Բժիշկ Հակոբը. «Պատերազմի դաշտում ժամանակ չես ունենում տարբերակելու՝ ում փրկես, ում՝ չէ»
Բժիշկները Ղարաբաղյան պատերազմում
Հակոբ Խաչատրյանը մեկն է բոլոր այն բժիշկներից, որոնք հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ժամանակ փրկել են, ոչ թե սպանել։ Նա մեկն է նրանցից, ով մասնագիտական իր կոչմանը համաձայն փրկել է, ում կարողացել է՝ անկախ ազգային պատկանելությունից։
Վիրաբույժ Հակոբ Խաչատրյանն իր պատմությամբ կիսվել է «Հետագծեր» նախագծի հետ։
Բժիշկ-վիրաբույժ Հակոբ Խաչատրյանը պատերազմի ժամանակ իր աշխատանքի տեղակայման վայրը փոխել է 6 անգամ, բայց առաքելությունն անփոփոխ է մնացել՝ փրկել է ու բուժել։
Փրկել է բոլորին՝ անկախ ազգությունից։
«Շատ ա եղել, որ ադրբեջանցու ենք առաջին օգնություն ցույց տվել,- պատմում է Հակոբն ու խոսում բժշկին հատուկ հանգստությամբ,- եղել ա իմացել ենք, որ ադրբեջանցի ա եղել, եղել ա՝ չենք իմացել։
Ես իմանալով ու գիտակցաբար գնացել եմ վիրահատության, գնացել եմ իմանալով, որ պատերազմի ժամանակ ադրբեջանցու եմ վիրահատում ու դա արել եմ միայն մի մտքով. որ հակառակ կողմում էլ կգտնվի մեկը, ով նույնը կանի հայի հետ ու գոնե ողջ ադրբեջանցուն, ողջ հայի հետ հնարավոր կլինի փոխանակել»։
Հակոբը պատերազմի ժամանակ մի քանի ադրբեջանցու է վիրահատել, առաջին օգնություն ցույց տվել։ Ասում է՝ երկար մտածելու ժամանակ չես ունեմ՝ անում ես այն, ինչ չես կարող չանել։
«Պատերազմի դաշտում ժամանակ չես ունենում տարբերակելու՝ ում փրկես, ում՝ չէ, ով ա հայ, ով՝ չէ, անկախ քեզանից քո մասնագիտական պարտքն ես կատարում, ենթագիտակցաբար վիրավորին օգնել-փրկել ես ուզում»։
Եղել է, որ վիրահատական սեղանին թե’ հայ է եղել, թե’ ադրբեջանցի, հային փրկել չեն կարողացել, իսկ ադրբեջանցին՝ ապրել է։
Այդ ենթագիտակցությամբ է Հակոբը աշխատել Ստեփանակերտում, հետո՝ Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում։ Ու հենց Ստեփանակերտում էր, որ ես առաջին անգամ հանդիպեցի Հակոբին։
Ու ինձ թվում էր, որ երկրորդ անգամ հանդիպելուց, ես հաստատ նրան կճանաչեմ։
Այդպես չեղավ. մեր երկրորդ հանդիպումը պատերազմի ավարտից մոտ մեկ տարի անց էր՝ Երեւանում։ Ես նրան չճանաչեցի։
Մորուքով, նիհար, անփույթ հագնված, կիսափակ աչքերով մեկի փոխարեն լրիվ այլ տեսքով տղամարդու տեսա ես. կազդուրված տեսքով, փայլող աչքերով, սափրված, կոկիտ, ձիգ։
«Դժվարություններից, որոնք եղել են, չեմ ուզում խոսել՝ սով, կենցաղային տարրական պայմանների բացակայություն, հիգիենայի իսպառ բացակայություն, անքուն գիշերներ», — ասում է Հակոբն ու ենթադրում, որ երեւի այդ պայմաններում ապրելն ու իր արտաքին փոփոխություններն են եղել պատճառ, որ իրեն չճանաչեցի։ Ու մենք բոլորս ենք սկսել սովորական լինել։
Մեր խոսակցությունն, ըստ էության, սկսում է Հակոբը, ես չեմ էլ հասցնում հարցեր տալ. զգացմունքներն են շատ։
«Հոսպիտալ հասանք, մտանք՝ դռներն արդեն բաց, չգիտեմ, տենց տեսարան ես իմ կյանքում չեմ կարող մոռանալ, կատաստորֆա էր, որովհետեւ էդ ժամանակ մենակ վիրավորները չէին էնտեղ, զոհերի մարմիններն էլ էին մեզ մոտ»։
Ջաբրայիլը (Ջրականը) միակ վայրն է եղել, որտեղ հենց հոսպիտալում է աշխատել Հակոբն ու իր կոլեգաները, տեղակայման մնացած վայրերում աշխատել են այնտեղ, որտեղ ծածկ են գտել ու քիչ թե շատ ապահով անկյուն։
Դժոխք ասելիս բժիշկ Խաչատրյանը Ջրականի հոսպիտալի հենց այդ տեսարանն է պատկերացնում, ասում է՝ թվում է, թե դժոխքը հենց այդ տեսքն ունի։ Իսկ այնտեղ դու մենակ ես լինում։
«Ոչ ոք չկա, միայն դու, քո ձեռքում նշտար (լանցետ) է, հույսդ կարող ես դնել միայն քո և Աստծո վրա: Եվ վերջ»:
Հակոբն ու իր գործընկերները գրիչ ու թուղթ չունեին, հեռախոսով գրառումներ անելու ժամանակ ու հնարավորություն՝ նույնպես։ Այդ պատճառով էլ հստակ չի հիշում՝ քանի օր են աշխատել վեց վայրերից յուրաքանչյուրում։
Հիշում է, որ ամենաերկար ժամանակն անցկացրել են Հադրութի շրջանի Տող գյուղում։ Դա երկրորդ կանգառն էր նահանջի ճանապարհին։
Դրանից հետո հերթը հասավ Կարմիր Շուկա կոչվող վայրին։ Ամենակարևորը, որ նա հասկացավ նահանջի ժամանակ, մեկ մարդու ուժն էր։
Ականատես է եղել, թե ինչպես մեկ մարդը կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, և ինչպես մեկ մարդու ներկայությունը կարող է շրջադարձային լինել նույնիսկ ամենադաժան պայմաններում։
«Աշխատում էինք փոքր թիմով։ Այդ ամբողջ ընթացքում պատերազմի բոլոր այն վայրերում, որտեղ մենք եղել ենք, մեզ մոտ 2500 վիրավոր են բերել, 2500 վիրահատություն ենք իրականացրել։ Եվ եթե նրանցից 500-ը եղել են իմ հիվանդները, նշանակում է՝ եթե ես չլինեի, ապա մահացածները 500-ով ավելի կլինեին, մահացածները կամ հաշմանդամություն ձեռք բերածները»։
Եթե 2500-ը բաժանենք պատերազմի 44 օրվա վրա, ապա կստացվի, որ բժիշկ Խաչատրյանն իր փոքրիկ թիմով օրական 57 մարդու կյանք է փրկել՝ անկախ նրանց ազգությունից։
Հակոբի խոսքով՝ իր արածի լավագույն գնահատականն ամեն օր ստացվող հեռախոսազանգերն են․ զինվորները հիշում են իրենց փրկողին։
Կարելի է ենթադրել, որ նրա շնորհիվ ապրող ադրբեջանցիները ևս սիրով են հիշում բժիշկ Հակոբին։