Բնակարանային խնդիր․ Հայաստանում միջին եկամուտ ունեցողները նորակառույց շենքերում չեն ապրի
Հայաստանում ակտիվ քննարկվում է կառավարության մի որոշում, որը կսահմանափակի երկրի քաղաքացիներին նախկինում տրված արտոնությունը։ Դրանք առաձնակի կարևորություն ունեին միջին խավի համար։ Խոսքը հիփոթեքային վարկերի եկամտային հարկի վերադարձի մասին է։ Ծրագիրը ներդրվել է Հայաստանում 2015 թվականից, շինարարության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով:
Ծրագիրրը նաև սոցիալական խնդիր էր լուծում՝ հնարավորություն տալով միջին եկամուտ ունեցողներին նորակառույց շենքերում բնակարան գնել: Այն ավելի հասցեական դարձնելու համար 2017-ից կառավարությունը սահմանափակեց գնվող բնակարանների արժեքը։ Եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկ ստանալու իրավունք տրվեց միայն նրանց, ովքեր մինչև 55 միլիոն դրամ արժողությամբ բնակարան կգնեն։
Այժմ կառավարությունը նախատեսում է հետզհետե սահմանափակել հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկամտահարկի վերադարձի արտոնության կիրառումը։ Սկզբի համար՝ Երևանի կենտրոնում ու հարակից տարածքներում, հիմնավորելով դա մարզերում շինարարության խթանման անհրաժեշտությամբ։ Սակայն հիմնական փաստարկն այն է, թե ծրագիրը պետբյուջեի համար մեծ բեռ է դարձել։
Փորձագետները երկու փաստարկներն էլ չհիմնավորված են համարում։ Նրանք պնդում են, որ ծրագրի եկամտաբերությունը պետության համար շատ ավելի բարձր է, քան ծախսերը, իսկ ծրագրի սահմանափակումները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Նրանց խոսքով, Երևանում շինարարության նվազման հաշվին մարզերում բնակարանաշինության ծավալները չեն աճի։
Բոլոր մանրամասներն ու թվերը՝ եկամտահարկի վերադարձի ծրագրով ծախսերի և եկամուտների վերաբերյալ, նաև դրա կասեցման հնարավոր հետևանքներն ու փորձագետների առաջարկները։
- COVID-19. ի՞նչ «օգուտներ» են քաղել համավարակից Հայաստանում
- Հանքերն ընդդեմ տուրիզմի, մարդիկ ընդդեմ հանքերի
- «Արտադրված է Հայաստանում» ապրանքների շանսը՝ հաստատվել տեղական շուկայում
Օրինագծի մասին
Օգոստոսի 12-ին կառավարությունը հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է 2022-2025 թվականներին քայլ առ քայլ սահմանափակել հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկամտահարկի վերադարձի արտոնության կիրառումը։ Առաջին փուլում որոշումը կվերաբերի Երևանի կենտրոնում ու հարակից տարածքներում կառուցվող բնակարաններին:
Նախագծի գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ ծրագրից օգտվողների թվի կտրուկ ավելացման արդյունքում պետական բյուջեի ծախսային մասը գնալով ավելանում է: Ըստ պաշտոնական կանխատեսումների՝ 2021թ.-ի վերջին շահառուների թիվը կհատի 20.000-ի, եկամտահարկի վերադարձի գումարը՝ 21 մլրդ դրամի շեմը:
Կառավարութունը նպատակ ունի ծրագրի օգնությամբ տարածքային համաչափ զարգացման խնդիր լուծել:
Փորձագետները՝ նախագծի մասին
«Աուդիտորների պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի վերլուծության համաձայն՝ գործող օրենքի շրջանակներում պետությունը եկամտահարկի վերադարձվող գումարի չափից շատ ավելի է շահում․
«Մենք հաշվարկել ենք, որ մեկ բնակարանի վաճառքի արդյունքում հավաքագրվող հարկերը միանշանակ գերազանցում են պետության կողմից վերադարձվող եկամտային հարկը։ Հետևաբար, ընդունելի չէ պնդումը, թե հարկային բեռը գնալով ծանրանում է պետության վրա: Եթե նույնիսկ այդպես է, ապա դա ոչ ճիշտ ու ոչ էֆեկտիվ վարչարարության արդյունք է»:
Նաիրի Սարգսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվող փոփոխությունները կթողնեն մի շարք բացասական շղթայական ազդեցություններ՝ շինարարության ու հարակից ոլորտների տեմպերի կտրուկ անկումից մինչև գործազրկության ցուցանիշի շեշտակի աճ ու արտագաղթ.
«Հայաստանում միջին խավը կորցնելու է բնակարան ձեռք բերելու վերջին հույսն ու բռնելու է արտագաղթի ճամփան: Սա ամենակարևոր խնդիրն է: Շինարարության տեմպերի անկմանը զուգահեռ տուժելու են շինարարության հետ փոխկապակցված շուրջ 30 տարբեր բիզնես ոլորտներ՝ աշխատակիցներով, որոնք մատակարարումներ են իրականացնում շինկազմակերպություններին»:
Փորձագետը վստահ է՝ Հայաստանում տնտեսության ճյուղերից շոգեքարշի դեր կատարող շինարարության ոլորտի անկման դեպքում գրանցվելու է տնտեսական ակտիվության նվազում, պետական բյուջե գեներացվող հարկերի նվազում և ունենալու ենք բազմակողմանի բացասական էֆեկտ:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ առաջարկվող նախագծի օրենքի ուժ ստանալու դեպքում Հայաստանը կարող է դեմոգրաֆիկ խնդիրների առաջ կանգնել.
«Տեղի է ունենալու բանվորական աշխատուժի ու վարպետների մեծ արտագաղթ: Բացի դա, այն բազմաթիվ գործարարները, որոնք տեսնելով վերջին տարիների քաղաքաշինական բումը, մտադրություն ունեին Հայաստանում շինարարական հումքատեսակների տարբեր գործարաններ բացել, անիմաստ են համարելու խոշոր ներդրումներ կատարելն ու գործարաններ բացելը»:
Մասնագետները անհիմն են համարում առաջարկվող նախագծով բոլոր մարզերի համաչափ զարգացման մասին պնդումը:
«Ներկա դրությամբ մարզերում կենսամակարդակն ու վարձատրությունը շատ ավելի ցածր է, և նորակառույցներում բնակարան ձեռք բերելու հնարավորություն մարզերի բնակիչների 90 և ավելի տոկոսը չունի։ Հետևաբար, ներդրումների տեսանկյունից շատ ռիսկային է մարզերում նորակառույցներ կառուցել: Եթե որևէ մեկի համար գրավիչ լիներ այդ ներդրումը, ապա կգնային և մարզերում կիրականացնեին ներդրումները», — ասում է Նաիրի Սարգսյանը:
Կա և տրամագծորեն հակադիր կարծիք։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանի դիտարկմամբ՝ գործող օրենքը չունի սոցիալական ուղղվածություն և չի լուծում բնակարանի կարիք ունեցողների խնդիրները:
Նա անհրաժեշտ է համարում գործող օրենքի ամբողջական չեղարկումը։ Պետության կողմից բնակարանի կարիք ունեցողներին աջակցելու լավագույն տարբերակը փորձագետը համարում է սոցիալական բնակարանաշինությունը, որը թույլ կտա բնակարանով ապահովել իսկապես բնակտարածքի կարիք ունեցող անձանց․
«Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գործող օրենքի գործունեության 5 տարիների ընթացքում եկամտահարկի տեսքով մոտ 40 մլրդ դրամ չի մտել պետբյուջե, որի շնորհիվ հարստացել են ունևոր անձինք: Ընդ որում, 750 անձ օրենքի արտոնությունից օգտվել է մեկից ավելի անգամ: Այսինքն, մարդիկ այդ իրավունքից օգտվելով մի քանի բնակարան են գնել, սոցիալական խնդիր չեն լուծել, ապօրինի հարստացել են»:
Խուճապ կառուցապատողների շրջանում
Ըստ նախագծի՝ առաջարկվող սահմանափակումները չեն տարածվի մինչև 2022 թ.-ի հունվարի 1-ը ստացված շինթույլտվությունների վրա: Մասնագետների կարծիքով՝ սահմանված է չափազանց կարճ ժամանակահատված, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:
«Առաջիկա մեկ-երկու տարիներին մենք կունենանք արհեստական շինարարական բում՝ փուչիկ, քանի որ կառուցապատողները կվազեն շտապ շինթույլտվություններ ստանալու։ Իսկ բնակիչները չարդարացված գնման որոշումներ կկայացնեն, գիտակցելով, որ թեև դեռևս պատրաստ չեն, բայց երկու տարի հետո այլևս չեն կարողանալու այդ գնումն իրականացնել:
Երկու տարվա այդ վիճակից հետո կունենանք շատ ավելի խորը ճգնաժամ ու անկում, իսկ բնակչության տեսանկունից՝ հիփոթեքային վարկի սպասարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ», — կարծում է Նաիրի Սարգսյանը:
Սակայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրապարակայնորեն վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որ շինոլորտը վնասներ չկրի․
«Խոսքս ուղղում եմ կառուցապատողներին. հանկարծ չմտածեն, թե կառավարությունը փոխել է իր վերաբերմունքը ոլորտի նկատմամբ: Մենք, բնականաբար, շարունակելու ենք լինել բիզնեսի կողքին, ուշադիր հետևել զարգացումներին»:
Ինչ են առաջարկում մասնագետները
Փորձագետների դիտարկմամբ՝ ծրագիրն իր նպատակին ծառայեցնելու և տարածքային համաչափ զարգացմանը խթանելու համար օրենսդրական փոփոխություններից առաջ անհրաժեշտ է շատ ավելի խորքային մոտեցում ցուցաբերել մարզերի նկատմամբ:
«Մարզերում նախ պետք է սկսել բնակչության կենսամակարդակի բարձրացումից: Այսինքն պետության կողմից այնպիսի ներդրումային քաղաքականություն պետք է իրականացվի, որ մարզերում ներդրումները դառնան գրավիչ: Օրինակ, սահմանվեն հարկերից ազատված գոտիներ, տրամադրվեն սուբսիդիաներ, աշխատատեղեր ստեղծվեն։
Նախ, պետք է բնակչությանն ապահովել եկամուտ ստանալու հնարավորությամբ, այնուհետև իրականացնել բնակարանային շինարարություն և այն էլ ոչ միայն եկամտահարկի վերադարձի, այլ նաև լրացուցիչ օժանդակությամբ, որպեսզի խթանեն մարզերի բնակիչների կողմից բնակարանների ձեռք բերումը։ Հաստատ բնակարանային շինարարությունը չէ այն առաջին կետը, որտեղից պետք է սկսել համայնքային համաչափ զարգացումը», — ասում է տնտեսագետ Նաիրի Սարգսյանը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ մարզերում կառուցապատողների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման ակտիվացմանը նպաստելու կարևորագույն նախապայմանը լինելու է պահանջարկի խթանումը․
«Եթե պետությունը համապատասխան պայմաններ ստեղծի, մարդիկ մարզերում բարձր աշխատավարձեր ունենան, պահանջարկ լինի, բնականաբար, կառուցապատողները կտեսնեն այդ պահանջարկը և ներդրումներ կիրականացնեն»:
Շինարարությունը՝ թվերով
Վիճակագրական կոմիտեի տարեկան հրապարակումների համաձայն՝ վերջին տարիներին շինարարության ոլորտի ցուցանիշները շարունակական աճ են գրանցել։ Փորձագետների կարծիքով՝ դա զգալիորեն պայմանավորված է եղել հիփոթեքով բնակարանների գնման եկամտահարկի վերադարձի արտոնության կիրառման հնարավորությամբ:
2021-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ շինարարության ոլորտում արդեն իսկ կատարվել է 125 մլրդ 599 մլն դրամի ներդրում, որը 10.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ոլորտի ներդրումների ծավալով Երևանը շարունակում է իր վրա կրել առյուծի բաժինը, որը հատկապես վերջին տարիներին աճի տենդենց ունի: