժնի տակ: Դա յոգայի տրանսցենդենտալ մեդիտացիայի, ցիգունի և այլ տարատեսակ գիտելիքների, փիլիսոփայության և արվեստի ուսուցիչներ են: Նրանք իրենց գիտելիքներն են բերում մեզ: Քիչ չեն նաև նրանք, ովքեր գալիս են մեր արվեստի, տեխնոլոգիաների և հմտությունների համար: Դա ժողովրդագիրներն են, գինեգործները, լեռնագնացները, բազմաձայնության և էմալե զարդերի սիրահարները… Նրանք գալիս են սովորելու, փորձառնության և որակավորումը բարձրացնելու համար:
Չեմ խոսում բազմաթիվ միգրացիոն խմբերի մասին՝ ֆերմերներ Ավստրալիայից, մինի-գործարարներ Չինաստանից և երիտասարդներ Աֆրիկայից, քանի որ խոսքը պայմանական «ռուսների», ռուսալեզուների մասին է: Մեզ մոտ հիմա ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում: Դեռևս դժվար է ասել՝ ինչ, բայց ակնհայտ է, որ սոցիալական կյանքն ավելի բազմազան ու ակտիվ է դարձել, քաղաքացիական մասնակցության գունապնակն ավելի վառ, ավելի շատ անդերգրաունդ, ակցիաներ և ֆլեշմոբեր են տեղի ունենում:
Այսպես էլ ապրում ենք: Չգիտեմ ում՝ ինչպես, բայց այս տողերի հեղինակին դա դուր է գալիս: Ինչո՞ւ: Պատճառները մի քանիսն են: Բացարձակապես ակնհայտ են տնտեսական և ժողովրդագրական պատճառները: Հյուրերը թարմ բիզնես-գաղափարներ են բերում, նոր քաղաքացիները հարստացնում են գենոֆոնդը, ինչը բավականին կարևոր է փոքրաթիվ ազգի համար: Կան նաև ավելի նուրբ հանգամանքներ: Եկվորները մեզ մոտ են գալիս հետաքրքրությամբ և համակրանքով: Դա շատ կարևոր խթան է, հնարավոր է հենց դա է որոշիչ զարգացման համար: Սիրով եկածը սիրո է հանդիպում, կրկնապատկում է այն, տանում է առաջ, իրեն փաղաքշված և ազատ է զգում:
Վրաստանը հյուրեր ընդունելիս միշտ անշահախնդրորեն ուրախացել է: Սակայն այսօր նա ավելի լավ է հասկանում դրա շահավետությունը: Զբոսաշրջությունը դառնում է մեր տնտեսական գաղափարը, միգրացիոն կանոններն ավելԻ են մեղմանում: Եվ դա այսօրվա գլխավոր դրական թրենդն է:
Որքան լայն ու բազմազան է դրա հասարակական բաղադրիչը, այնքան ավելի հեռու է բռնապետությունը: Շատ եմ ուզում հավատալ դրան:
Հրապարակվել է 20.05.2016