Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը սկսելու օգտին
Բրիտանիայի խորհրդարանը համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Լիսաբոնի համաձայնագրի հոդված 50-ին՝ երկիրը ԵՄ-ից դուրս բերելու կանոնակարգի մասին: Երկու օր տևած քննարկումներից հետո խորհրդարանում օրինագծին կողմ է քվեարկել 498, դեմ՝ 114 պատգամավոր:
Օրինագծին դեմ են քվեարկել Շոտլանդական ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և մեկ պահպանողական, որոնք դեմ են գնացել իրենց կուսակցություններին, հաղորդում է BBC-ն:
Քննարկումների ընթացքում ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը պատգամավորներին հիշեցրել է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա դեմ կգնան ժողովրդի կամքին:
Օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի առավել մանրամասն, նախատեսվում է փետրվարի 6-ին:
Օրինագիծը խորհրդարան է մտել Գերագույն դատարանի որոշումից հետո, ըստ որի Բրյուսելի հետ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսելու համար կառավարությանն անհրաժեշտ է օրենսդիրների համաձայնությունը:
Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է մինչև 2017թ. մարտի վերջ պաշտոնապես հայտնել Եվրամիությանը Բրիտանիայի դուրս գալու մասին և դրանով իսկ սկսել հոդված 50-ով նախատեսված գործընթացը: Նույն հոդվածով սահմանվում է, որ անդամակցությունը դադաարեցնելու պայմանների վերաբերյալ բանակցությունները կարող են տևել մինչև երկու տարի:
2016թ. հունիսին տեղի ունեցած հանրաքվեին Բրիտանիայի բնակիչների մեծ մասը (51.9%) քվեարկեց ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին: