Ռուսական պրոպագանդիստական դեսանտը գրավել է Բելառուսը
Բելառուսում ցույցերի մեկնարկից հետո տեղական պետական պրոպագանդան լրջորեն փոխվել է։ Ավանդական անճոռնի «հակաֆեյքերին», ազգային դրոշների տակ ֆաշիստների և ՆԱՏՕ–ի ագրեսիայի մասին ոչ պոպուլյար փորձագետների մեկնաբանություններին փոխարինելու են եկել խորամանկ մանիպուլյատիվ տեսանյութեր։ Փոխվել է լուրերի տոնայնությունը, որոնք նկարագրում են ներքաղաքական իրավիճակը։
Ինդուստրիան մեծ թափ ունի։ Բանը ոչ միայն ռուս մասնագետներն են, որոնք փոխարինելու են եկել պետական մեդիայի՝ աշխատանքից ազատված և գործադուլ անող աշխատակիցներին։ Բելառուսը ներառվել է հսկայական պրոպագանդիստական ցանցի մեջ։
• Ինչպե՞ս պայքարել ֆեյքերի դեմ, կամ ինչի՞ համար է ֆակտչեքինգը
Ռուսաստանը եկավ, կարգուկանոն հաստատեց
Նախագահական ընտրություններից հետո, որոնք չի ճանաչել ընդդիմությունն ու միջազգային հանրությունը, Բելառուսի տեղեկատվական ինքնիշխանությանը շատ կարճ ժամանակահատվածում վերջ եկավ։ Բելառուսական պետական մեդիայի օրակարգը կլանվեց ռուսամետ մեդիադաշտի հռետորաբանությամբ։
Եթե ընտրություններից առաջ բելառուսական իշխանամետ մեդիան ակնարկում էր հնարավոր անկարգությունների՝ Ռուսաստանի հետ կապի մասին, պատմում էր ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորման ձերբակալված զինյալների մասին, ապա այժմ հեռուստատեսությամբ խոսում են, որ ցույցերը կազմակերպել է Արևմուտքը «գունավոր հեղափոխությունների» մեթոդաբանական գրքերով։
Իբր դրանք ցույցեր էլ չեն, այլ ապակայունացում, որը համակարգվում է Լեհաստանի, Լիտվայի, ԱՄՆ և Չեխիայի կողմից։ «Խաղաղ ցույցերն» այնքան էլ այդպիսին չեն։ Ցույցերին մասնակցող անձինք քիչ են, նրանց վճարել են։ Ցուցարարները սպառնում են պաշտոնյաներին և ուժայիններին, ինչպես նաև նրանց հարազատներին։
ՆԱՏՕ–ն սպառնալից մանևրում է արևմտյան սահմանին, ավելացնում զորքերն ու կարող է ռազմական սադրանքներ կազմակերպել, այդ թվում՝ կործանիչների կիրառմամբ։ Լեհաստանը գիշատիչի պես Բելառուսին է նայում և ուզում է գրավել Գրոդնոյի շրջանը։
Արևմուտքն ագրեսիվ ձևով միջամտում է Բելառուսի ներքին գործերին, փորձում փչացնել ռուս–բելառուսական հարաբերություններն ու զանգվածային հակառուսական տրամադրություններ առաջացնել։ Սակայն Բելառուսի անկախությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ խորը դաշնակցության պարագայում։ Նա Բելառուսին կպաշտպանի Արևմուտքի ագրեսիվ ազդեցությունից։
Տեղեկատվական դեսանտ
Այն բանից հետո, երբ բելառուսական պետական հեռուստատեսության շատ աշխատակիցներ գործադուլ հայտարարեցին որպես իշխանության կողմից բռնության և գրաքննության դեմ բողոքի նշան, նրանց փոխարինելու համար ռուսական հեռուստատեսությունից լրագրողների Բելառուս հրավիրեց անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն․
«Ես ռուսաստանցիներին խնդրեցի, որ մեզ ամեն դեպքում լրագրողների երկու–երեք խուբ տրամադրեն՝ վեց–ինը մարդ ամենաառաջատար հեռուստատեսությունից»։
«Ամենաառաջատարը», պարզվեց, Russia Today ալիքն էր։ Դրա ղեկավարը Մարգարիտա Սիմոնյան է։
Դրանից հետո Մինսկում փողոցային ակցիաներին սկսեց հայտնվել RT հեռուստաալիքի շարժական կայանն, իսկ այդ հեռուստաալիքի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոյի համար շատ տեղեր հասանելի դարձան․ ահա նա հարցեր է ուղղում Լուկաշենկոյին, իսկ հիմա մեքենայի մեջ տեղաշարժվում է ՆԳՆ ղեկավար Կարաևի հետ։
Ճիշտ է, պրոպագանդայի արտասահմանցի մասնագետները սկզբնական փուլում փոքր անճշտություններ էին թույլ տալիս։ Օրինակ՝ երկիրը Բելառուսիա էին անվանում Բելառուսի փոխարեն։
Այժմ ոչ միայն հեռուստատեսություններն, այլև պետական լրատվամիջոցների պաշտոնական Telegram-ալիքները թարմ լուրեր են ստանում RT–ից, որտեղ «խոսող գլուխները» պատմում են, որ «ցույցը մարում է», դրան մասնակցում են «դպրոցականներ, որոնք հոգնել են իշխանությունից, խեղկատակներ և անբան թափթփուկներ»։ Իսկ փողոցներից սյուժեներ են ստացվում ՕՄՕՆ–ի կողմից ցուցարարների «մեղմ ձերբակալման» մասին։
Բելառուս փորձագետների տեղը հեռուստաալիքների եթերում զբաղեցրել են ռուսները։
Ռուսական հեռուստաալիքի աշխատակիցները Բելառուսի և ուժայինների կողմից քարտ–բլանշ ունեն։ Օրինակ՝ օգոստոսի 27–ին Ազատության հրապարակում լրագրողների զանգվածային ձերբակալության ժամանակ RT–ի աշխատակիցներին ուժայինները ձեռք չտվին։ Նրանց հավատարմագրման քարտերը միլիցիայի համար բավական էին։
Դրանից հետո ռուսական ալիքի աշխատակիցները հանգիստ պատմում էին Ազատության հրապարակում 200 ցուցարարների մասին։ Եվ հարմար պատկեր էին սարքում, որը դժվար է հերքել, քանի որ այնտեղ ուրիշ լրագրողներ էլ չէին մնացել։
RT–ի տեսախցիկների առջև բելառուսական ՕՄՕՆ–ը խուսափում է բռնի ուժի կիրառմամբ ձերբակալություններից՝ սահմանափակվելով ձերբակալվածներին դեպի մեքենա սիրալիր ուղեկցությամբ։ Այնուհետև սյուժեներ են պատրաստվում, թե ինչպես են ցուցարարներին ցրում «առանց ուժի կիրառման»։
Նման ֆեյքերը Բելառուսում RT–ի տիպիկ ոճն են։
Ցուցարարների ակտիվության համահարթեցում
Երրորդ շաբաթն է, ինչ ողջ Բելառուսի տարածքում ցույցեր են անցկացվում՝ ի աջակցություն Լուկաշենկոյի, «Մեր սիրելիին չենք տա» և «Հանուն Բատկայի» կարգախոսներով։ Դրանից առաջ Լուկաշենկոյին Բատկա էին անվանում բացառապես Ռուսաստանում։ Իսկ ցույցերը համացանցում «լուտինգ» են անվանում «պուտինգի» նմանությամբ, որը պետական աշխատողների ցույցն էր՝ ի աջակցություն Վլադիմիր Պուտինի։
Այս անվանումն ինքնին խոսում է «ռուսական հետքի» մասին։ Լուկաշենկոյի հասցեին բելառուսների շուրթերից «Բատկա» անվանումը դադարել է հնչել արդեն մոտ քսան տարի։ Փոխարենն այլ երկրներում՝ նախևառաջ Ռուսաստանում, նրան շարունակում են այդպես անվանել։
Պրոպագանդիստական սյուժեների հիմնական գաղափարն այժմ ոչ թե Լուկաշենկոյի հաղթանակի հաստատումն է, այլ բելառուսներին համոզելու փորձը, թե ցույցն ուժասպառ է եղել, նվազել և շնչահեղձ եղել։ Այս մոտեցման նպատակը պարզ է․ դեմոտիվացնել մարդկանց։ Որպեսզի դիմադրությունը դադարի, որպեսզի Լուկաշենկոյի հակառակորդները կրկին պառակտվեն և մոռանան համերաշխության մասին։
Նման պրոպագանդայի խնդիրն այն է, որ մարդիկ դադարեն դիմադրել, վախենան և սկսեն կասկածել իրենց վրա, հավատան, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, անգամ փորձել չարժե։