Բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի բանտում
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հանդեպ Ադրբեջանի կառավարության կողմից հետախուզում էր հայտարարվել պետական սահմանի խախտման մեղադրանքով: 2016թ-ի դեկտեմբերին նա ձերբակալվել է Մինսկում Բելառուսի իրավապահ մարմինների կողմից, իսկ 2017թ-ի փետրվարի 7-ին՝ արտահանձնվել Ադրբեջանին:
Քննության մի քանի ամիսներից հետո Լապշինն ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքով՝ 318.2 հոդվածի համաձայն: Ի սկզբանե նրան վերագրվում էին նաև հակապետական կոչեր, այսինքն՝ 281.2 հոդվածը, և եթե այն կիրառվեր, բլոգերը նվազագույնը 6.5 տարվա ազատազրկման կդատապարտվեր: Սակայն դատավորն այդ մեղադրանքը չապացուցված է համարել:
Ինքը Լապշինն իր վերջին խոսքում ասել է, որ զղջում է, որ բարոյական վնաս է հասցրել ադրբեջանցի ժողովրդին և ընդգծել, որ իր մեղքը «միայն բարոյական է, այլ ոչ իրավական»: «Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է Ղարաբաղն Ադրբեջանի համար: Ոչ մի դեպքում ես հանցավոր կապի մեջ չեմ մտել հայկական իշխանությունների հետ», — ասել է Ալեքսանդր Լապշինը:
Նա ասել է նաև, որ հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեղի կունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ես ցավում եմ արածիս համար, զղջում, որ Ղարաբաղ եմ գնացել, տառապանքներ պատճառել նրա բնակիչներին, որոնք զգում են օկուպացիայի ծանրությունը: Ես պատկերացում չունեի օկուպացիայի մասին: Այստեղ գնտվելու ընթացքում ես իմ հանդեպ միայն լավ վերաբերմունք եմ զգացել», — Լապշինի խոսքերը դատարանի դահլիճից փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության թղթակիցը:
Նրա փաստաբան Էդուարդ Չեռնինը, ելույթ ունենալով վճիռը կայացնելուց առաջ, խնդրում էր արդարացնել բլոգերին և իր վստահորդին առաջադրված մեղադրանքներն անհիմն էր անվանել, «քանի որ Լապշինն իր հոդվածներում կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Լապշինի պաշտպանությունը դեռևս ոչինչ չի հայտարարել իր հետագա մտադրությունների մասին: