«Ամեն ինչ միայն փչացնում են»․ բժշկական սխալներն Ադրբեջանում
COVID-19-ի համավարակը ցույց տվեց Արդբեջանի առողջապահական համակարգի բոլոր թերությունները։ Բավական է նշել, որ վերջին մեկ ամսում մի քանի մարդ է մահացել միայն այն պատճառով, որ չի հոսպիտալացվել։
Սակայն Ադրբեջանի բնակիչները դժգոհ էին տեղի բժշկությունից նաև «անվարակ» ժամանակներում։ Բժշկական սխալներն ու պարզապես անփութությունն ադրբեջանցիներն արդեն ընկալում են որպես անխուսափելի մի բան․ երկրի առողջապահական համակարգից վատթարագույն սպասելիքների մասին խոսել են բոլորն, ում հետ մենք շփվել ենք այս նյութը պատրաստելիս։ Բանիմաց բժշկին անպետքից տարբերելը քաղաքացիներն իրենց խնդիրն են համարում և այդ հարցում ոչ մի այլ կառույցի վրա հույս չեն դնում։
Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի առողջապահական համակարգի հետ, և ինչպե՞ս կարող են քաղաքացիներն իրենց պաշտպանել։
«Ոչ ես, ոչ ընտանիքս այս երկրում պաշտպանված չենք»
Ֆիդանի մայրը քաղցկեղ ուներ։ Վիրահատել էին, ուռուցքը հեռացրել, սակայն ամեն ամիս պետք էր բուժզննում անցնել՝ կրկկնությունից խուսափելու համար։
«Մայրս գնում էր Քաղցկեղի կենտրոն, ստուգվում, նրան ասում էին, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ հետո նա հանկարծ սկսեց վատ զգալ հենց դասախոսության ժամանակ․ նա դասախոս էր։ Մասնավոր հիվանդանոց դիմեցինք, պարզվեց, որ քաղցկեղը ոչ միայն վերադարձել է, այլ հասցրել վնասել լյարդի 95%–ը։ Բայց չէ՞ որ այն չի զարգանում մեկ–երկու օրում։ Ուրեմն ամսեամիս մորս զննել են և ոչինչ չեն նկատել՝ ուռուցքին թույլ տալով աճել»։
Այնուհետև Քաղցկեղի կենտրոնում նրանց փորձել են «Հերցեպտին» դեղամիջոցը վաճառել լյարդի վերականգնման համար, որը պետք է անվճար տրամադրվեր։ Արդյունքում՝ դեղը ստիպված են եղել Թուրքիայում գնել։ Սակայն, ամեն դեպքում, արդեն ուշ էր․ ուռուցքը մետաստազներ էր տվել դեպի գլխուղեղ, և ոչինչ հնարավոր չէր անել։
Մոր մահը վերապրելով՝ Ֆիդանը որոշել է, որ էլ երբեք իր և հարազատների առողջությունը չի վստահի տեղի բժշկությանը։
«Այժմ ակտիվորեն աշխատանք եմ փնտրում Ադրբեջանից մեկնելու համար։ Եվ ամենից շատ ինձ դրդել է այն, ինչ տեղի ունեցավ մորս հետ։ Ես հասկացա, որ այս երկրում ոչ ես, ոչ ընտանիքս պաշտպանված չենք։ Հուսով եմ, որ համավարակը շուտով կավարտվի, սահմանները կբացվեն, որ կարողանամ ուրիշ երկիր տեղափոխվել»։
Հանցանքներ, որոնք «չեն եղել»
Ադրբեջանի Քրեական օրենսգրքում բժշկությանը վերաբերող մի քանի հոդված կա։ «Անփութություն» հոդվածով սահմանված պատիժը 5–7 տարվա ազատազրկում է նախատեսում, եթե անփությունը մահվան է բերել։
Սակայն, ըստ փաստաբան Սամիրա Աղաևայի, այդ հոդվածներով քրեական գործեր շատ հազվադեպ են հարուցվում։
«Ինձ երկու կին էին դիմել, որոնց հայրը հիվանդանոցում մահացել էր, որովհետև ժամանակին օգնություն չէին ցուցաբերել։ Սկզբից երկար ժամանակ շտապօգնությունը չէր եկել կանչին, իսկ հետո, երբ նրան, այնուամենայնիվ, հիվանդանոց էին տեղափոխել, երկար ժամանակ նրան ոչ ոք չէր մոտեցել։ Ստիպված են եղել ոստիկան կանչել, որ բժիշկը մոտենա։ Ընդ որում, բժիշկը սթափ չի եղել և չի կարողացել ոչինչ անել։ Արդյունքում՝ ստիպված են եղել բոլորովին այլ բժիշկ կանչել ուրիշ հիվանդանոցից, բայց արդեն ուշ է եղել, և մարդը մահացել է աղիքի պատռվածքից»։
Փաստաբանն ասում է, որ դատախազություն բողոք են ներկայացրել՝ տրամադրելով բոլոր ապացույցները, սակայն այն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ իբր հանցակազմ չգտնելով։
«Եվ այսպես տեղի է ունենում գրեթե միշտ։ Չեմ հիշում մի դեպք, որ բժիշկը քրեական պատասխանատվության ենթարկված լինի հիվանդին չօգնելու համար։ Նրան, առավելագույնը, կարող են ազատել աշխատանքից։ Քաղաքացիական հայցերի հետ կապված իրավիճակն ավելի լավ է։ Այսինքն՝ եթե հիվանդը բժշկից պահանջում է փոխհատուցել վնասն, ապա նա գործը շահելու շանս ունի»։
Իրավապաշտպան Էլդար Զեյնալովն ասում է, որ բժիշկներին, այնուամենայնիվ, երբեմն պատասխանատվության ենթարկում են, սակայն ընթացքին չեն հետևում լրագրողները, և հանրությունը նույնպես չի հետաքրքրվում, թե ինչով ամեն ինչ ավարտվեց։ Հասարակության կողմից ճնշման բացակայության պարագայում գործընթացը զրոյացվում է, և մեղավորի համար պատժից խուսափելն ավելի հեշտ է դառնում։
Այդպես տեղի ունեցավ, օրինակ, 2018 թ–ի դեկտեմբերին։ Մասնավոր բուժկենտրոնի վիրաբույժը, այն բանից հետո, երբ մահացել էր նրա վիրահատած հիվանդը, մեղադրվել էր 314 հոդվածով՝ անփութություն։ Գործը դատարան էր փոխանցվել, իսկ թե ինչով այդ ամենն ավարտվեց, ոչ ոք չհաղորդեց։
«Սակայն, եթե բժշկին չեն նստեցրել, դա չի նշանակում, որ նա խուսափել է պատժից։ Ազատազրկումը կարող է պայմանական լինել, լրացուցիչ պատիժ նույնպես կարող է կիրառվել, կարող են զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, օրենքի մեղմ կիրառումը մեղավորի համար անվճար չի լինում», — ասում է Զեյնալովը։
«Բաքվում ոչ ինձ, ոչ հարազատներիս դեռ ոչ մի անգամ ոչ մի բանից նորմալ չեն բուժել»
10 տարի առաջ Աիդան լոգարանում սայթաքել է, ընկել սալիկապատ հատակին, երկու տեղից կոտրել ձախ ձեռքը։ Մի քանի ժամ տևողությամբ վիրահատության ընթացքում կոտրված ոսկորները հավաքել են հատուկ պտուտակներով և թիթեղներով, սակայն ձեռքը գրեթե չէր ծալվում։ Բժիշկն ասել է, որ ֆիզիոթերապիայի գնա։
«Պրոցեդուրան այն էր, որ ֆիզիոթերապևտը ծալում և բացում էր ձեռքս՝ այդ կերպով մարզելով այն։ Ցավը դժոխային էր։ Այդ պատճառով էլ մի քանի անգամ գնացի, էլ դադարեցի, պարզապես չէի դիմանում։ Եվ անկեղծ խոստովանեցի բժշկիս։ Նա կրկին ռենտգենի ուղարկեց ինձ, պարզվեց, որ այդ ծալել–բացելու ընթացքում ֆիզիոթերապևտը ձեռքիս էլի ինչ–որ ոսկոր էր կոտրել։ Բժիշկը գլուխը տարուբերեց և ասաց, որ էլ ոչինչ չես փոխի․ թող այդ կոտրվածքը կպնի, խորհուրդ տվեց համակերպվել, որ ձեռքս չի ծալվելու»։
Դրա հետ Աիդան չի համակերպվել և սկսել է ինքնուրույն բուժվել։ Ժամանակի ընթացքում ձեռքը սկսել է նախկինի պես գործել, բայց գրեթե մշտական ցավ է մնացել, որն ուժեղանում է, երբ եղանակը փոխվում է։
«Այդ ցավին գրեթե հարմարվել էի։ Մինչև որ մի քանի տարի առաջ Վիեննա գործուղման մեկնեցի։ Այնտեղ ինձ վնասվածքաբանի մոտ տարան։ Նա անընդհատ զարմանում էր, թե ինչպես են հաջողացրել այդպես խեղել ձեռքս, ասաց, որ այժմ արդեն ուշ է կրկին վիրահատել, սակայն ցավը կարելի է հանել։ Նա ինչ–որ ներարկում արեց ինձ, և ցավն անցավ։ Ամբողջությամբ։ Եվ էլ չվերադարձավ գրեթե մեկ տարի։ Այդ օրվանից ևս երկու անգամ՝ տարին մեկ, Վիեննա էի այցելում և այնտեղ ներարկում անում։ Այս տարի փակ սահմանների պատաճռով չարողացա մեկնել, բայց հենց սահմնները բացվեն, միանգամից մեկնելու եմ»։
Տեսականորեն Աիդան կարող էր իմանալ դեղամիջոցի անվանումն ու այն ներարկել Բաքվում, սակայն նա վաղուց չի վստահում տեղի բժիշկներին անգամ այդպիսի հասարակ հարցերում։
«Ձեռքիս պատմությունը միակը չէ։ Մեջքս էլ է ցավում երկար տարիներ, և ոչ մի բժիշկ չի կարողանում ասել՝ ինչու։ Գինեկոլոգիական խնդիրներ ունեի, որոնք լուծելու համար ինձ մի անգամ խորհուրդ տվեցին «շատ քայլել»։ Մայրս ոտքերի հետ խնդիր ունի, որին ստիպված էի սկզբից Ստամբուլ տանել բուժվելու, այնուհետև՝ Վիեննա։ Մի խոսքով, Բաքվում ոչ ինձ, ոչ հարազատներիս ոչ մի անգամ նորմալ չեն բուժել։ Նույնիսկ ընդհակառակը․ ավելի են ամեն ինչ փչացրել իրենց սխալ ախտորոշումներով և բուժումներով»։
Աիդան վստահ է, որ ադրբեջանական բժշկությունը ողբալի վիճակում է, և դա մի շարք պատճառներ ունի՝ սկսած Ադրբեջանի բժշկական համալսարանում առկա կոռուպցիայից, որտեղ սովորում է երկրի բժիշկների մեծ մասը, ավարտած թույլ դատական համակարգով։
Ատրճանակով հիվանդը
Բժիշկներն ասում են, որ ադրբեջանցի բուժաշխատողների ոչ արհեստավարժության մասշտաբները ուռճացվում են, և հասարակությունը նրանց ավելորդ նախապաշարմունքով է վերաբերվում։
Մանկաբույժ Էմիլիա Ռագիմովան տասը տարի որպես տեղամասային բժիշկ է աշխատել, ևս երեսուն տարի՝ մանկական պոլիկլինիկայի բաժանմունքի ղեկավար։ Եվ, նրա խոսքով, բժշկական սխալները բավականին թանկ են նստում հենց բժիշկների վրա։
«Նախևառաջ, մենք չարագործներ չենք, որ դիտավորյալ մարդկանց կյանքը վտանգենք, հատկապես, երբ խոսքը երեխաների մասին է։ Երկրորդ հերթին, երբ ինչ–որ բան է տեղի ունենում, մեզ հանգիստ չեն տալիս թե նախարարությունը, թե ծնողները։ Իմ պրակտիկայում շատ է եղել, որ երեխայի զայրացած հայրը հիվանդանոց է եկել՝ սպանելու այն բժշկին, որն ինչ–որ բան այնպես չէր արել։ Մեկը նույնիսկ ատրճանակով էր եկել»։
Ըստ մանկաբույժի՝ իր ոլորտում կատարվող սխալները հիմնականում կապված են լինում ուշ ախտորոշման և պատվաստումների կողմնակի ազդեցությունների հետ։
Որպես «միտումնավոր» բժշկական սխալների միակ օրինակ Էմիլիա Ռագիմովան նշում է հակաբիոտիկների չարաշահումը․
«Դրանք դուրս են գրում՝ աշխատելու իմիտացիայի, ծնողներին հանգստացնելու կամ ջերմությունն իջեցնելու համար, որը պետք չէ իջեցնել․ այն ինքնուրույն կիջնի մի քանի օրից»։
Պետական հիվանդանոցներից մեկի վիրաբույժը, որը ցանկացավ անանուն խոսել մեզ հետ, նույնպես կոչ է անում բժիշկներին ըմբռնումով մոտենալ և չպիտակավորել բոլորին մեկի սխալի համար։
«Իհարկե, ոչ մի բժիշկ չի ուզում միտումնավոր վնասել հիվանդին, ինչպես նրանց երբեմն թվում է։ Սխալների պատճառն անփորձությունն է և անփութությունը, երբեմն՝ պատահականությունը, որի համար բժիշկը մեղավոր չէ։ Օրինակ՝ ես ինքս մի անգամ շտապեցի ախտորոշում դնել։ Ընդ որում, հիվանդն ընկերս էր։ Նա ընկել էր, ես զննեցի և ասացի, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ ավելի ուշ հասկացա, որ ճաք կա։ Նա ինձ մինչև հիմա երեսով է տալիս»։
Բժիշկը պնդում է, որ սխալի դեպքում բժիշկներին ավելի շատ են տանջում, քան նրանք արժանի են։
Պետական հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում բժիշկներին շատ քիչ են վճարում։ Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝ միջինում բժիշկների աշխատավարձերը կրկնակի քիչ են երկրում վճարվող միջին աշխատավարձից։ Եվ նրանք հիվանդների «շնորհակալության» հույսին են մնում։ Շատ հաճախ այդ «շնորհակալության» ակնկալիքը վերածվում է բացահայտ դրամաշորթության, օրինակ՝ այն դեպքում, երբ ազդրի բաց կոտրվածքով հիվանդը երկու օր ստիպված էր վիրահատության սպասել, մինչև ազգականները փող էին հավաքում բժիշկին վճարելու համար։
Ինչպե՞ս զոհ չդառնալ
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է ապահովագրվել բժշկական սխալներից, անփութությունից և նման բաներից, Սամիրա Աղաևան պատասխանում է, որ դա, ցավոք, հնարավոր չէ։ Սակայն, եթե խոսքը մասնավոր հիվանդանոցի մասին է, տեսականորեն կարելի է պայմանագիր կնքել, որում նշված կլինեն նման դեպքերը։ Սակայն Ադրբեջանում նման պրակտիկա չկա։
Ինչ–որ չափով ապահովագրվելու համար Ադրբեջանի քաղաքացիները բոլոր ջանքերը գործադրում են ոչ կոմպետենտ բժշկի մոտ չգնալու համար։
- Բժշկի չեն գնում առանց ծանոթների խորհրդի։
- Ձգտում են մասնավոր հիվանդանոցներ ընտրել, այլ ոչ թե պետական․ այնտեղ պայմաններն ու աշխատավարձերն ավելի լավն են, բացահայտ անփութության հանդիպելու շանսերն՝ ավելի քիչ։
- Բուժվելու են մեկնում այլ երկրներ։
Բժիշկները նույնպես համաձայն են, որ հնարավորության դեպքում պետք է մասնավոր կլինիկաներ գնալ, ոչ թե պետական։ Ըստ ատամնաբույժ Մուրադ Իբրահիմովի՝ խնդիրը ֆինանսավորումն է․ պետական հիվանդանոցների բժիշկները հաճախ հարկ եղած սարքավորումներ ու դեղամիջոցներ չեն ունենում, երբեմն նույնիսկ գործիքները բոլոր կանոններով վարակազերծելու հնարավորություն չկա։
Բժիշկը խորհուրդ է տալիս ուշադիր լինել մասնագետ ընտրելիս։
«Բացարձակ վստահ լինելու համար, որ բժիշկը լավն է, նրա հետ պետք է խոսել», — խորհուրդ է տալիս Մուրադ Իբրահիմովը նրանց, ովքեր ուզում են իրենց ապահովագրել սխալ բուժումից։
«Եթե նրա խոսքը ճիշտ է, գրագետ, նա բժշկական տերմիններ է գործածում, սակայն ամեն ինչ հասկանում եք, ուրեմն ընտրությունը ճիշտ է։ Եթե բժշկի հետ խոսելուց հետո ձեզ ավելի գիտակ եք զգում, ուրեմն նա հենց այն բժիշկն է, որը ձեզ պետք է»։
«ՄԵդիացանցի» աջակցությամբ