Բոլորի համար տեղերը չեն հերիքի
Պատմություններ
Ակտիվ ու կարմրաթուշ տասնամյա Միշան բոլորովին նման չէ անտուն և բռնության ենթարկված երեխաների մանկատան բնակիչի: Բայցևայնպես նա արդեն հասցրել է մուրացկանություն անել և գողանալ: Մի անգամ խորթ հայրը պատժել է նրան՝ փակելով ցուրտ նկուղում, որտեղ նա ցրտահարել է ոտքերը: Սրտացավ մարդիկ զանգահարել են մանկատուն, և տղային հիվանդանոցից դուրս գալուց հետո վերցրել են խորթ հորից:
Հնգամյա Նիգյարը մայր ունի, սակայն այդ կնոջ իրական անունը հայտնի չէ ոչ ոքի, նույնիսկ փոքրիկին: Ծննդաբերելու ժամանակ նա եկել է հիվանդանոց և մտացածին անուն նշել: Ծննդաբերելուց հետո հեռացել է: Ավելի ուշ պարզվել է, որ մայրը շիզոֆրենիա և անձի երկվություն ունի: Նա Գեյչայի շրջանի մասնագիտացված հիվանդանոցում է և, հավանաբար, երբևէ այնտեղից դուրս չի գա:
Փոքրիկ Համեդին ցույց են տվել հեռուստատեսությամբ, որպեսզի նրա ծնողներն արձագանքեն: Պարզվել է, որ մայրը նրան նետել է իր կողակցի դռան առջև: Չնայած որ տղան ոչ մի կապ չի ունեցել այդ ընտանիքի հետ, նրանք երեխային որոշ ժամանակ մեծացրել են, հետո նա հայտնվել է հեռուստաեթերում, ավելի ուշ՝ մանկատանը: Մայրն այդպես էլ չի հայտնվել:
Հնգամյան Էլմիրան օրեր շարունակ մուրացկանություն է արել, որպեսզի գումար հավաքի մոր ու նրա բաժակակիցներին օղի գնելու համար: Երբ անհրաժեշտ գումարը չէր հավաքվում, երեխային ծեծում էին, սեռական բռնության ենթարկում, իսկ մոր կողակիցներից մեկը ոտքին ծխախոտ էր հանգցրել: Էլմիրային մանկատուն են բերել ոստիկանները:
Առաջին տասն օրը աղջիկը գրեթե անընդհատ քնած էր, երեք ամիս շարունակ չէր հանում գլխարկը: Երբ մանկատուն եկավ նրա մայրը՝ երեք տղամարդու ուղեկցությամբ, երեխայի մոտ հիստերիա սկսվեց, նա ճչում էր և խնդրում, որ իրեն չվերադարձնեն նրանց: Մայրը քաղցրավենիք էր բերել հետը, սակայն այն դռան մոտ մնաց մի շաբաթ, դրան ոչ ոք չդիպչեց, նույնիսկ՝ երեխաները:
«Ադրբեջան ուշագլարի» («Ադրբեջանի երեխաներ») հասարակական կազմակերպության փոխնախագահ Աիդա Ալիևան ասում է. «Ցավում եմ, որ նման ծնողների հանդեպ պետական քաղաքականությունը շատ մեղմ է, մեզ մոտ ոչ ոքի ծնողական իրավունքից չեն զրկում»:
Մանկատուն
«Ադրբեջան ուշագլարիին» կից մանկատունը հիմնվել է 2006-ին: Դրա նախագահ Քեմալա Աղազադեն տարիներ շարունակ աշխատում է անօթևան երեխաների հետ: Բոլոր կարիքավոր երեխաները մանկատանը կարող են օթևան, ուտելիք և բժշկական օգնություն ստանալ: Երեխաներին հաճախ այստեղ են բերում ոստիկանությունը կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները:
Մանկատան գլխավոր խնդիրը կայուն ֆինանսավորման բացակայությունն է: 2014թ-ին կազմակերպությունը դրամաշնորհներ էր ստանում, սակայն հետո արտասահմանյան օգնությունների հոսքը դադարեց և այժմ ստիպված են իրենք հոգալ ծախսերը՝ կամավորների նվիրատվությունների շնորհիվ: Պետական աջակցություն այդպես էլ չհաջողվեց ստանալ, քանի որ օրենսդրությունը ոչ մի կերպ չի կարգավորում մանկատների գործունեությունը: Երկրի միակ մանկատունը նույնիսկ բանկային հաշվեհամար չունի: Կազմակերպության բոլոր աշխատակիցները կամավորներ են, քանի որ աշխատավարձի գումար չի մնում: Նույնիսկ տեղի վարձակալման գումարը ղեկավարությունն իր գրպանից է տալիս:
«Մեզ մոտ հաճախ են գալիս գործադիր իշխանությունից, — ասում է Աիդան, — սակայն նրանք ոչնչով չեն կարող օգնել: Մենք ֆինանսավորման համար դիմել ենք բազմաթիվ կազմակերպությունների, խնդրել մեզ ներգրավել որևէ հովանավորչական ծրագրում, սակայն ապարդյուն: Մեր տարածքն այնքան էլ մեծ չէ, չենք կարող շատ մարդ տեղավորել, այդ պատճառով էլ դիմել ենք գործադիր իշխանությանը, որ գոնե մեզ տեղ հատկացնեն»:
Ճգնաժամ
Մանկատան շենքը վարձակալած փոքր սեփական տուն է Բաքվի թաղամասերից մեկում: Այստեղ ոչ միայն երեխաներ են ապրում, այլ նաև նրանց մայրերը, ովքեր տարբեր պատճառներով փողոցում են հայտնվել, բռնության զոհ են կամ նրանք, ովքեր դատարանի որոշմանն են սպասում բաժանման հարցով և ապրելու տեղ չունեն: Երկու ննջասենյակներում ընդհանուր առմամբ 20-25 մարդ կարող է տեղավորվել, իսկ ներկա պահին բնակիչները երեսունից ավել են:
Կազմակերպությունը բազմաթիվ «հաճախորդներ» ունի, ովքեր չունեն ընտանիք, ուտելիք, դրանք վիրահատության և բուժման կարիք ունեցող երեխաներ են, ովքեր չեն կարող հոգալ իրենց ծախսերը: «Մեր աշխատակիցը կամավոր հիմունքներով և առանց որևէ վարձավճարի վիրահատության կարիք ունեցող չունևորների հետ գնում է բժիշկների մոտ՝ նրանց համոզելով անվճար կամ նվազագույն գումարով բուժում նշանակել: Իսկ պաշտոնապես մեզ մոտ բուժումն անվճար է», — պատմում է Աիդա Ալիևան:
Այս խնդիրներից զատ տնտեսական ճգնաժամը կրճատել է նվիրատվությունների քանակը: «Ամենամեծ նվիրատվությունները կատարում էին տոնական օրերին՝ Ղուրբան Բայրամի մատաղի միս, մթերք այլ տոներին: Հավաքվում էին մի քանի հոգի, 100 մանաթ հավաքում և մթերք գնում: Այժմ արդեն նման բաներ չեն անում, շատ քիչ գումար է նվիրաբերվում», — ասում է տիկին Աիդան:
Ինչպե՞ս պետք է լինի
Պետությունը պետք է երեխաներին օթևան տրամադրի կյանքի դժվար պահերի համար: Օրինակ, «Մաքուր աշխարհ» կանանց օգնության հարցերով հասարակական կազմակերպության նախագահ Մեհրիբան Զեյնալովան ասում է, որ եթե ընտանիքը բաժանման վիճակում է, ծանրանում է ոչ միայն կնոջ վիճակն, ով սովորաբար բնակվելու տեղ չի ունենում և ստիպված է ապրել ամուսնու հետ նույն հարկի տակ (հաճախ ենթարկվելով հոգեբանական բռնության), այլ նաև երեխայի, հատկապես, երբ «ընտանեկան» հարցը դուրս է գալիս քաղաքացիական օրենսդրությունից և հարաբերակցվում է քրեականին: Սակայն Ադրբեջանում չի աշխատում իրավապահ մարմինների և սոցծառայությունների համագործակցությունը, ովքեր կարող էին տեղեկացնել ընտանիքներում առկա խնդիրների մասին: Միշայի դեպքում սրտացավ մարդիկ գնտվեցին, ովքեր մասնակցություն ունեցան նրա ճակատագրում և կապվեցին մանկատան հետ: Իսկ եթե նման մարդիկ չգտնվե՞ն:
Մեկ այլ խնդիր է երեխային պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն ցուցաբերելը ցանկացած դժվար իրավիճակում՝ սկսած ծնողների բաժանումից, ավարտած մուրացկանությամբ:
Կանանց, ընտանիքների և երեխաների խնդիրներով կոմիտեի իրավական բաժնի պետ Թալիա Իբրահիմովայի խոսքով, մեր քաղաքում և շրջաններում կան ընտանիքի և երեխաների աջակցության կենտրոններ, որոնց աշխատակիցները պետք է հանդիպեն ընտանիքի անդամների հետ, զրուցեն, հոգեբանական օգնություն ցուցաբերեն: Սակայն այդ կենտրոնների իրական գործունեությունը հարցականի տակ է:
Հրապարակվել է 17.03.2016