Բելառուս․ ցուցարարների խոշտանգման և ծեծի սարսափազդու վկայություններ, համընդհանուր գործադուլ է սկսվել
Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ Բելառուսում սկսել են նախագահական ընտրությունների կեղծման դեմ ցույցերի ձերբակալված մասնակիցներին ազատ արձակել։
Ազատ արձակվածները սարսափելի պատմություններ են պատմում կալանքի տակ եղած ժամանակ վերապրած ծաղրի և կտտանքների մասին։ Տեսանյութն ու պատմությունները՝ ստորև։
Բելառուսի խոշորագույն ձեռնարկությունները միանում են բողոքի համընդհանուր գործադուլին։ Տիխանովսկայան ու Լուկաշենկոն ժողովրդին են դիմել, թեև՝ տարբեր գնահատականներով և կոչերով։
Բելառուսում ցույցերը սկսվել են օգոստոսի 9–ին՝ նախագահական ընտրությունների օրը, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի։
• Սվետլանա Տիխանովսկայա․ Բելառուսի նախագահի ամենաանսովոր թեկնածուն
Օգոստոսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. Լուկաշենկոյի օգտին է քվեարկել քաղաքացիների 80,1%–ը, Տիխանովսկայայի օգտին՝ 10,1%–ը։ Ընտրությունների արդյունքների չճանաչելու վերաբերյալ բոլոր բողոքները մերժվել են։
Սակայն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փողոց են դուրս եկել, պնդում են, որ իրականում նախագահ է ընտրվել Սվետլանա Տիխանովսկայան, իսկ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Որոշ ժամանակ անց նա ստիպված էր լքել երկիրն ու Լիտվա տեղափոխվել, ենթադրաբար, իշխանությունները սպառնացել են նրա երեխաներին։
Մինսկում և մյուս քաղաքներում արդեն հինգ օր է՝ ուժայինները փողոցներում մարդկանց են ծեծում, կիրառում մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Ձերբակալվել է ավելի քան յոթ հազար մարդ։
«Մերկացնում էին, ամեն ինչ արնաշաղախ էր, հաց ու ջուր չէին տալիս, զուգարան չէին թողնում»
Ըստ ականատեսների՝ միլիցիան մարդկանց փողոցում և բակերում բռնում է՝ ուշադրություն չդարձնելով դիմացը դեռահաս է, կին, թե տարեց։
Ձերբակալվածներին տեղափոխող մեքենաներում և բանտերում նրանց ստիպել են միմյանց վրա պառկել։ Ծեծել են ռետինե մահակներով, ոտքով, էլեկտրաշոկերներ են կիրառել գլուխը բարձրացնելու և խոսելու փորձի համար։
Շատերը, հատկապես՝ կանայք, ասում են, որ իրենց բռնաբարությամբ են սպառնացել։
Մարդկանց օրերով ցրտի մեջ առանց հաց ու ջուր են պահել։ Զուգարան տանելու խնդրանքին պատասխանում են․
«Տակներդ արեք, միևնույն է, երկար չեք ապրելու»։
Znak.com ռուսական լրատվական կայքի լրագրող Նիկիտա Տելիժենկոն երեք օր Մինսկում կալանքի տակ է եղել և սարսափելի պատմություն հրապարակել այն մասին, թե ինչ է վերապրել։
Նա մարդկանց է նկարագրում, որոնք մի քանի շարքով միմյանց վրա պառկած են եղել քննչական մեկուսարանի հատակին, արյան և արտաթորանքի մեջ։
Նրանց թույլ չեն տվել ոչ միայն զուգարանից օգտվել, այլև դիրքը փոխել։
Տելիժենկոն ասում է, որ լուրջ վիրավոր մարդկանց է տեսել՝ կոտրված վերջույթնրով և ուժեղ արնահոսությամբ։ Նրանց ոչ միայն առանց բուժօգնության են թողել, այլև էլ ավելի ծեծել ցածր տնքոցի համար։
Տելիժենկոյի վկայությունները հաստատում են սոցիալական ցանցերում արված բազմաթիվ հրապարակումները՝ լուսանկարները, տեսանյութերը, պատմությունները։
Կալանավորվածների ծնողներն ու ազգականներն օրերով կանգնած են մնացել բանտերի և մեկուսարանների դռների մոտ, բայց չեն կարողացել ոչ մի տեղեկություն ստանալ։
Վրդովվելու փորձի ժամանակ բանտի մոտ հավաքվածներին նույնպես ծեծում էին։
Փողոցային ցույցերին են միացել բժիշկներ։
Նրանց վկայությունների համաձայն՝ այնպիսի վնասվածքներ, որոնք ստացել են բանտերից իրենց մոտ տեղափոխվածները, նրանք չէին տեսել՝ դուրս գցած հոդեր, վերջույթների բեկորային վնասվածքներ, կոտրված գլուխներ։
Պաշտոնաապես հաստատվել է ցույցերի երկու մասնակցի մահը։
Ըստ չհաստատված տվյալների՝ մահացել է 34 մարդ։
Ցույցերն ահագնանում են
Գործադուլը համընդհանուր է դարձել, չեն աշխատում խոշորագույն ձեռնարկությունները, մանր ընկերություններն ու հանրային տրանսպորտը։
Նախկին զինվորականներն ու ոստիկանները զանգվածաբար տեսանյութեր են նկարահանում են և տարածում՝ կոչ անելով բանակին և ոստիկանությանը ժողովրդի կողմն անցնել։
Հազարավոր կանայք համերաշխության շղթա են կազմում Բելառուսի բոլոր քաղաքներում։ Ցուցարարների պահանջներն անփոփոխ են․ Լուկաշենկոյին պաշտոնանկ անել, ճանաչել Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակն, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
Տիխանովսկայան ու Լուկաշենկոն երկուսն էլ դիմել են ժողովրդին
Սվետլանա Տիխանովսկայան քաղաքացիներին հասցեագրված ուղերձ է հրապարակել, որում կոչ է արել շարունակել ցույցը՝ հատուկ ընդգծելով, որ այն պետք է լինի խաղաղ և ոչ բռնի։
Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է լուրերն այն մասին, թե լքել է երկիը։ Նա ցուցադրաբար խորհրդակցություն է անցկացրել շինարարական ոլորտի պաշտոնյաների հետ և ասել, որ «աշխատանքային կոլեկտիվներին ոտքի կանգնեցնելու փորձեր են ձեռնարկվում», ինչը վատ է ազդում ձեռնարկությունների աշխատանքի վրա։
«Ուզում եք գործադուլ անեք՝ արեք, ուզում եք աշխատել՝ աշխատեք», — հայտարարել է Լուկաշենկոն և նշել, որ իր տեղեկություններով՝ գործադուլավորներին և աշխատավորների հավաքների մասնակիցներին «վճարում են»։