Բիզնես-գաղափար, որը ծնվեց Հայաստանում պատերազմի ժամանակ
Buy Armenian նախաձեռնությունը, որը կոչ է անում հայկական արտադրության ապրանքներ գնել, սկիզբ է առել 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։ Ֆեյսբուքյան իր էջում Լիլիթ Օդաբաշյանի կողմից դրված մի գրառումն արագ վերաճեց նախ ֆեյսբուքյան խմբի, ապա՝ հայկական արտադրանքի առցանց վաճառքների կայքի:
«2020թ.-ի հոկտեմբերի սկիզբն էր: Պատերազմն առաջին իսկ օրից շատ էր ազդել բոլորիս, այդ թվում և իմ մոտեցումների ու ապրելակերպի վրա: Սկզբնական շրջանում անընդհատ դրամահավաքների էինք մասնակցում, փորձում էինք պարբերաբար հումանիտար ու ֆինանսական աջակցություն ուղարկել Հայաստան:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ շատ ավելին անել, շատ ավելի օգտակար լինել երկրիս: Մտածեցի, որ դա կարող եմ անել այսուհետ միայն հայկականը գնելով: Իմ ֆեյսբուքյան էջում ընկերներիս հետ քննարկման դրեցի, թե ի՞նչ կարող ենք գնել հայկական, որպեսզի դրանով նաև օգնած լինենք Հայաստանին», — հիշում է Լիլիթը:
Նա ծնվել և մեծացել է Սիրիայի Հալեպ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ: Արդեն 18 տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում:
«Ամուսինս՝ Նշանը, միշտ ասում է՝ մեր վերջը հայրենիքն է, մեր վերջը Հայաստանն է: Ինչ-որ մի օր հայրենիք վերադառնալը մեր պլանների մեջ կա, բայց թե երբ կլինի դա, դեռ չգիտեմ», — ասում է Լիլիթը։
- «Ապագա հայկականը»․ պետության փրկության նոր տեսլականը
- «Արտադրված է Հայաստանում» ապրանքների շանսը՝ հաստատվել տեղական շուկայում
- «Համեղ» հոբբի, որը հաջող բիզնես է դարձել: Տեսանյութ Հայաստանից
Ինչպես գաղափարը վերաճեց առցանց խանութի
Լիլիթի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանքի արժանացավ թե՛ հայաստանաբնակ, թե՛ արտերկրում բնակվող հայերի կողմից, ինչն էլ համանուն ֆեյսբուքյան խումբ բացելու առիթ հանդիսացավ: Պատերազմի ընթացքում հայրենիքի նկատմամբ կտրուկ ավելացած հոգատարությունն ու ինչ-որ կերպ սատարելու ցանկությունն ավելի քան 40.000 ֆեյսբուքյան օգտատիրոջ միավորեց Լիլիթի կողմից ստեղծված խմբում:
Այն հայ արտադրողներին իրենց արտադրանքի տեսականին ներկայացնելու, իսկ աշխարհի տարբեր անկյուններից գրանցված պոտենցիալ գնորդներին՝ ցանկալի ապրանքն արագ գտնելու ու հնարավորինս սեղմ ժամկետներում ունենալու հնարավորություն ընձեռեց:
«Պատերազմը ցնցեց հայ ժողովրդին, մենք զգացինք, որ այլևս դանակը ոսկորին է հասել: Երանի վաղուց սկսած լինեինք այս շարժումը: Հայը հային պետք է օգտակար լինի միշտ: Պատերազմի շրջանում այս միտքը մեծ ոգևորություն էր առաջացրել: Ուզում եմ պահենք այդ միաձեռք լինելը, այդ ոգևորությունը չթողնենք, որ մարի: Պիտի իրար օգնենք, որ առաջ գնանք ու լավագույնն անենք հայրենիքի համար», — ասում է Լիլիթը:
Ֆեյսբուքյան խմբում հայ արտադրողների թվի շարունակաբար ավելացումն ու հայկականի նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը համակարգելու, պատվիրված ապրանքները ժամանակին ու պատշաճ վիճակում պատվիրողներին հասցնելու հետ կապված հարցերը Լիլիթին ստիպել են մտածել ավելի ճկուն համակարգ ստեղծելու մասին:
Հիմնական խնդիրը, որին բախվել է Լիլիթը, «Հայփոստի» կողմից ապրանքների առաքման համար սահմանված բարձր միջնորդավճարների ներդրումն էր, ինչը տարբեր երկրներից պատվիրատուների շրջանում դժգոհություն էր առաջացրել:
«Այն փուլում, երբ մարդկանց մոտ հայկականը գնելու նկատմամբ մեծ ոգևորություն կար, «Հայփոստը» կտրուկ բարձրացրեց փոստային առաքման ծառայության սակագները, ինչն ամենամեծ հարվածն էր մեր գործին: Մի պահ մարդիկ սկսեցին իրենք պատվերները չեղարկել, չեղարկումների մեծ ծավալից հայ արտադրողները խուճապի էին մատնվել։ Շատ դժվար է մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ պետք է պատվիրված 20 դոլարանոց ապրանքի առաքման համար 50 դոլար վճարեն», — պատմում է Լիլիթը:
Հենց սա էլ դառնում է այն շրջադարձային կետը, երբ Լիլիթը վերջնական որոշում է կայացնում. ստեղծել հարթակ, որը թույլ կտա կառավարել պրոցեսն ամբողջությամբ՝ ապրանքի ներկայացումից ու պատվերից մինչև առաքում պատվիրատուին: Եվ 2020-ի դեկտեմբերից մեկնարկում են buyarmenian.com կայքի ստեղծման աշխատանքները:
Կայքն ունի տեսականու ներկայացման իր նախապայմանները. ապրանքը պետք է լինի որակյալ, ունենա գնանշում, ուտեստեղենի դեպքում՝ լինի օրգանիկ կամ սերտիֆիկացված:
«Որակը պահելը մեզ համար գերակա է, ուզում ենք լավագույնը ներկայացնենք, որպեսզի մարդիկ հայկականը գնելիս իմանան, որ գնում են վստահելի ապրանք, իրոք լավագույնը», — ասում է Լիլիթը:
Ովքեր և ինչպես են օգտվում կայքից
Կայքին միանալն ու ողջ ապրանքատեսականին ներկայացնելն անվճար է, վաճառքի դեպքում 3.5 և 1.5 տոկոսի չափով պահումներ են նախատեսված փոխանցումների ու կայքի պահպանման հետ կապված ծախսերը հոգալու համար:
Լիլիթի խոսքով՝ հայկական ապրանքատեսականիով հետաքրքրված են աշխարհի տարբեր ծայրերից: Առավել ակտիվ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Ավստրալիայի բնակիչները:
Ամենացանկալի ու պահանջված ապրանքների առաջին հորիզոնականներն էլ զբաղեցրել են հայկական չրերն ու քաղցրեղենը, հայկական խոտաբույսերով թեյերը, մեղրը։
Կայքում ներկայացվող տեսականին թարմացվում է ամեն օր, ինչը օգտվողներին հնարավորություն է ընձեռում մշտապես նոր ու թարմ տեսականուց ընտրել:
Արդեն իսկ կայքում ներկայացված է ավելի քան 700 հայ արտադրող շուրջ 5500 անուն ապրանքատեսականիով:
Անձնական պատմություններ
Լուսինե Ղազարյանը զբաղվում է Հայաստանում իր տեսակով եզակի՝ հնդկաձավարի թեփից պատրաստված բարձերի ստեղծմամբ ու վաճառքով։ Իր արտադրանքն այս հարթակում գրանցել է 2021-ի գարնանը: Ասում է՝ մինչ այդ օնլայն վաճառքներ իրականացրել է միայն Հայաստանի ներսում: Բարձերի նկատմամբ հետաքրքրությունն ու եկամուտը կտրուկ ավելացել են Buy Armenian-ում գրանցվելուց հետո:
«Սա լավ հնարավորութուն է բոլորիս և հատկապես նրանց համար, ովքեր արտասահմանի հետ կապվելու, որոշակի ծավալների արտահանում կատարելու կամ այլ դժվարություններ ունեն: Վստահ եմ՝ արտերկրում նոր շուկաներ նվաճելու հնարավորություն կունենանք», — ասում է Լուսինեն:
Նկարչուհի Սիրանուշ Ամիրաղյանը Նոյեմբերյանում գործող մի ընկերության համահիմնադիր է, որը փայտի և ապակու համադրությամբ իրեր է ստեղծում։ Հայաստանում այս արտադրանքի սպառողները սահմանափակ են։ Ընդլայնվելու ու ծավալներն ավելացնելու հնարավորություն կարող են ունենալ միայն վաճառքների ծավալների ավելացման հաշվին, ինչի հնարավորությունն էլ ստանում են կայքի միջոցով:
Երևանաբնակ նկարիչ-ոճաբան Անի Մուշեղյանը հայկական մոտիվներով պատկերազարդված շապիկների ստեղծմամբ ու վաճառքով է զբաղվում: Ասում է՝ պատերազմը խթան է հանդիսացել, որ նախաձեռնի «Արցախյան սրբավայրեր» պատկերազարդումների շարքը՝ շապիկների վրա։ Իսկ Buy Armenian-ը դարձել է դրսում բնակվող հայերին հայկականը, ազգայինն ու նաև կորսված պատմական արժեքների մասին պատմող իրերը ինչ-որ կերպ հասցնելու հնարավորություն:
«Ստեղծագործական իմ ողջ գործունեության ընթացքում գերակա նպատակս եղել է հայկականը տարածելն ու հանրահռչակելը: Մինչ այժմ շապիկների վրա պատկերում էի Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու սրբավայրերը, հիմա սկսել եմ Արցախի եկեղեցիների շարքը: Ու դրանց մեծ մասն այն տարածքներում են, որոնք մենք կորցրել ենք պատերազմի ընթացքում», — ասում է Անին:
«Արցախյան սրբավայրեր» շարքը մեկնարկել է Դադիվանք, Գանձասար, Ղազանչեցոց, Կանաչ ժամ եկեղեցու պատկերազարդումներով, որոնք հեղինակը համադրել է հին հայկական գորգագործության զարդանախշերի հետ: Անին մտադիր է շարունակել իր գործն ու իր արտադրանքի վրա պատկերել արցախյան բոլոր եկեղեցիները՝ դրանք շապիկների տեսքով հասցնելով աշխարհի բոլոր անկյունները:
Դրանք մեծ պահանջարկ ունեն սփյուռքահայերի շրջանում, որոնք, ինչպես Անին է ասում, «անընդհատ փնտրում ու փորձում են գտնել, ունենալ հայրենիքի մի մասնիկը պատկերող, հայրենի երկիրն ու հողը հիշեցնող պատկերազարդումներով իրեր»:
Սպասելիքների մասին
Ավելի քան 700 արտադրողների հետ աշխատանքները համակարգելու հարցում Լիլիթին օգնում է ամուսինը՝ Նշան Օդաբաշյանն ու մի փոքրիկ թիմ։ Օր օրի ընդլայնվող ապրանքատեսականին ու հայկականի նկատմամբ հետաքրքրության աճը Լիլիթին վստահություն են բերում, որ Buy Armenian-ը կարող է դառնալ լավագույն հարթակը՝ հայկական ցանկացած ապրանք փնտրողի համար․
«Այս ընթացքում դժվարություններ ու հիասթափության պահեր շատ են եղել, բայց ես հասկացել եմ, որ հուսահատությունն իր հետ նոր հիասթափություններ է բերում, իսկ երբ աշխատում ես, սկսում ես հավատալ, որ յուրաքանչյուր մթությունից հետո լույս կա: Ուրեմն, ես համառորեն գնալու եմ իմ բաժին լույսին ընդառաջ»: