«Ի՞նչ տոն, երբ մեր գրպանները դատարկ են». ամանորյա ռեպորտաժ Բաքվից
Բնակչության գնողունակությունը Ամանորից առաջ
Բաքվում ամանորյա նախապատրաստական աշխատանքներն այս տարի չեն վերադարձել նախահամաճարակային շուքին։ Քաղաքի զարդարանքն այլևս այնքան շքեղ չէ, ինչպես նախորդ տարիներին։ Ամեն տարի անցկացվող ամանորյա տոնավաճառների թիվը չափազանց սահմանափակ է։ Բացի շատրվանների հրապարակում անցկացվող «Սառը ձեռքեր, տաք սիրտ» խորագրով ավանդական տոնավաճառից քաղաքի կենտրոնում կան մի քանի տաղավարներ՝ տոնածառերով և ամանորյա զարդարանքներով։
Հեռվից այդ վաճառասեղանները դիտարկելիս պարզ է դառնում, որ հաճախ վաճառողների և գնորդների միջև երկխոսությունը ապրանքի գինը պարզելուց այն կողմ չի անցնում։
«Ի՞նչ արժեն Ձմեռ պապի տեսքով այս խաղալիքները»,- հարցնում է մի երիտասարդ աղջիկ վաճառողին:
«Սրանք համապատասխանաբար 25, 35 և 45 մանաթ են [մոտ 15, 21, 26 դոլար]»,- պատասխանում է վաճառողը։
«Իսկ սրա՞նք, որ ապակե տուփի մեջ են»,- աղջիկը նկատի ունի ավելի փոքր հուշանվերները: Մոտավորապես նույն պատասխանը լսելով՝ նա ապրանքը թողնում է վաճառասեղանի վրա և հեռանում։
Այսպիսով, վաճառողները շարունակում են դժգոհել գնորդների պակասից, իսկ գնորդները՝ բարձր գներից։
«Ի՞նչ տոնածառ, մենք դեռ չգիտենք, թե ինչ պետք է դնենք սեղանին: Անհնար է մոտենալ խանութներին։ Գները չափազանց բարձր են։ Մեր ստացած աշխատավարձը կազմում է 300-400 մանաթ [մոտ 176-235 դոլար], իսկ ստացողները դեռ տոնից առաջ բաժանում են պարտքերն ու բաշխում ծախսերը։ Այդ պատճառով մարդիկ տոնական տրամադրություն չունեն։ Ի՞նչ տոնենք: Ի՞նչ տոն, երբ մեր գրպանները դատարկ են»,- դժգոհում է քաղաքի բնակիչներից մեկը։
Անկախ փորձագետները կարծում են, որ կա մեծ տարբերություն շուկայական գների և ներկայիս նվազագույն և միջին աշխատավարձերի միջև: Դրա պատճառներից մեկն էլ բարձր գնաճն է։
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանում գնաճի ամենաբարձր մակարդակը՝ 13,9 տոկոս գրանցվել է 2022 թվականին։ 2023 թվականին այս ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս։
Տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կարծիքով՝ Ադրբեջանում արձանագրված գնաճի ցուցանիշները բավականին խնդրահարույց են։
«Կառավարությունն իր փաստաթղթերով էլ է դա հաստատում։ Հիշում եմ, որ «Ադրբեջանի ապագայի տեսլականը» զարգացման հայեցակարգում կառավարությունը նպատակ էր դրել մինչև 2020 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել միջին ամսական աշխատավարձի 60 տոկոսին։ Այսինքն՝ դա է համարվում նորմալ սահման։ Բայց կառավարությանը մինչ օրս չի հաջողվել հասնել այդ նպատակին։
Ներկա պահին Ադրբեջանում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 930 մանաթ [մոտ 547 դոլար], իսկ նվազագույնը՝ 345 մանաթ [մոտ 203 դոլար]։ Այսինքն՝ այն հավասար է միջին աշխատավարձի մոտավորապես 35 տոկոսին։ Եթե կառավարությունն իրագործեր այս նպատակը, ապա այսօր երկրում նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր 500 մանաթից [մոտ 300 դոլար] ավելի։ Բացի այդ, բարձր գնաճը, որը շարունակվել է վերջին երկու տարիներին, հանգեցրել է բնակչության իրական գնողունակության նվազմանը»,- ասում է փորձագետը։
Ֆարիդ Մեհրալիզադեն ընդգծում է՝ աշխատավարձերն այդքան ցածր մակարդակի վրա են երկրի տնտեսության թերզարգացած լինելու պատճառով։ Նման պատճառներից են բյուջեի եկամուտների ապահովումը հիմնականում նավթագազային հատվածի շնորհիվ և խոշոր ընկերությունների ու ներդրումների սահմանափակված լինելը։
Գործատուները սովորաբար աշխատավարձը վճարում են վաղ՝ Ամանորից առաջ, այս քայլը հաշվի է առնում նախատոնական ծախսերը: Մարդկանց մեծ մասը, որոնց հետ մենք զրուցել ենք, չգիտեն, թե ինչպես են գոյատևելու արձակուրդներից հետո՝ մինչև իրենց հաջորդ աշխատավարձը ստանալը:
«Աշխատավարձս մի քանի օր առաջ եմ ստացել, կեսից ավելին արդեն ծախսվել է։ Գումարի մեծ մասն ուղղվել է սննդին և կոմունալ ծառայություններին: Իսկ տոնի նախօրեին մտածեցի՝ երեխաներին կվերցնեմ ու կգնամ քաղաք, ամբողջ ընտանիքով կնստենք ու մի տեղ կսնվենք։ Հիմա իմ ձեռքում մնացած գումարով նույնիսկ չարժե է մարդկանց հյուր կանչել: Հակառակ դեպքում ստիպված կլինենք պարտքերի տակ ընկնել, որպեսզի մինչև հաջորդ աշխատավարձ գոնե հասարակական տրանսպորտով երթևեկելու համար կարողանանք վճարել»,- իր սուղ բյուջեի մասին պատմում է քաղաքի բնակիչներից մեկը։
Փորձագետն ասում է, որ արդյունքը չի փոխվի՝ անկախ նրանից, թե որ օրն է վճարվում աշխատավարձը.
«Իմաստ ունի աշխատավարձը վճարել տոներից առաջ։ Բայց ես համաձայն եմ, որ երբեմն դա խնդիրներ է առաջացնում։ Կարիքները շատ են։ Իսկ շատերի աշխատավարձերն ու թոշակներն այնքան ցածր են, որ փողը վերջանում է հենց այն պահին, երբ մարդիկ այն ստանում են։ Որովհետև պարտքեր ունեն, որոնք պետք է վճարվեն։ Այս տեսանկյունից աշխատավարձը կծախսվի արագ՝ անկախ նրանից, թե երբ է այն ստացվել»,- ասում է Ֆարիդ Մեհրալիզադեն։
Շատ բաքվեցիներ ասում են, որ Ամանորը դիմավորելու են՝ տոնական սեղանի վրա ծախսելով տարվա վերջին աշխատավարձը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բնակչության գնողունակությունը Ամանորից առաջ