Բնական աղետ՝ անբնական հետևանքներով
Մարդիկ չեն գտնում իրենց հողատարածքները
Հրաչիկ Մուրադյանը Լեռնամերձ համայնքի գյուղատնտեսն է, քաջատեղյակ գյուղի յուրաքանչյուր հատվածում մշակվող հողատարածքներին՝ ըստ կուլտուրաների: Հիմա հազիվ է տարբերակում որտեղ էր հացահատիկի, որտեղ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Նա նույնիսկ չի գտնում իր հացահատիկի ցանքատարածությունը: Պտղատու այգիների դեպքում էլ փորձում է հասկանալ, ո՞ր պտղատեսակի այգին է:
Օրեր առաջ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների ոչ միայն բերքը, այլև բույսը: Քամին արմատախիլ ու տերևաթափ է արել պտղատու ծառերը, զրոյացել է խաղողի բերքը:
Բնական աղետի ծավալները
Հուլիսի 10-ի երեկոյան և հաջորդ օրը առավոտյան ժամը Արմավիրի մարզում ուժգին քամու ուղեկցությամբ տեղաց ընկույզի չափերի հասնող կարկուտ: Արդյունքում 70-100 տոկոսով վնասվեց մարզի շուրջ 40 համայնքի բերքը:
Գյուղացիների համար կարկուտն այնքանով էր արտառոց, որ հուլիս ամսին, երբ սկսվում է համարյա բոլոր մշակաբույսերի և պտուղների բերքահավաքը, կարկուտ չի լինում: Կարկուտի վտանգը սովորաբար սպառնում է մայիս ամսին, ինչպես, օրինակ, 2013թ. մայիսի 12-ին տեղացած կարկուտն էր:
Եթե բնական աղետը վրա է հասնում մայիսին, այդ ժամանակ հնարավոր է լինում նոր ցանք կատարելու միջոցով մեղմել իրավիճակը: Այս դեպքում այլևս ոչինչ անել հնարավոր չէ, արևադարձից հետո ցանքաշրջանառություն չի կատարվում:
Տեղացած կարկուտի աշխարհագրությունից գյուղացիները եզրակացնում են, որ կարկուտը տեղացել է այն համայնքներում, որտեղ բացակայում են հակակարկտային կայանները կամ տեղադրված են ոչ բավարար քանակությամբ կայաններ: Նրանց կարծիքով, եթե լինեին հակակարկտային կայաններ, վնասը 50 տոկոսով պակաս կլիներ:
2013-ի կարկուտից հետո
3 տարի առաջ, երբ կարկուտից 100 տոկոսով տուժեցին մարզի 47 համայնքների գյուղացիական տնտեսությունները, առաջ եկավ հակակարկտային կայանների տեղադրման անհրաժեշտություն: Տարիների փորձը ցույց էր տալիս, որ կարկտաբեր ամպերը մարզ են թափանցում հարևան Թուրքիայի կողմից և որոշում կայացվեց մարզի սահմանի հարավային երկարությամբ տեղադրել հակակարկտային կայաններ:
Ըստ կանխատեսումների, դրանով կփակվեր կարկտաբեր ամպերի մուտքը մարզ: 2013-ին Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կրկնապատկվեց և դարձավ 172: Սակայն այս օրերին աղետը կրկնվեց՝ նոր համայնքներ ընդգրկելով կարկուտի տարեգրության մեջ:
Ինչո՞ւ կայանները չեն մեղմել կարկուտի ուժգնությունը
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մեկնաբանությամբ, նախ՝ հակակարկտային կայանների արդյունավետությունը 50-60 տոկոս է, իսկ ամբողջ մարզի տարածքը ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 4 հազար կայան, մյուս կողմից՝ մարզի հակակարկտային կայանները, ելնելով նախորդ փորձից, տեղադրված են մարզի հարավային սահմանի երկայնքով, իսկ այս ամպերը մարզ են ներթափանցել ամենաանպաշտպան կողմից՝ հյուսիսից:
Կարկուտն ուղեկցվում էր ուժգին քամիով և սելաֆաջրերով
2012-ին, երբ հորդառատ անձրևն ու սելաֆաջրերը ողողեցին մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների հողատարածքները, ծրագիր մշակվեց լրացուցիչ միջոցներ հատկացնել մարզի հյուսիսային շրջանների սելաֆատարերի սպասարկման ուղղությամբ:
4 տարի անց պատմությունը կրկնվեց, սելաֆաջրերը կրկին ողողեցին ցանքատարածությունները: Սելաֆաջրերից ինչպես նախկինում, այս տարի ևս ամենաշատը տուժեցին 5 համայնք, այդ թվում ՝ Ակնալիճը: Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով, 4 տարի շարունակ խնդիրը ներկայացրել են կառավարություն:
Իր իմանալով, գումարներ տրամադրվել են, բայց սելաֆատարները չեն սպասարկվել: Արդյունքում, յուրաքանչյուր հեղեղման ժամանակ, ամբողջ համակարգը ավերվում է, և սելաֆաջրերը հեղեղում են գյուղացիական տնտեսությունները:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հաստատում է՝ սելաֆատարերը տարիներ շարունակ չեն մաքրվել, սակայն խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ ուղղությամբ կատարվում են ուսումնասիրություններ ու հաշվարկներ անհրաժեշտ միջոցների ծավալները որոշելու և համակարգը սպասարկելու ուղղությամբ:
Գյուղացիները պահանջում են
Բոլոր տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունները 90 տոկոսով վարկառուներ են: Այսօր ոչ միայն ընտանիքի հացի խնդիրը լուծելու, այլև վարկերը սպասարկելու խնդրի առաջ են կանգնած:
Օրինակ, Հրաչիկ Մուրադյանը 12 շնչից բաղկացած ընտանիքը կերակրում էր 3 հեկտար հողատարածքից ստացված հացահատիկի բերքի եկամուտով: Ասում է, եկամուտը բավարարում էր ձմռան ամիսներին ընտանիքը կերակրելու և գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար: Այսօր, կորցնելով տարվա եկամուտը, պարտավոր է սպասարկել գյուղատնտեսական վարկը:
Գյուղացիները միաձայն պնդում են, որ խնդիրը հնարավոր է լուծել միայն պետական աջակցության շրջանակներում, այլապես դատարանները չեն հասցնի լսել գույքի բռնագանձման բանկերի հայցերը:
Գյուղացիները պահանջում են ժամանակավորապես սառեցնել գործող վարկերը և նոր վարկեր տրամադրել վնասված այգիները վերականգնելու համար: Գյուղացիները իշխանություններից պահանջում են նաև զիջել հողի հարկը և այս տարվա ոռոգման ջրի վարձը:
Արմավիրի մարզպետի խոսքով, գյուղացիների պահանջն արդարացի է: Բացի այն, որ, ըստ կուլտուրաների, հանձնաժողովը որոշում է անհատական վնասների չափը, հանձնարարվել է նաև համայնքի ղեկավարներին սեղմ ժամկետներում ճշտել նաև գյուղացիների վարկատեսակներն ու չափերը: Ըստ մարզպետի, այս գործընթացներն ավարտվելուց հետո միայն կառավարությունը որոշում կկայացնի:
Կառավարության մոտեցումը
Կառավարությունն արդեն հաշվարկել են, թե բնական աղետն ինչ չափի վնաս է հասցրել, և քննարկել հետագա աղետները կանխելու միջոցառումները: Առարկայական էր միայն կանխարգելիչ միջոցառոիմների նպատակով հատկացված 104 մլն դրամը, որով նախատեսվում է 28 հակակարկտային կայան ձեռք բերելը, որից 22 կտեղադրվի Արմավիրի մարզում:
Իսկ աղետից տուժած գյուղացիական տնտեսությունների օժանդակության հարցը գտնվում է քննարկման փուլում: Գյուղացիական վարկերի մասով կառավարությունը խնդրել է կենտրոնական բանկին բանակցություններ սկսել առևտրային բանկերի հետ գոնե մեկ տարով հետաձգելու համար:
Հրապարակվել է՝ 28.07.2016